Հայաստանի հավաքականը պատրաստվում է Ազգերի լիգայի հանդիպումներին.տեսանյութ
ՍՊՈՐՏՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 2-ին բաց մարզում անցկացրեց ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, որը բաց էր լրագրողների համար։
Մարզմանը մասնակցում էին հավաքական հրավիրված գրեթե բոլոր ֆուտբոլիստները։ Այսօր թիմին էին միացել Հրանտ-Լեոն Ռանոսը, Գեորգի Հարությունյանը, Էդուարդ Սպերցյանը եւ Ժիրայր Շաղոյանը, որոնք նույնպես մասնակցեցին բաց մարզմանը։
Ուկրաինացի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի գլխավորությամբ մեկ ժամ տեւած ծանրաբեռնված մարզման ընթացքում հավաքականը նախ՝ ֆիզիկական եւ տեխնիկական վարժություններ կատարեց, ապա՝ ֆուտբոլ խաղաց։ Մարզումն անցավ բարձր տրամադրությամբ։ Ամբողջ ընթացքում Ալեքսանդր Պետրակովն իր սաներին գոտեպնդում էր եւ ոգեւորող խոսքերով գնահատում ֆուտբոլիստների հարվածները, գրոհներն ու իր կողմից հանձնարարված վարժությունների կատարումը։
Հավաքականին այսօր միացած Էդուարդ Սպերցյանը եւ Ստյոպա Մկրտչյանը ծանրաբեռնված մարզմանը չմասնակցեցին։ Նրանք միայն ֆիզիկական վարժություններ կատարեցին։
Ազգերի լիգայում սեպտեմբերի 7-ին Հայաստանի ազգային հավաքականը տանը կընդունի Լատվիայի թիմին, իսկ սեպտեմբերի 10-ին Սկոպյեում կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ: