ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինը պետք է փորձի Ադրբեջանին հետ պահել Իրանի և Հայաստանի դեմ որևէ կամպանիայից․ Սուրենյանց

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պուտինի այցելությունը Ադրբեջան զարմանալի չի․ դեռևս 2010-ական թվականներից Ռուսաստանը հայտարարել է, որ տարածաշրջանում այլևս երկու դաշնակից ունի՝ Ադրբեջանի և Հայաստանի դեմքով, և հետևաբար, իր դաշնակիցներից մեկի մայրաքաղաք էր այցելել Պուտինը», անդրադառնալով Պուտինի այցին Բաքու, ասում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցը։ 

«Մեզ ավելի շատ պետք է մտահոգի այն հարցը, թե ինչի ենք մենք հայ ռուսական հարաբերություններում այնպիսի հանգրվանի հասել, որ նմանատիպ այցեր Հայաստան տեղի չեն ունենում։ Դա ավելի շատ մեզ պիտի մտահոգի։ Երեկ ֆեյսբուքում աղմուկ և պատերազմ հայտարարող մարդիկ կարծես թե մոռացել են, որ հենց իրենք հրճվում էին, որ ընդունել ենք Հռոմի ստատուտը և Պուտինի՝ Հայաստան գալու դեպքում նրան Հայաստանում սպասվում է ձերբակալություն։ Մենք ենք այդ վակուումը ստեղծել, ինչից Ադրբեջանը շատ արդյունավետ կերպով օգտվում է։ Այստեղ մենք մեզ մեղադրելու, մեր իշխանության ապիկարությունը բացահայտելու և վերացնելու խնդիր ունենք, ոչ թե այդ այցի նկատմամբ խանդի կամ այլ տեսարաններ սարքելու»,-ասաց Սուրենյանցը։ 

Քաղաքագետի կարծիքով, շատ ավելի գլոբալ համատեքստով ու օրակարգով է Պուտինը մեկնել Բաքու և հայ-ադրբեջանական հարաբերություններն ամենևին դրանցում առաջնային չէին, չնայած այդ խնդրին էլ է անդրադարձ եղել։ Այսօր Ռուսաստանին և Ադրբեջանին կապում է հարցերի շատ լայն օրակարգ՝ «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքը, որը կենսական նշանակություն ունի Ռուսաստանի համար և ոչ պակաս նշանակություն Ադրբեջանի համար, որովհետև տրանսպորտային հաբի կարգավիճակ են ձեռք բերում։ Կարևոր է նաև, որ Իրանի հետ էլ ընդհանուր օրակարգի խնդիր կա։ «Չբացառենք նաև, որ Պուտինը երկու այլ մեսիջ էլ էր Բաքու տարել իր հետ։ Այս պահին կենսականորեն Ռուսաստանը շահագրգիռ է, որ կայունություն լինի մեր տարածաշրջանում, հետևաբար նա պիտի փորձի Ադրբեջանին հետ պահել Իրանի դեմ հնարավոր կամպանիայից, նաև Հայաստանի դեմ հնարավոր ագրեսիայի գայթակղությունից, որովհետև երկու դեպքում էլ Հարավային Կովկասը կհայտնվի տուրբուլենտության մեջ, ինչը ռուսական շահերից այս պահին չի բխում»,-շեշտեց վերջինս։ 

Բնականաբար Պուտինը մեր շահերից չի բխեցնում իր քայլերը․ կայսրությունների ղեկավարները հետապնդում են միայն իրենց շահերը, կլինի դա Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, թե այլ կայսրություն։ Բավական է մենք «նստենք մեր թախտին» և խորհուրդներ տանք կայսրությունների ղեկավարներին, շեշտում է Սուրենյանցը և հավելում, որ նրանց շահերը վաղուց ձևակերպված են։ «Մենք տեսանք, որ հնչեցին հայտարարություններ նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ, ինչն ինքնին կանխատեսելի էր։ Ռուսաստանը բավականին բաց, թափանցիկ ակնարկեց, որ չնայած իր մոտ առկա բաց, անվտանգային խնդիրներին, չի պատրաստվում հետ քաշվել Հարավային Կովկասից։ Պուտինի հայտարարություններն այդ մասին էին և խելամիտ էլ չէր լինի մտածել, որ նա նույնիսկ ուկրաինական պատերազմի բարդությունները հաշվի առնելով մտադիր է հետ քաշվել Հարավային Կովկասից կամ իր կարմիր գծերը Հարավային Կովկասում անտեսել»,- ասաց Սուրենյանցը։

Ինչ վերաբերում է Պուտինի՝ Փաշինյանին Ալիևի հետ ունեցած պայմանավորվածությունների մասին տեղյակ պահելու հայտարարությանը, ապա եթե նման պայմանավորվածություն կա Պուտինի ու Ալիևի մեջ, ենթադրենք միջնորդական ինչ-որ առաքելության վերաբերյալ, բնականաբար պոտենցիալ միջնորդը՝ տվյալ դեպքում Ռուսաստանը, պիտի զանգ կատարի Երևան՝ հաստատելու պայմանավորվածությունները։ Պետք է միամիտ լինել կամ անուղղելի լավատես` մտածելու համար, որ այս պահին ռուսական միջնորդությունը կայանալու շատ մեծ հեռանկար ունի, որովհետև Ադրբեջանն անցած տարվա դեկտեմբերից հասել է իր կարևոր խնդիրներից մեկին՝ այնպես է արել, որ բանակցություններն ընթանան առանց միջնորդների և Բաքվի շահերից չի բխում բանակցությունները արևմտյան կամ ռուսական հարթակ տեղափոխելը։ 

«Ուժային այս դիսբալանսի պայմաններում, ուղղակի բանակցությունների հարթակում նա Հայաստանից կորզում է բառացիորեն այն, ինչ ուզում է։ Մենք տեսնում ենք բոլոր խնդիրները, խաղաղության պայմանագիրը բեռնաթափելու ճանապարհով, դուրս է դրել այդ պայմանագրից և բոլոր խնդիրների ուղղությամբ հետևողականորեն ստանում է, այն ինչ տեսանք։ Շուտով անկլավների պատմությունը օրակարգ կգա՝ դա կտեսնենք, բայց նույնիսկ այդ պարագայում չի շտապում խաղաղության պայմանագիր ստորագրել։ Խաղաղության պայմանագիր չի ստորագրվի, եթե նրանք Սահմանադրության հարցն են բերել օրակարգ, ընդ որում շատ լավ գիտակցելով, որ եթե նույնիսկ Նիկոլ Փաշինյանը շատ ուզենա՝ դա շատ արագ ընդունվել չի կարող կամ առհասարակ ընդունվել չի կարող, որովհետև, այնուամենայնիվ մեր հասարակությունը շատ կանխատեսելիորեն է արձագանքելու Ադրբեջանի պահանջով ինչ-որ բան փոխելուն»,- շեշտում է քաղաքագետը։ 

Հարց է առաջացնում Ադրբեջանի՝ Ռուսաստանի միջնորդությանը դրական արձագանքելը, որովհետև Փաշինյանն այնքան կանխատեսելի է, որ Ալիևի համար դժվար չի կանխատեսել, որ նա ռուսական միջնորդությանը «ոչ» է ասելու, հետևաբար` ինչո՞ւ Ռուսաստանին «ոչ» ասողի անպատվաբեր ու հետևանքներ հարուցող պարտականությունը Ադրբեջանը վերցնի իր վրա, եթե այդ դերը Ալիևի փոխարեն պարտաճանաչորեն կկատարի Փաշինյանը։ Քաղաքագետը համոզված է, եթե ավելի խելամիտ ղեկավար ունենար Հայաստանը, ապա կփորձեր կապվել Ռուսաստանի հետ և ճշտել, թե ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Բաքվում և դրանից ինչպես կարող է օգտվել Հայաստանը։ «Սակայն կասկած չկա, որ փորձեր չեն արվել, իսկ զանգի դեպքում էլ կանխատեսելի է Փաշինյանի արձագանքը»,-ասաց Սուրենյանցը։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular