ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ եզրակացություն կանեն Հայաստանի իշխանությունները. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ հայտնի դարձավ, որ Հայաստանը մասնակցելու է հոկտեմբերին Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ գագաթաժողովին: Թե որքանով են Հայաստանի իշխանությունները վերջապես «գլխի ընկել» ԲՐԻԿՍ-ին ինտեգրվելու առավելությունների ու հնարավորությունների մասին, ցույց կտա ժամանակը, առաջին հերթին այն հանգամանքը, թե ինչ մակարդակով ներկայացված կլինի մեր երկիրը: Երեկ տեղեկություններ էին շրջանառվում, որ հնարավոր է՝ Նիկոլ Փաշինյանը մասնակցի: Իսկ մինչ այդ ԲՐԻԿՍ-ին լիիրավ անդամակցության հայտ է ներկայացրել Թուրքիան: Հայտը կարող է քննարկվել հենց հոկտեմբերին՝ ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին:

Ինչի՞ մասին է խոսում Անկարայի այս քայլը: Նախ՝ փաստը մնում է փաստ, որ արդեն 35 տարուց ավելի չի կարողանում անդամակցել Եվրամիությանը: Բայց հազիվ թե սա լիներ գլխավոր պատճառը, որովհետև նույն Թուրքիայի իշխանությունները դեռ տարիներ առաջ ակնարկել են, որ իրենց հիմա դա առանձնապես շատ չի հետաքրքրում՝ «կլինի-կլինի, չի լինի-չի լինի» տարբերակով: Ըստ փորձագետների, այստեղ կան խորքային այլ պատճառներ: Գաղտնիք չէ, որ ԵՄ-ն Թուրքիայի համար արտաքին խոշորագույն շուկան է: Հիմա փաստացի ԵՄ-ի՝ ինքնին ծանր կացության մեջ հայտնվելն, ամենայն հավանականությամբ, անհանգստացրել է Թուրքիայի իշխանություններին:

Բնական է, որ ԵՄ-ից ներմուծման ծավալները, հիմնականում՝ հումքանյութային ապրանքների մասով, որոնց վրա էր կառուցված Թուրքիայի արտադրական հզորությունների մի զգալի մասը, էապես՝ միայն վերջին ութ ամսում մոտ 28 մլրդ դոլարով նվազել է: Սա թուրքական արտադրողների շրջանում լուրջ խնդիրներ է ստեղծել, ինչին զուգահեռ ավելացել է սպառողական ապրանքների ներքին պահանջարկը: Հասկանալի է, որ Թուրքիայում հիանալի հասկանում են, որ արևմտյան ներդրողները էապես նվազեցրել են իրենց մասնակցությունը տնտեսության մեջ: Ըստ այդմ, փաստացի, Թուրքիան լրջորեն է տրամադրվել այլընտրանքներ գտնել, որոնցից մեկն էլ հենց ԲՐԻԿՍ-ին անդամակցելու հայտն է:

Ի վերջո, չմոռանանք, որ BRICS երկրներին բաժին է ընկնում Երկիր մոլորակի տարածքի 34 %-ը և բնակչության 45,2%-ը։ ՀՆԱ-ն գնողունակության համարժեքով կազմել է համաշխարհային արժեքի 36,7 %-ը։ Եթե հաշվի առնենք, որ ԲՐԻԿՍ-ին անդամակցելու մտադրություն ունի նաև Ադրբեջանը, ապա պատկերն առավել քան պարզ կդառնա: Մնում է՝ այս ամենից իրապես եզրակացություններ անեն Հայաստանի իշխանությունները:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular