«Ինչո՞ւ է Փաշինյանը սահմանադրության հետ կապված բազմաքայլ նախապատրաստվում. «Մոսկվան դավաճանեց»»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջնագիր է ներկայացրել երկրի դեսպաններին ասելով, որ «ով համաձայն չէ, կարող է հրաժարական տալ»։ Նա նաև ասել է, որ առաջիկայում արտաքին քաղաքականության մեջ կանի «ոչ ստանդարտ» քայլ, որը պետք է ընդունեն բոլորը, բայց չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ քայլ է լինելու, գրում է regnum.ru-ն։
Ակնհայտ է թվում այն, որ երկիրը դուրս կգա ռուսական ինտեգրացիոն կառույցներից՝ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից։ Փաշինյանը վեց տարի վարչապետի պաշտոնում, իսկ մինչ այդ էլ իր ամբողջ լրագրողական և քաղաքական կարիերայի ընթացքում երկիրը տանում է դեպի դա։ Ընդ որում, Փաշինյանը չի ցանկանում անձամբ հանդես գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնությամբ գիտակցելով, որ ողջ պատասխանատվությունն ընկնելու է իր վրա, քանի որ դրա հետևանքների թվում հստակ տեսանելի են Հայաստանի տնտեսական դեգրադացումը և տարածքային նոր կորուստները։ Ուստի նախ պետք է լինեն մի շարք նախապատրաստական քայլեր, որոնցից մեկը Սահմանադրության փոփոխությունն է, քանի որ Բաքուն պահանջում է, որ Երևանը համապատասխանեցնի երկրի Սահմանադրությունն իր պատկերացումներին։ Խոսքը Հայաստանի Անկախության Հռչակագրի հղումը սահմանադրությունից բացառելու մասին է, որով հայտարարվում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորումը, regnum.ru-ին պարզաբանել է Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Խալաթյանը, Բաքուն դա դիտարկում է որպես տարածքային պահանջ։ Թվում է թե դա առանձնապես կարևոր չէ, քանի որ Հայաստանը պատերազմում պարտվել է և չի էլ մտածում ռևանշի մասին, բայց Ալիևը համառում է: «Հայաստանը միտումնավոր խաղում է ժամանակի վրա, Ֆրանսիայից, արևմտյան երկրներից և այլ կողմերից նոր զինատեսակներ է գնում և իր տարածքում երրորդ երկրների հետ զորավարժություններ է անցկացնում»,- ասել է Ադրբեջանի նախագահը։
Եվ նրա խոսքերում տրամաբանություն կա, կարծում է RUDN համալսարանի ժուռնալիստիկայի տեսության և պատմության ամբիոնի ավագ դասախոս Քամրան Գասանովը։ Այո, հիմա Հայաստանը պատրաստ չէ ռազմական գործողությունների, ասել է նա regnum.ru-ի հետ զրույցում, ներքաղաքական իրավիճակը Փաշինյանից մեծ էներգիա է խլում, բայց երկարաժամկետ հեռանկարում Բաքուն վախենում է, որ փոքր քայլերով Հայաստանն Արևմուտքի օգնությամբ կարող է հզոր ռազմական ներուժ ձեռք բերել, իսկ ավելի արմատական, ազգայնական ու ռևանշիստական ուժերի իշխանության գալու դեպքում Ադրբեջանը ստիպված կլինի մեծ ռեսուրսներ ծախսել ու մեծ բանակ պահել ինքնապաշտպանության համար։ Բացի այդ, ըստ փորձագետի, Ալիևը չի բացառում այն տարբերակը, որ Ֆրանսիան և արևմտյան այլ երկրներ «կգրվեն» Հայաստանի կողմից ռազմական գործողություններին։
Փաշինյանն իսկապես կարող է լայնածավալ բախումներ հրահրել Ադրբեջանի հետ հույս ունենալով, որ Արևմուտքը նրան ռազմատեխնիկական օգնություն կտրամադրի, խոստովանել է Եվրասիական վերլուծական ակումբի ղեկավար Նիկիտա Մենդկովիչը։ Ընդ որում դա հրահրել ոչ թե պատերազմում հաղթելու, այլ արևմտյան շահերն իրացնելու նպատակով։ «Մոսկվան ձգտում է խուսափել տարածաշրջանում նոր ճգնաժամերից և սպառնալիքներից, որպեսզի չշեղվի Ուկրաինայից։ Սակայն Հայաստանը մոտենում է Արևմուտքին, որի համար կայունացումը անշահավետ է։ Ես մտավախություն ունեմ, որ Փաշինյանին կդրդեն սաբոտաժի ենթարկել ռուսական ջանքերը և, որ ամենակարևորն է, հրդեհել Անդրկովկասը»,- regnum.ru-ի հետ զրույցում պարզաբանել է փորձագետը։
Փաշինյանը, ըստ ամենայնի, պատրաստ է կատարել ադրբեջանական կողմի պահանջները, բայց ոչ հետագա խաղաղության համար, նա ունի իր նպատակները: Նախ պահպանել իշխանությունը։ Սահմանադրության «ղարաբաղյան» մասի փոփոխման շուրջ բարձրացված աղմուկը կօգնի Հայաստանի վարչապետին խուսափել սահմանադրական այլ բարեփոխումներից, որոնք պահանջում է հասարակությունը։
«Լինելով ընդդիմադիր Փաշինյանը քննադատում էր գործող սահմանադրությունը և այն անվանում «սուպերվարչապետական», սակայն իշխանության գալուց հետո նա ոչ միայն չվերաբաշխեց լիազորություններն իշխանության այլ ինստիտուտների հետ, այլ նաև ուժեղացրեց վարչապետի հնարավորությունները։ Գործող սահմանադրությունը լավագույնս է համապատասխանում նրա շահերին՝ չվերահսկվող իշխանությունն ու իշխանության վերարտադրում։ Ուստի, եթե ինչ որ բան փոխեն, ապա դա կլինի բացառապես Բաքվի պահանջով»,- վստահ է Հայկ Խալաթյանը։
Երկրորդ հերթին Փաշինյանը հիանալի հասկանում է, որ Ալիևի պահանջների ցանկը չի ավարտվի սահմանադրության փոփոխություններով: Բայց այդ առումով սպասվում է երկկողմանի կոմբինացիա՝ Փաշինյանը Բաքվի ցանկացած նոր պահանջ կդիտարկի որպես ճնշում ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Ռուսաստանի կողմից։ Փաստն այն է, որ ադրբեջանա-հայկական կարգավորման հարցում միջնորդների ցուցակը կտրուկ կրճատվել է: Բաքուն հանդես է գալիս Արևմուտքի փաստացի դուրսբերման օգտին:
Ալիևը վերջերս ասել է, որ «ԵԱՀԿ Մինսկի խումբը և հարակից կառույցները, որոնք արդեն կորցրել են իրենց արդիականությունը, պետք է ամբողջությամբ լուծարվեն»։ Խումբը համանախագահում են Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը, և վերջին երկու երկրների համար այդ խումբը միակ իրավական գործիքն է ղարաբաղյան գործընթացի վրա ազդելու համար։ Ազդեցություն, որը կցանկանային չեզոքացնել Թուրքիան (որն Արևմուտքին դուրս է մղում Կովկասից), Ռուսաստանը (որին ևս տարածքում Արևմուտքը պետք չէ) և Ադրբեջանը (քանի որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն Երևանին իրենց ճամբար ներքաշելու համար անցել են նրա կողմը): Այսինքն ստացվում է, որ միակ միջնորդը մնում է Ռուսաստանը։ Դա պլյուս է Մոսկվայի համար, բայց միևնույն ժամանակ նա դառնում է պատասխանատու գործընթացի և դրա փոփոխությունների համար, որոնք ծագում են Ադրբեջանի նոր պահանջներից։ Եվ դրան է փորձում հասնել Փաշինյանը։ «Փաշինյանն իր ցանկացած ձախողում, ցանկացած զիջում Ադրբեջանին քողարկում է հայտարարություններով, թե «Մոսկվան դավաճանեց», լրիվ Մոսկվան է մեղավոր, ինքը ոչ մի բանում մեղավոր չէ,- Փաշինյանի տրամաբանությունն է բացատրել Նիկիտա Մենդկովիչը,- և այդ ամենը ծառայում է Հայաստանի վարչապետի գլխավոր նպատակին, որն է Հայաստանի դուրս գալը ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից, և դա քողարկված որպես ողջ հայ ժողովրդի պահանջ, որն իբր վիրավորված է «Ռուսաստանի դավաճանությունից»»:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը