ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տնտեսական մարտահրավերների երախը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մինչ արտաքին գործոններով պայմանավորված՝ Հայաստանի տնտեսությունում շարունակվում է որոշակի աճ արձանագրվել, տնտեսական նոր մարտահրավերներն իրենց արդեն զգալ են տալիս։ ՀՀ տնտեսական ակտիվությունն սկսել է դանդաղել, քանի որ այն հիմնականում պայմանավորված էր ոսկերչական ապրանքների վերաարտահանմամբ, որի ծավալները կտրուկ նվազել են վերջին շրջանում։ Իրավիճակը բարվոք չէ տնտեսության մյուս ճյուղերում, սակայն այն չի զգացվել կամ քողարկվել է ոսկերչական ոլորտի սրընթաց աճի պայմաններում։ Շինարարության ոլորտում ևս, որը մի ժամանակ տնտեսության հիմնական շարժիչ ուժերից մեկն էր, արգելակման տեմպերն արդեն նկատելի են։ Այս տարվա հուլիսին շինարարության աճը կազմել է 17,7 %՝ հունիս ամսվա համեմատ դանդաղելով 0,3 տոկոսային կետով։

Սկսել են աճել, բնակչության միջոցների հաշվին, հիմնականում հիպոտեկային վարկերով իրականացվող շինարարության ծավալները, այն դեպքում, երբ նախկինում աճը տեղի էր ունենում հիմնականում կազմակերպությունների միջոցների հաշվին: Բացի այդ, ռուս ռելոկանտների՝ Հայաստան տեղափոխվելու արդյունքում անշարժ գույքի շուկան դեռևս գերտաքացած վիճակում է, ու սպասվում է, որ բարձր գնային փուչիկը պայթելու է՝ իր բացասական հետևանքներով հանդերձ։ Մյուս կողմից էլ՝ էական դանդաղում է նկատվում նաև այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են արդյունաբերությունը, առևտուրը, ծառայությունները, արտահանումը և ներմուծումը։ Պատահական չէ, որ հուլիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 6,2 %` հունիսի նկատմամբ դանդաղելով 0,8 տոկոսային կետով՝ պայմանավորված գրեթե բոլոր ճյուղերում աճերի արգելակմամբ:

«Լույս» հիմնադրամը տնտեսության ճյուղերում նկատվող այս գործընթացի մասին հատուկ վերլուծություն է ներկայացրել՝ ի մասնավորի արձանագրելով, ու աճի տեմպերի դանդաղումն ազդում է նաև պետական բյուջե մուտքագրված ֆինանսական միջոցների վրա։ Ուստի, այս հանգամանքով է պայմանավորված, որ պետբյուջեն հունվար-հուլիս ամիսներին եղել է պակասուրդային։ Պակասուրդի չափը էական գումար է կազմել՝ 58 մլրդ դրամ, այն դեպքում, երբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում բյուջեն եղել է հավելուրդային: Այս ամենին զուգահեռ, բիզնեսի զարգացումը խթանելու ու աճի նոր ազդակներ հաղորդելու փոխարեն կառավարությունը հընթացս նախաձեռնություններով է հանդես գալիս, որոնց նպատակը բիզնեսին նոր հարկային պարտավորություններով խեղդելն ու ամեն գնով դեպի պետբյուջե գումարների ներհոսք ապահովելն է։ Իսկ բիզնեսի համար հարկային բեռի ավելացումն իր հերթին հանգեցնում է թանկացումների, քանի որ տնտեսվարողները շահույթից չզրկվելու համար բարձրացնում են գները։ Թանկացումներն էլ առաջին հերթին հարվածում են սպառողի գրպանին։

Տնտեսության վրա բացասական ազդեցություն են ունենում նաև շուկայում առկա ապրանքների թանկացումները, հատկապես՝ էներգակիրների։ Հայաստանում բենզինը օգոստոսին թանկացել է 3,2 %-ով, իսկ դիզվառելիքը ՝ 5,4 %-ով: Միայն հուլիսի ընթացքում հեղուկ գազը թանկացել է 54,3 %-ով։ Մեր երկրում թանկացումները շատ հաճախ տեղի են ունենում անհարկի ու չեն արտացոլում միջազգային շուկաներում տեղի ունեցող իրադարձությունները։ Նույնիսկ հնարավոր է հակաշուկայական գների ձևավորում։ Օրինակ՝ միջազգային շուկայում կարող է էներգակիրների գները որոշակի իջնեն, սակայն Հայաստանում բարձրանան։ Բազմիցս է խոսվել այն մասին, որ հատուկ պայմաններ են ստեղծվում, որ որոշ տնտեսվարողներ ուղղակի գերշահույթներ ստանան։ Բացի այդ, աննախադեպ թանկ են պտուղբանջարեղենի գներն այն պարագայում, երբ Հայաստանը գյուղատնտեսական երկիր է։ Ու քաղաքացիները դժվարություններ են ունենում իրենց սպառողական զամբյուղն ապահովելու հարցում, քանի որ նրանց եկամուտները հիմնականում նույնն են մնացել։

Բայց մինչ տնտեսության աճը դանդաղում է, պետական պարտքի ցուցանիշները շարունակում են աճել երկրաչափական պրոգրեսիայով։ Պետությունը շարունակում է մեկը մյուսի հետևից նոր վարկային պարտավորություններ վերցնել իր վրա։ Արդեն այս տարվա հունիսի վերջի դրությամբ պետական պարտքը կազմել է 12,2 մլրդ դոլար, որից 6,3 մլրդ դոլարը կազմել է արտաքին պարտքը, 5,9 մլրդ դոլարը՝ ներքին պարտքը: Ըստ էության, բյուջեի պակասուրդն իշխանությունները փորձում են լցնել դրսից ստացված վարկերի հաշվին, որը ծանր բեռ է դառնալու պետության համար արդեն հետագայում։ Բնական է, որ վարկերի տոկոսները Հայաստանը պետք է վերադարձնի հիմնականում արտարժույթով։ Բայց Հայաստանի միջազգային համախառն պահուստները ևս նվազում են՝ կրճատվելով տարեկան 17,3 %-ով կամ 715 մլն դոլարով, մինչդեռ մեկ տարի առաջ արձանագրվել էր 16,3 % կամ 580 մլն դոլարի աճ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular