ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … քիքբոքսինգ

ՍՊՈՐՏ

Քիքբոքսինգը մենամարտային սպորտաձևերի բավականին երիտասարդ ձև է, որը լայն տարածում ունի աշխարհի շատ երկրներում: Այն բաժանվում է երկու հիմնական տեսակի՝ ամերիկյան քիքբոքսինգի (լրիվ կոնտակտային, սահմանափակ կոնտակտային, թեթև կոնտակտ) և ճապոնական քիքբոքսինգի (K-1): Կա քիքբոքսինգի առաջացման երկու հիմնական տարբերակ: Դրանցից մեկի համաձայն այն կարատեի ֆուլի կոնտակտային տարբերակն է։ Մեկ ուրիշ վարկածի համաձայն այդ սպորտաձևի արմատները Թաիլանդից են, ավելի ճիշտ Մուայ Թայի (թայական բռնցքամարտ) մարտարվեստից։ Ամեն դեպքում, քիքբոքսինգը որպես ինքնուրույն դիսցիպլին առաջացել է 1960-ականներին։

Ամերիկայի Միացյալ Նահանգներում թեքվոնդոյի և կարատեի հանրաճանաչության գագաթնակետին մարզիկները սկսել են զբաղվել ձեռքերի և ոտքերի լայնածավալ օգտագործմամբ լրիվ կոնտակտային մարտերով։ Նման մարտերում գործնականում չկար հարվածների ուժի սահմանափակում, թույլատրվում էր գլխին հարվածել ոչ միայն ձեռքերով, այլ նաև ոտքերով։ Արգելվում էր բռնել, հարվածել աճուկին և ծոծրակին։ Սկզբում նոր մարզաձևը կոչվում էր «ֆուլ կոնտակտ կարատե», բայց շուտով այն վերանվանվեց «քիքբոքսինգ»-ի:

1974 թվականին հիմնադրվել է PKA-ն՝ Պրոֆեսիոնալ քիքբոքսինգի կազմակերպությունը։ 1976 թվականին հիմնադրվել է WAKO Սիրողական քիքբոքսինգի կազմակերպությունը։ Իսկ 1978 թվականին ԱՄՆ-ում տեղի է ունեցել քիքբոսինգի աշխարհի առաջին առաջնությունը։ Ամերիկյան քիքբոքսինգի հայտնի ներկայացուցիչներն են եղել Դոն Ուիլսոն, Ռիկ Ռուֆուսը, Բիլ Ուոլեսը, Բենի Ուրկիդեզը, Մորիս Սմիթը։

Ճապոնիայում քիքբոքսինգը սկսել է զարգանալ երկրում թայական բռնցքամարտի հայտնվելուց անմիջապես հետո: Մեծ հաշվով ճապոնական քիքբոքսինգը նույն թայական բռնցքամարտն է մի քանի հավելումներով։ Հիմնական տարբերությունն այն է, որ արմունկներով հարվածներն արգելված են։ Ի տարբերություն թայականի, որտեղ ոտքերով հարվածներն ավելի բարձր են գնահատվում, ճապոնական քիքբոքսինգում բռունցքներով ու ոտքերով հարվածների արժեքների տարբերություն չկա:

1993 թվականին հայտնվել է K-1-ը՝ Քիքբոքսինգի ճապոնական ընկերությունը, որն այդ սպորտաձևը վերածել է աշխարհի ամենահայտնի սպորտաձևերից մեկին։ Ճապոնական քիքբոքսինգի հայտնի ներկայացուցիչներ են եղել Տոշիո Ֆուջիվարան, Միրկո Ֆիլիպովիչը, Պիտեր Արթսը, Էռնեստո Հուստը, Ռեմի Բոնյասկին։

Քիքբոքսինգում թույլատրվում են ոտքերով, բռունցքներով հարվածները, ոտք գցելը, արգելվում է բաց ձեռնոցով և ձեռնոցի ներսով հարվածները, արմունկներով հարվածելը, աճուկին հարվածելը, ծոծրակին ու ողնաշարին հարվածելը:

Սարքավորումներն են պաշտպանիչ սաղավարտը, գոտկատեղից ցած հարվածից պաշտպանությունը, բռնցքամարտի ձեռնոցները, սրունքի պաշտպանիչները և առանց ներբանների կոշիկները:
 
Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular