Լիճքում ոռոգման ջրատարի ներքին ցանց է կառուցվում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Լիճք գյուղում ՀՀ կառավարության կողմից 2024 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվում է ոռոգման ջրատարի ներքին ցանց։
Ինչպես տեղեկացնում են Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Լիճքի ոռոգման ջրատարի ներքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 43 մլն 700 հազար դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսված է 1120 մետր երկարության ոռոգման ջրատար ներքին ցանցի կառուցում, որից 450 մետրը երկաթբետոնե, 670 մետրը՝ երկաթե կիսախողովակներով։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են հուլիսի 23-ից և արդեն իրականացվել են շուրջ 90 տոկոսով։
Ծրագրի իրականացման արդյունքում հաջորդ տարվանից Լիճքի երեք թաղամասի տնտեսություններին ոռոգման ջուրը կմատակարարվի ժամանակին և անկորուստ։