ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքվի իշխանությունները անգործություն են ցուցաբերում հայ զինվորականների ճակատագիրը ճշտելու հարցում. ԱԳՆ ներկայացուցիչ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի իշխանությունները անգործություն են ցուցաբերում հայ անհայտ կորած զինվորների ճակատագիրը ճշտելու հարցում։ Այս մասին Վանաձորում հայտարարել է ՀՀ ԱԳՆ հումանիտար հարցերի վարչության պետ Հայկ Սարգսյանը՝ Անհայտ կորածների միջազգային օրվան նվիրված լուսանկարների ցուցահանդեսի բացմանը։

«Ցավոք, հայ հասարակությունը նույնպես տուժում է այս խնդրից։ 2020 և 2023 թվականներին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում անցած դարի 90-ականների հարյուրավոր անհետ կորածների և բռնի անհետացման դեպքերին ավելացել են նորերը։ Ավելին, նույնիսկ փաստագրված ու տեսաապացույցների առկայության դեպքում Ադրբեջանի իշխանությունները անգործություն են ցուցաբերում հայ զինվորականների ճակատագիրը ճշտելու հարցում։

Այս համատեքստում Հայաստանը ձեռնարկում է բոլոր հնարավոր քայլերը՝ խնդիրը միջազգային կառույցներին և դատարաններին ներկայացնելու համար, այդ թվում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ որոշակի հանգամանքներում հարկադիր անհետացումները, միջազգային իրավունքի համաձայն, կարող են դիտվել որպես մարդկության դեմ հանցագործություն»,- ընդգծել է Հայկ Սարգսյանը։

Նրա խոսքով, բռնի անհետացման դեմ պայքարի, այդ թվում՝ նման հանցագործությունների կանխարգելման և անպատժելիության շրջանակներում, Հայաստանը ստորագրել և վավերացրել է «Հարկադիր անհետացման ենթարկված բոլոր անձանց պաշտպանության համար» միջազգային կոնվենցիան։

«Միևնույն ժամանակ, այսօր մենք չենք կարող միայն հիշել և սգալ։ Մենք պատասխանատվություն ենք կրում լինել պահանջատեր և պատասխանատվության կանչող ձայն, պահանջող ճշմարտություն և արդարություն: Մեր միջազգային գործընկերների հետ մենք շարունակում ենք քայլեր ձեռնարկել անհայտ կորածների ճակատագիրը ճշտելու ուղղությամբ։ Հայկական կողմը երբեք չի քաղաքականացրել հումանիտար համագործակցությունը և միշտ բաց է եղել բոլոր ներգրավված կողմերի հետ աշխատելու համար՝ կարևորելով նման համագործակցությունը՝ որպես վստահության և խաղաղության հասնելու միջոց։ Ուզում եմ վստահեցնել, որ աշխատանքը չի դադարի այնքան ժամանակ, քանի դեռ չի պարզվել բոլոր անհայտ կորածների ճակատագիրը, քանի դեռ բոլոր ընտանիքները չեն ստացել իրենց ամենահրատապ հարցի պատասխանը»,- եզրափակեց Սարգսյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular