ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Սագրադա Ֆամիլիա

ՖՈՏՈ

Սագրադա Ֆամիլիան Բարսելոնայի զարմանալի գեղեցիկ եկեղեցի է, որն Անտոնի Գաուդիի գլխավոր ստեղծագործությունն է: Սագրադա Ֆամիլիա տաճարի աշտարակները պարզորոշ երևում են հեռվից, դրանք բարձրանում են քաղաքի բազմաթիվ տների վրա: Հայտնի ճարտարապետը տասնամյակներ է նվիրել տաճարի ֆանտաստիկ ինտերիերի և ճակատների ստեղծման համար, սակայն շինարարությունը դեռ ավարտված չէ:

Sagrada Familia-ն աշխարհի ամենահայտնի երկարաժամկետ շինարարական նախագծերից է: Ներկայումս աշխատանքների ավարտը նախատեսվում է 2026 թվականին։ Բայց իսպանացիները չեն շտապում, քանի որ կա լեգենդ, որ երբ ավարտվի տաճարի շինարարությունը, աշխարհի վերջը կգա։

Շենքի շինարարությունը սկսվել է 1882 թվականին։ Եկեղեցին շինհրապարակը գնել է քաղաքաբնակների բարեգործական նվիրատվություններով: Այդ ժամանակ տարածքը դեռ գտնվում էր Բարսելոնայի քաղաքի սահմաններից դուրս։ Սկզբում նախագիծը մշակել և ղեկավարել է ճարտարապետ Ֆրանցիսկո դե Վիլարը, ով մտադիր էր կառուցել նեոգոթիկ ոճով տաճար։ Սակայն տասը տարի էլ չի անցել այն օրվանից, երբ նա հրաժարվել է այդ գործից եկեղեցու իշխանությունների հետ տարաձայնությունների պատճառով, որոնք հանդես էին գալիս որպես պատվիրատու։

Շինարարությունը դեռ նոր էր սկսվել, երբ տաճարի վրա աշխատելու հրավիրեցին Անտոնիո Գաուդին, ով այդ ժամանակ արդեն համբավ էր ձեռք բերել որպես արտասովոր և տաղանդավոր ճարտարապետ։ Սագրադա Ֆամիլիան դարձավ ճարտարապետի կյանքի գլխավոր գործը, ով ավելի քան 40 տարի նվիրեց այդ տաճարին։ Գաուդին գոթականն ու նեոգոթականը համարում էր ոչ կենսունակ և հնացած շարժումներ, ուստի օգտագործեց միայն դրանց հիմնական բաղադրիչները։ Բացի այդ, ճարտարապետը ներմուծեց բարոկկոյի, արտ նովոյի և մավրիտանական ոճի տարրեր՝ դրանց բավականին մեծ քանակությամբ ավելացնելով իր սեփական մշակումները: Փայլուն ճարտարապետը բարեպաշտ մարդ էր, նա մտադիր էր կառույցում մարմնավորել ամբողջ Նոր Կտակարանը: Հայտնի է, որ Գաուդին չէր սիրում նախօրոք մտածել յուրաքանչյուր մանրուքի մասին և շինարարության ընթացքում էր ստեղծում առանձին էսքիզները։ Գաղափարների անվերջ փոփոխությունը երբեմն հանգեցնում էր նրան, որ շինարարները ճարտարապետի խնդրանքով ստիպված էին լինում դադարեցնել աշխատանքները կամ նույնիսկ ապամոնտաժել ու վերափոխել շենքի որոշ հատվածներ։ Նա այնքան կրքոտ էր աշխատում, որ սկսեց ապրել հենց շինհրապարակում, որպեսզի կարողանա ազատ ստեղծագործել, ինչպես նաև վերահսկել աշխատանքը։ Երբեմն նա անձամբ դուրս էր գալիս փողոցներ ողորմություն հավաքելու, որպեսզի շարունակվի Սագրադա Ֆամիլիայի շինարարությունը։ Քաղաքաբնակներն աճող տաճարը համեմատում էին մրջնանոցի, քարանձավների և անտառի հետ, բայց ճարտարապետի նպատակն էլ հենց դա էր: Գաուդին մտահղացել էր վիթխարի ճարտարապետական ​​համալիր, բայց քաջ գիտակցում էր, որ իր կյանքի ընթացքում չի կարող այն ավարտին հասցնել: 1926 թվականին, արդեն մեծ տարիքում, Գաուդին մահացավ տրամվայի անիվների տակ գրեթե ոչ մի ցուցում կամ ավարտուն գծագիր չթողնելով։ Պահպանվել էին էսքիզներ, գծագրեր, մի քանի հատակագիծ։ Նախագծի ղեկավարումն անցավ նրա աշակերտ և գործընկեր Դոմենեկ Սուգրանեսին, սակայն նա ևս չհասցրեց ավարտին հասցնել շինարարությունը մինչև կյանքի վերջ։ 20-րդ և 21-րդ դարերում երեք նշանավոր ճարտարապետներ կարողացան աշխատել տաճարի վրա՝ Ֆրանչեսկ Կինտանան, Իսիդր Պուչ-Բոադան և Բոնետ Գարին: Նրանք բոլորն օգտագործեցին Գաուդիի պահպանված մի քանի գծանկարները միաժամանակ իրականացնելով իրենց պատկերացումները տաճարի մասին։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular