ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արևմտամետները որոշել են սկսել ստորագրահավաքը՝ առանց Փաշինյանի «դաբռո»-ի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Ժողովրդավարական ուժերի հարթակը», որի կազմում մի քանի արևմտամետ կուսակցություններ են և քաղհասարակության կազմակերպություններ, որոշել են ամեն գնով իրականացնել ԵՄ անդամակցության համար նախաձեռնած ստորագրահավաքը, թեև իրենք էլ են խոստովանում, որ գործող իշխանությունների կողմից դիմադրություն գոյություն ունի։ Երեկ «Հանրապետություն» և «Հանուն հանրապետության» կուսակցությունների ղեկավարները, փաստաբան Լուսինե Հակոբյանն այցելել են Գյումրի, ասուլիս տվել, հայտարարել, թե ստորագրահավաքը սկսվելու է սեպտեմբերից։ Որպեսզի հարցը մտնի Ազգային ժողով, անհրաժեշտ է առնվազն 50 հազար ստորագրություն։

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը խոստովանել է՝ իշխանությունները խանդավառված չեն ստորագրահավաքի փաստով։ «Մեզ խոսակցություններ էին հասնում, որ իշխանությանը բացարձակ ձեռնտու չի, որ մենք 50 հազար ստորագրություն հավաքենք ու իրենք էլ մերժեն, դրա համար պետք է այնպես անել, որ ընդհանրապես օրենքը հենց Կենտրոնական ընտրական հանձնաժողովից մերժվի, և իրենք էդ բարդության առաջ չկանգնեն: Դրա համար մենք մաքսիմալ անխոցելի ենք արել, ու դա մերժելու հնարավորություն չկա, ես կարծում եմ», - ասել է Արամ Սարգսյանը:

Արևմտամետները նախագիծը չեն բացահայտում, կարծում են՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժման համար հիմքեր է պատրաստում։ Բայց նաև մտածում են, եթե 50 հազար ստորագրությունից հետո մերժեն իրենց, պատրաստ են 300 հազարը հավաքել։

Նախկինում փաստել էինք, որ «Քաղպայմանագիրը» չի ցանկանում ԵՄ անդամակցության հարցը թողնել իր իսկ հաստիքային արևմտամետներին, քանի որ այդ քարոզչական հնարքն իրենք են ուզում շահագործել, այլ ոչ դիվիդենտները նվիրել այլոց՝ թեկուզ անվանական դաշնակից ուժերի։

ՔՊ-ի նախաձեռնությամբ Լևոն Շիրինյանի կուսակցությունը թռավ ստորագրահավաքի նախաձեռնողների ցանկից, իշխանությունը փորձել է կտրել «հարթակի» ֆինանսավորումը, նաև հակասություններ մտցնել, բայց, մեծ հավանականությամբ, «ժողովրդավարական ուժերի հարթակը» կգնա այդ քայլին։ Կհաջողի՞, թե՞ ոչ, այլ հարց է։ 

Անահիտ Վարոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular