ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոստիկանությունն ու ՔՊ պատգամավորը մարդկանց 24 ժամ հսկելու նախագիծ են անցկացրել. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ներքին գործերի նախարարությունը շուրջօրյա հասանելիություն կունենա սրճարանների, ռեստորանների, դեղատների, հյուրանոցների, առևտրի վայրերի, բենզալցակայանների և գազալցակայանների մուտքերին ու ելքերին, կհետևի հանրային վայրերի անցուդարձին։

Նախարարությունը պարտավորեցնում է խոշոր տնտեսվարող սուբյեկտներին և ընկերություններին տեսանկարահանման սարքեր տեղադրել իրենց օբյեկտներում և ՆԳՆ-ի համար ապահովել շուրջօրյա ռեժիմով հասանելիություն այդ սարքերին։

«Ոստիկանության մասին» օրենքում և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ կատարելու փաթեթը հեղինակել են ներքին գործերի նախարարությունը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է նախագիծը, իսկ սեպտեմբերին այն արդեն վերջնական կերպով կընդունվի։

ՆԳՆ պարզաբանմամբ՝ նպատակը հանրային վայրերում հանցագործությունների թվի նվազեցումն է։

Ըստ նախագծի՝ պարտադիր կարգով տեսահսկման սարքեր պետք է տեղադրվեն բանկերում, վարկային կազմակերպություններում, գրավատներում, դեղատներում, արտարժույթի առուվաճառքի առանձնացված մուտք ունեցող կետերում, փոստային կապի օբյեկտներում, հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման կամ նույն ցանցի շահագործման նպատակով օգտագործվող տարածքներում, ուսումնական հաստատություններում, զենքի առևտրով զբաղվող կազմակերպություններում, 100 քմ եւ ավելի մակերես ունեցող առևտրի օբյեկտներում, ինչպես նաև հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում, առևտրի իրականացման վայրերում, մետրոպոլիտենում, ստորգետնյա ավտոկայանատեղիներում, 50 քմ եւ ավելի մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտներում:

ՆԳՆ-ն 24-ժամյա ռեժիմով հասանելիություն է ունենալու տեսանկարահանող սարքերի միջոցով:

ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Եղիազարյանը մեզ հետ զրույցում շեշտում է՝ նախագիծը հակասահմանադրական է, քանի որ խաթարում է մարդու անձնական կյանքի գաղտնիությունը իսկ բիզնեսի հետ կապված՝ առևտրային բիզնեսն է խաթարում․ «Բոլորս գիտենք, թե պետական համակարգն այսօր ինչպես է աշխատում, որքան է տեղեկատվական արտահոսք լինում, սա նաեւ լուրջ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում, քանզի չգիտենք, թե տեսախցիկներից ստացված տեղեկությունն ում ձեռքը կընկնի:

Սրճարաններում եւ բիզնես տարածքներում 3-րդ անձինք պետք է հսկեն, թե ով ում հետ հանդիպեց, որքան խոսեց, չի բացառվում, որ այդ տեսախցիկները ձայնագրեն նաեւ, այսինքն՝ խոսակցությունը եւս լսվի:

Նախագիծը ոչ միայն մարդկանց անձնական կյանքն է խաթարելու, այլ նաեւ լուրջ հարված է հասցնելու բիզնես դասին, քանի որ այլ երկրում չկա նման բան, որ ոստիկանությունը 24-ժամյա ռեժիմով հսկի մարդկանց անցուդարձը», – ասում է ԱԺ նախկին պատգամավորը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular