Իշխանությունները գործի են դրել «տնտեսական տեռորի» կացինը. «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Հայաստանի տնտեսական աճի նվազման միտումը շարունակվում է։ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները վկայում են, որ 2024 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի ՀՆԱ-ն գերազանցել է 4,2 տրլն դրամը կամ 10,6 մլրդ դոլարը՝ այս անգամ տարեկան աճի ավելի նկատելի դանդաղմամբ՝ մինչև 7,3%։ Մինչդեռ անցյալ տարի նույն ժամանակահատվածում արձանագրվել էր երկնիշ աճի ընդամենը աննկատ արգելակում՝ 18 %-ից մինչև 16 %։ Արդեն ամիսներ շարունակ մասնագետները զգուշացնում էին, որ ՀՀ տնտեսության՝ չափից ավելի մեծ կախվածությունը արտաքին գործոններից որոշակի պահից սկսած մեծ ռիսկեր է ստեղծելու տնտեսական աճի համար։
Խնդիրն այն է, որ անցյալ տարի տնտեսության մեջ մեծ տեղ էին գրավում վերաարտահանումները՝ հիմնականում սարքավորումների և ավտոմեքենաների։ Իսկ այս տարի արդեն զարկ տրվեց թանկարժեք քարերի ու ոսկերչական ապրանքների վերաարտահանմանը, որը երկար տևել չի կարող։ Արդյունքում Հայաստանի տնտեսության կառուցվածքը փոխվել է, և վերաարտահանումից առավել մեծ կախվածությունը պայմաններ է ստեղծել ազատ անկման համար։ Բայց մասնագետների ձայնն այդպես էլ լսելի չէ. իշխանություններին դեռևս թվում է, թե արտաքին բարենպաստ պայմանները հարատև են լինելու։
Բնական է, որ տնտեսական աճի նվազումն իր հերթին հանգեցնում է նաև պետբյուջե մուտքագրվող գումարների նվազման։ Ու սա այն պարագայում, երբ իշխանությունները շարունակաբար ընդլայնում են պետական ծախսերի մասնաբաժինը, ու իրենք ևս օգտվում դրա ընձեռած հնարավորություններից՝ պետության հաշվին շռայլ ծախսեր կատարելով։ Եվ հիմա արդեն ծախսերի կատարման հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում։ 2024 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի պետական բյուջե են մուտքագրվել մոտ 1 տրլն 188 մլրդ դրամի հարկեր և տուրքեր։ Բայց կառավարությունը պլանավորել էր այս ժամանակահատվածում հավաքագրել 1 տրլն 305 մլրդ դրամ։ Ստացվում է, որ 117 մլրդ դրամով պակաս հարկ է հավաքագրվել։ Ու այս խնդիրը լուծելու համար կառավարությունը կարող էր նոր գործիքեր գործարկել տնտեսական աճը խթանելու համար, որպեսզի կորուստները փոխհատուցի երկրորդ կիսամյակում՝ հարկերի հավաքագրման ավելցուկ ապահովելու միջոցով:
Բայց իշխանությունները որոշել են այլ մոտեցմամբ ու առավել «հեշտ» ճանապարհով առաջնորդվել, այն է՝ բիզնեսից ու քաղաքացիներից նոր հարկեր քերել։ Իհարկե, գնահատելի է, որ կառավարությունը հետևողական լինի հարկերի հավաքագրման հարցում, բայց դա չի նշանակում, որ պետք է բարդացնել բիզնեսի գործունեության պայմանները։ Կառավարությունն այնպիսի նախաձեռնություններով է հանդես գալիս, որոնք նոր խոչընդոտներ են առաջացնում բիզնեսի համար։ Դրանցից մեկն էլ այն է, որ եթե նախկինում մինչև 10 մլն դրամ հարկային անճշտության դեպքում կազմակերպության հիմնադիրը կարող էր վճարել տույժը, և գործը կկարճվեր, ապա հիմա վճարելուց հետո անգամ ենթարկվելու է քրեական պատասխանատվության։ Այս նախաձեռնությունը նոր դժվարություններ ու անորոշություններ է ստեղծելու տնտեսվարողների համար։ Շատ երկրներ ձգտում են նվազեցնել իրավապահ մարմինների ներազդեցության մակարդակը բիզնեսի վրա՝ քրեական պատժամիջոցները փոխարինելով վարչական և ֆինանսական միջոցներով, ինչը նաև պետությանն է ձեռնտու, իսկ Հայաստանում զարմանալիորեն տեղի է ունենում հակառակ գործընթացը։ Միգուցե այս նախաձեռնությամբ իշխանությունները փորձում են քաղաքական խնդիրներ լուծել ու հերթական անգամ գործարկել իրավապահ մահակը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ բիզնես հատվածում առաջիկայում կարող է լուրջ բողոքի ալիք բարձրանալ։
Իսկ մեր իրականության մեջ լավ գիտենք, որ շատ դեպքերում անհիմն քրեական գործեր են հարուցվում։ Տարբեր չարաշահումների գործով մարդիկ կարող են բանտարկվել, բայց որոշ ժամանակ անց պարզվում է, որ մեղադրանքներն անհիմն էին, ու այդ մարդիկ անհիմն մեղադրանքներով ազատազրկվել են՝ դրա համար համարժեք փոխհատուցում չստանալով։ Մյուս կողմից էլ՝ ժամանակի ընթացքում կառավարությունը նոր հարկատեսակներ է հորինում բիզնեսին հարկելու համար։ Դե, բարեխիղճ տնտեսվարողները փորձում են մի կերպ գոյատևել ու պատշաճ կերպով վճարել հարկերը։
Իշխանությունների «հարկային կացինը» չի շրջանցել նաև աշխատավարձով ապրող քաղաքացիներին։ Փորձ է կատարվում աստիճանաբար սահմանափակել եկամտային հարկի վերադարձի կիրառության շրջանակները։ Իշխանություններն արդեն փաստաթղթային տարբերակով քննարկում են հիփոթեքային վարկից քաղաքացիներին վերադարձվող եկամտային հարկը հարկելու թեման։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում