ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ստեփանակերտում կբացվի՞ ՌԴ հյուպատոսություն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արդեն տեւական ժամանակ է խոսվում է Արցախի տարածքում` Ստեփանակերտում ՌԴ հյուպատոսություն բացելու մասին` ռուսաստանյան տարբեր պաշտոնյաներ խոսում են դրա անհրաժեշտության մասին: Եւ անգամ ադրբեջանական որոշ շրջանակներ ընդվզել են դրա դեմ, թե` նման հյուպատոսության կարիք չկա, որովհետեւ այստեղ հայկական բնակչություն չկա եւ այս քայլի տակ, գուցե, Ռուսաստանը հայկական շահն է որոշել առաջ մղել: Գրում է Հրապարակը։

Դեռեւս մայիսին այդ մասին խոսել էր Ռուսաստանի Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը` Մոսկվայում ադրբեջանցի խորհրդարանականների հետ հանդիպման ժամանակ: Ռուսաստանցի խորհրդարանականն ասել էր, որ նպատակահարմար է, որ Ստեփանակերտում բացվի ՌԴ հյուպատոսություն, եւ ցանկալի է, որ դա տեղի ունենա արդեն այս տարի, որպեսզի «հյուպատոսական ներկայացուցչության դիսբալանսը վերականգնվի»: Հավանաբար, Կարասինն ի նկատի է ունեցել, որ եթե Թուրքիան հյուպատոսություն է բացում Շուշիում, ապա ՌԴ-ն էլ պետք է բացի Ստեփանակերտում: Բացի այդ, ՌԴ պաշտոնյաների կողմից հաճախ է նշվում, որ Ադրբեջանը ՌԴ-ում ավելի շատ հյուպատոսություններ ունի, քան ՌԴ-ն` Ադրբեջանում: Ադրբեջանական մամուլն այս դիտարկումներին պատասխանում է, որ ՌԴ-ում շատ ադրբեջանցիներ են ապրում, դրա համար էլ կա հյուպատոսությունների պահանջարկ, իսկ Ադրբեջանում նման քանակի ռուսական բնակչություն չկա, մանավանդ` Ղարաբաղում ռուսներ չկան: Սակայն, սրան կարելի է պատասխանել նրանով, որ Արցախի տարածքում թուրքեր էլ չեն ապրում, ինչի՞ համար է այստեղ թուրքական հյուպատոսություն բացվում:

Թե որն է, հյուպատոսություն բացելու ռուսական կողմի նպատակը, դժվար է ասել: Կամ Ռուսաստանը Ստեփանակերտում, ԼՂ մյուս քաղաքներում, ավաններում եւ գյուղերում ՌԴ քաղաքացիներ բնակեցնելու ծրագիր է մշակում, կամ մտադիր է բռնագաղթած արցախցիների համար վերադարձի երաշխիքներ ապահովել եւ նման ծրագիր ունի: Այնուամենայինիվ, թեմայի հրապարակայնացումները հուշում են, որ խնդիրը քննարկվում է արտաքին գործերի նախարարությունների մակարդակով: 
Օրերս ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին ՏԱՍՍ-ին տված իր հարցազրույցից հետո հանդես էր եկել հայտարարությամբ, թե` լրատվամիջոցը խեղաթյուրել է իր խոսքը` Ադրբեջանում ՌԴ հյուպատոսություն բացելու ենթատեսքում. «Ես չեմ ասել, թե ՌԴ հյուպատոսություն կբացվի «Խանքենդիում», ես ասել եմ, որ հարցը քննարկումների փուլում է»: 

Կիրակի օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով մեկնել է Բաքու` քննարկելու տարբեր տնտեսական եւ տարածաշրջանային հարցեր: Դեռեւս պարզ չէ` քննարկվե՞լ է Արցախում ՌԴ հյուպատոսություն բացելու հարցը, թե ոչ: Ալիեւը կկատարի՞ Ստեփանակերտում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը մինչեւ այս տարեվերջ բացելու մոսկովյան պահանջը: Մոսկվան ի՞նչ զարգացումներ է կանխատեսում, որ շտապում է մինչեւ տարեվերջ Լեռնային Ղարաբաղում դիվանագիտական ներկայացուցչություն ունենալ: Այդ ամենի մասին դեռեւս լռում են թե՛ ռուսական, թե՛ ադրբեջանական պաշտոնական աղբյուրներն ու լրատվամիջոցները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular