Ծանոթ ու միաժամանակ անհայտ … օդամաքրիչ
ՖՈՏՈՕդը մաքրող սարքն այսօր սահմանափակ տարածության մեջ օդի զտման համալիր բազմաստիճան համակարգ է: Դրա ստեղծման և կատարելագործման պատմությունն ուղղակիորեն կապված է մարդու կյանքի գործընթացների զարգացման, կլիմայի վերահսկման նրա ցանկության հետ:
Հին ժամանակներից է մարդն իմացել բնական օդը մաքրող սարքերի՝ բույսերի մասին: Բույսերը կենդանի զտիչներ են, որոնք ոչ միայն մաքրում են օդը, այլ նաև լավ հոտեր են արձակում: Այդ իմանալը շատ օգտակար էր մարդկությանը քաղաքների առաջացման հետ կապված: Հնում քաղաքային բնակավայրերում սանիտարահիգիենիկ կենցաղային պայմանները եղել են ամենացածր մակարդակների վրա։ Գյուղատնտեսության ու մարդու կենսագործունեության հետևանքով առաջացող գազերով աղտոտված օդը բացասաբար է ազդել առողջության վրա։ Հին քաղաքակրթություններն ազատվել են այդ անհարմարությունից արոմաթերապիայի օգնությամբ, օրինակ հարստացնելով և մաքրելով տների օդը խունկի ծխով: Բացի դա օգտագործել են այնպիսի բույսերի անուշաբույր յուղեր, ինչպիսիք են սանդալը, կամֆորան, զմուռսը, դափնու տերևը և այլն, որոնք ունեին ոչ միայն հոտազերծող, այլ նաև հակասեպտիկ հատկություն։ Հենց այդպես էին մարդիկ Հին Եգիպտոսում, Հունաստանում և Հռոմում, որտեղ մեծ նշանակություն էին տալիս մաքրման և հիգիենիկ միջոցառումներին, իրականացնում օդամքրում։
Միջնադարյան Եվրոպայում չափազանց տարածված էր սաթը, մի անուշաբույր նյութ, որը շատ թունդ բուրմունք ունի։ Խնկի օգնությամբ օդը մաքրելու և բուրավետացնելու որոշ ավանդույթներ դեռ հիմա էլ գոյություն ունեն, օրինակ արաբների մոտ դա տների և հագուստի թմրումն է, հարավամերիկյան որոշ ժողովուրդների կողմից մխացող Պալո Սանտո փայտի օգտագործումը։ Սակայն այդ ամենն օդամաքրման խնդիրները չի լուծում։
Հետագայում արդյունաբերության համաշխարհային զարգացումն էլ ավելի բարդացրեց խնդիրը։ ֆաբրիկաներում ու գործարաններում մարդու առողջության համար վտանգավոր նյութերի օգտագործումը պահանջում էր օդի մաքրման արդյունավետ համակարգի ստեղծում: Արդյունաբերական վնասակար գոլորշիների ազդեցությունից պաշտպանվելու համար մարդիկ օգտագործում էին գործվածք, որով փակում էին քիթը և բերանն աշխատելիս։ Մուտքի դռան տեղում կախված թաց կտորը պաշտպանում էր սենյակը փոշու և կեղտի ներթափանցումից՝ չխանգարելով ազատ օդափոխությանը: Փաստորեն, դրանք առաջին կոպիտ օդային զտիչներն էին:
1836 թվականին հայտնագործվեց ֆիլտրի թուղթը, որն օժտված է շատ բարձր կլանման հատկությամբ։ Թղթով օդը մաքրող սարքերի օգտագործումն իրականություն դարձավ: 1898 թվականին ֆրանսիացի դեղագործ Մորիս Բերգերն է արտոնագիր ստացել իր գյուտի համար, որը կատալիտիկ այրման միջոցով օդի մաքրման մեթոդն է (օդամաքրման դիֆուզիոն մեթոդ): Մաքրման այդ մեթոդը հնարավորություն տվեց նվազագույնի հասցնել հիվանդանոցներում ախտահանման սուր խնդիրը: Իր գյուտի հիման վրա Բերգերը ստեղծում է համանուն լամպ, որը հիմա էլ պահանջված է մարդկանց շրջանում և օգտագործվում է։
Այսօր օդամաքրման բազմաֆունկցիոնալ սարքերը ներառում են տարբեր տեսակի ֆիլտրերի օգտագործում՝ մեխանիկական, էլեկտրաստատիկ, ածխածնային, ֆոտոկատալիտիկ, ջրային: Նման սարքերով մաքրման ենթարկվող օդը չի պարունակում փոշի, ալերգեններ կամ տհաճ հոտեր: Ժամանակակից սարքերը ոչ միայն զտում, այլ նաև իոնացնում են օդը պահպանելով դրա ջերմաստիճանը նույն մակարդակում։ Տներում և այլ շինություններում օդը մաքրող սարքերը սովորական մարդկանց կենսամիջավայրը դարձնում են մաքուր և, հետևաբար, անվտանգ:
Կ. Խաչիկյան