ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ես շարունակում եմ պաշտոնավարել․ Առուշ Առուշանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Առուշ Առուշանյանը շարունակում է պաշտոնավարել որպես Գորիս համայնքի ղեկավար։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց քաղաքապետը։ Օրեր առաջ ուժի մեջ է մտել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2022թ․-ի որոշումը։ Արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Նորայր Շողիկյանն ասաց, որ ՀՀ ԱՆ Պրոբացիայի ծառայությունը Առուշանյանին հրավիրել է գրասենյակ, վերցրել հաշվառման, ներկայացրել 3 դատական ակտ։ «Մեկով Առուշանյանը տուգանվել է 700 հազար ՀՀ դրամով, մյուսով պետք է անցնի մեկ տարի եւ վեց ամիս փորձաշրջան, երրորդով՝ հինգ տարի չի կարող զբաղեցնել պետական պաշտոններ»,-ասաց Շողիկյանը։

Գորիսի ավագանին երկուշաբթի օրը նիստ է արել, քննարկել Պրոբացիայի ծառայության գրությունը, արձանագրել է, որ դատական ակտով նշանակված այս կոնկրետ պատժատեսակը որպես հիմք նախատեսված չէ ՏԻՄ օրենքով ընտրված քաղաքապետին պաշտոնանկ անելու համար։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց Առուշ Առուշանյանի փաստաբան Դավիթ Կարապետյանը։ 

«Առուշ Առուշանյանը շարունակում է պաշտոնավարել, ավագանին արձանագրել է դատարանի վճռով նշանակված կոնկրետ պատժատեսակով պաշտոնի դադարեցման անհնարինությունը»,-ընդգծեց նա։

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը դեռեւս  2022 թվականի մարտի վերջին կայացրել է դատավճիռ, որով ի թիվս մի քանի այլ պատժատեսակի նաեւ ՏԻՄ մարմիններում Առուշ Առուշանյանին 5 տարի ժամկետով պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելն էր։ Առուշանյանը նաեւ արդարացվել էր մի շարք հոդվածներով։

Փաստաբանի խոսքով՝ այդ պատժատեսակը նշանակվել էր նախկին քրեական օրենսգրքի 308 հոդվածի առաջին մասով։ «Այդ դատական ակտը մենք բողոքարկել էինք վերաքննիչ դատարան՝ ամբողջությամբ արդարացնելու պահանջով, իսկ դատախազությունը բողոքարկել էր՝ արդարացված հոդվածները բեկանելու եւ մեղադրական դատական ակտ կայացնելու պահանջով։

Վերաքննիչ դատարանը մերժել էր երկու բողոքներն էլ, հետո երկու կողմն էլ դիմել են վճռաբեկ դատարան նույն պահանջով, երկուսի բողոքն էլ վարույթ չի ընդունվել։ Ուստի 2022թ․ մարտի 28-ի դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ։ Քանի որ պատժատեսակներից մեկը՝ ՏԻՄ մարմիններում 5 տարի ժամկետով պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելուն է վերաբերում, պրոբացիայի ծառայությունը կատարողական գործողություններ է սկսել, դիմել է ավագանուն, որպեսզի դատական ակտը կատարեն եւ Առուշ Առուշանյանի պաշտոնավարումը դադարեցնեն։ Ավագանին որոշումը չի կայացրել, որովհետեւ ՏԻՄ մարմինների մասին օրենքը ընտրովի համայնքի ղեկավարին պաշտոնազրկելու սպառիչ հիմքեր է նախատեսում։ Ավագանին երկուշաբթի օրը կայացրած նիստում, քննարկելով պրոբացիայի ծառայության գրությունը, արձանագրել է, որ դատական ակտով նշանակված այս կոնկրետ պատժատեսակը որպես հիմք նախատեսված չէ ՏԻՄ օրենքով ընտրված քաղաքապետին պաշտոնանկ անելու համար»,-մանրամասնեց պաշտպանը։

Նա նաեւ նշեց, որ Առուշ Առուշանյանը վիճարկել է պրոբացիայի ծառայության գործողությունները՝ բողոք է ներկայացվել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, այն փաստարկով, որ պրոբացիայի ծառայությունը նման հարցով իրավասու չէ դիմել համայնքի ավագանուն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular