Սենատոր Ցեկով. Հայաստանում կան մարդիկ, ովքեր իրենց սխալները գցում են Ռուսաստանի վրա
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԴաշնային խորհրդի միջազգային կոմիտեի անդամ Սերգեյ Ցեկովը NEWS.ru-ի հետ զրույցում դատապարտել է Հայաստանում պատմության հակառուսական դասագրքերի հայտնվելը։ Սենատորն ընդգծել է, որ այնտեղ կան մարդիկ, ովքեր փորձում են իրենց սխալները գցել Ռուսաստանի վրա։ Միևնույն ժամանակ, նրա խոսքով, տեղի շատ բնակիչներ կցանկանային, որ երկու պետությունների միջև լավ հարաբերություններ պահպանվեն։
«Բոլոր ժամանակներում նպատակը Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ պահպանելն է եղել, և դրա շնորհիվ Հայաստանը դարձավ պետություն։ Մեր շնորհիվ Հայաստանը դարձավ պետություն, բայց կան չարացած մարդիկ, ովքեր իրենց սխալները գցում են Ռուսաստանի ուսերին»,- բացատրել է Ցեկովը։
Սենատորը նշել է, որ Հայաստանի ղեկավարությունն արևմտյան քարոզչության ազդեցության տակ է։ Եվ դա զարմանալի է, քանի որ, նրա կարծիքով, նման պաշտոններ զբաղեցնող մարդիկ պետք է ամեն ինչ լավ հաշվարկեն։ Ցեկովը միամիտ է անվանել Հայաստանի հույսն ամերիկացիների վրա, և նաև ուշադրության է հրավիրել այն փաստի վրա, որ «հայ երիտասարդության գլուխները» փորձում են շրջվել Ռուսաստանից այլ ուղղությամբ։
«Երկրի նոր ղեկավարներն ու այդ դասագրքերի հեղինակները բոլորն անցնող-գնացող մարդիկ են։ Ամեն ինչ կվերադառնա նորմային, չնայած Հայաստանը շարունակում է վատթարացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Հիմա նրանք կարող են ուշադրություն դարձնել Վրաստանի վրա և հասկանալ, որ Ռուսաստանն այն երկիրն է, որը կարող է աջակցել, որի հետ կարելի է նորմալ տնտեսական հարաբերություններ կառուցել չպարտադրելով արևմտյան գաղափարախոսությունը»,- եզրափակել է սենատորը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը