Կրթական նոր չափորոշիչները ներդնելու են ևս 4 դասարաններում. ԿԳՄՍ նախարար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆոր ուսումնական տարին ԿԳՄՍ նախարարության համար բավականին բարդ է լինելու, քանի որ կրթական նոր չափորոշիչները ներդնելու են ևս 4 դասարաններում` 3–րդ, 6–րդ, 8–րդ և 10–րդ դասարաններում։ Այս մասին ՀՀ կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նրա խոսքով` նախորդ տարվա երեք դասարանների հետ միասին ընդհանուր առմամբ արդեն 7 դասարաններում դասապրոցեսը կիրականացվի կրթական նոր չափորոիշիչներով։
«Քանի որ նախորդ տարի կրթական նոր չափորոշիչով աշխատելու փորձն արդեն իսկ կար, մեր դպրոցներին այս տարի ավելի հեշտ կլինի աշխատել»,– վստահեցրեց նախարարը։
Նրա խոսքով` ամբողջովին իրականացվել է նոր դասագրքերի տպագրման գործընթացը, և ի տարբերություն նախորդ տարվա` ժամանակային որևէ ձգձգում չի լինի։
Անդրեասյանը վստահեցրեց, որ դասագրքերի մեծ մասն արդեն դպրոցներում են, մյուս մասը կհասնի այս շաբաթվա վերջ։
«Սեպտեմբերի հենց առաջին օրվանից երեխաները կկարողանան իրենց դասապրոցեսն ամբողջական փաթեթով իրականացնել։ Այնպես, որ ուսումնական այս տարին հաջող սկսելու որևէ խոչընդոտ չունենք»,– ընդգծեց նախարարը։
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ներկայացնելով դպրոցաշինության ծրագիրը, նշեց, որ 2024 թ. տարեսկզբին շահագործման են հանձնվել նոր կառուցված 28 դպրոց, իսկ սեպտեմբերի 1–ի դրությամբ ևս 7–ը կհանձվեն շահագործման։
2024 թվականի տարեվերջին ավարտին կհասցվեն ևս 10 դպրոցի շինարարություն։