ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Երևանը Բաքվի աութսորսինգում». Փաշինյանն ու Ալիևը նոր կապիտուլյացիա՞ են պատրաստում Հայաստանի համար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայ քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը հիշեցրել է, որ վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իր ասուլիսի շրջանակում պատասխանելով հարցերին մեկ «մասով», միտումնավոր «փակագծից դուրս թողեց» մի քանի կարևոր հարցեր, գրում է eadaily.com-ը։ Դրանք են.

  1. Ադրբեջանը Երևանի հետ տետ ա տետ ձևաչափով չի բանակցում: Ե՛վ 2020 թվականի պատերազմի, և՛ 2023 թվականի էթնիկ զտումների և դրան հաջորդած բանակցային գործընթացի ժամանակ Թուրքիան է մշտապես ներառված եղել Հայաստանի և Բաքվի բանակցություններում իր շահերով և Ալիևին աջակցությամբ։ Փաշինյանը դա գիտի, բայց նման ձևաչափը (որտեղ կա Անկարան, չկա Թեհրանը կամ Մոսկվան) լիովին բավարարում է մեր «հեղափոխական քաղաքական գործչին»։
  2. Սամվել Շահրամանյանը մեղավոր է շատ բաներում, առաջին հերթին նրանում, որ չի համապատասխանել, չի համապատասխանում և երբեք չի համապատասխանի Արցախի նախագահի կարգավիճակին։ Բայց ոչ թե նա է լուծարել Արցախը, այլ անձամբ Նիկոլ Փաշինյանը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում: Արցախը կազմալուծվել է, քանի որ այն ճանաչվել է որպես Ադրբեջանի տարածք գերության մեջ թողնելով ավելի քան 100 հազար հայերի։
  3. Նախ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու որոշումը նոյեմբերի 9-ի փաստաթղթի խախտում էր։ Մինչ այդ եղել է նաև պայմանագրի սաբոտաժ, այն է զորքերի դուրսբերում այն ​​տարածքներից, որոնք նախատեսված չէին նոյեմբերի 9-ի փաստաթղթով։
  4. Փաշինյանի բանաձևը, թե «սահմանազատման գործընթացից հաղթողներ կամ պարտվողներ փնտրել պետք չէ» կրկնում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ի նրա այն բանաձևը, երբ նա ԱԺ ամբիոնից անամոթաբար հայտարարեց, որ «ինչպես էլ ավարտվի պատերազմը մենք մեզ պարտվող չպետք է համարենք»:
  5. Նիկոլ Փաշինյանը, մի կողմից, բացառել է Ռուսաստանի ցանկացած մասնակցությունը կապուղիների ապաշրջափակման գործընթացին, իսկ մյուս կողմից ոչ մի խոսք չի ասել ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Օ'Բրայենի այն հայտարարության մասին, թե Հայաստանի տարածքով հաղորդակցություններն անհրաժեշտ են շրջանցելով Ռուսաստանն ու Չինաստան Կենտրոնական Ասիայի երկրների համար «համաշխարհային շուկաներ» դուրս գալու այլընտրանքային ճանապարհ ստեղծելու համար: Այսինքն Պեկինի, Մոսկվայի և Թեհրանի դեմ ԱՄՆ-ի համար Հայաստանը «լոգիստիկ կամուրջի» վերածելը ՀՀ իշխանությունների համար ընդունելի սցենար է, բայց նոյեմբերի 9-ի փաստաթղթի կետերի կատարումն անընդունելի։
  6. Իրականացվում է Իլհամ Ալիևի հաջորդ պահանջը, Փաշինյանը պատրաստ է մաքսային վերահսկողական գործառույթներն աութսորսինգ անել: Այսինքն հայկական տարածքում գտնվող ադրբեջանցիները ոչ թե հայերի հետ են շփվելու, այլ օրինակ Frontex-ի աշխատակիցների հետ։
  7. Կրկին պետք է ասել, նոյեմբերի 9-ի փաստաթղթից հիմնական շեղումը տեղի է ունեցել հոկտեմբերի 6-ին Պրահայում, երբ Նիկոլը հանձնեց հայկական Արցախը։ Եվ դրա պատճառը ոչ թե 2022 թվականի սեպտեմբերին Ջերմուկում տեղի ունեցած իրադարձություններն էին, այլ հենց իր՝ Փաշինյանի ապրիլյան հայտարարությունը Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի սեպտեմբերյան իրադարձությունները Ջերմուկի մոտ միայն հարմար պատրվակ դարձան Արցախը հանձնելու համար:
  8. Փաշինյանը կրկին օգտագործելով «ֆորպոստ» ձևակերպումը, Ռուսաստանի Դաշնությանը մեղադրեց միգրացիայի մեջ։ Փաշինյանի ընկալմամբ Ռուսաստանը ստեղծեց Արցախի խնդիրը, որը ժամանակին ստիպեց մարդկանց լքել Հայաստանի տարածքը։ Փաստորեն, Նիկոլայի տրամաբանությամբ, Ռուսաստանը «ժողովրդագրական ժամային ռումբ է տեղադրել Հայաստանի տակ»։ Ինչպես ասում են, եթե անգամ կատուն լքել է իր ձագուկներին, ապա դա Պուտինի մեղքն է...
  9. Փաշինյանն ու Ալիևը նախապատրաստում են Հայաստանի Հանրապետության նոր կապիտուլյացիա, որը կդրսևորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմամբ, ինչը թույլ կտա Բաքվին վերջապես կենտրոնանալ «Արևմտյան Ադրբեջան» քաղաքական նախագծի իրագործման վրա։

Իր հերթին Հայաստանի նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը վստահ է, որ եթե ներկայիս իշխող թիմը չլիներ իշխանության ղեկին, ապա ղարաբաղահայությունը դեռ կապրեր իր հողի վրա: «Հիմա չեմ կարող ասել, թե ի՞նչ կարգավիճակով դա կլիներ, բայց (Հայաստանի այլ իշխանության օրոք) հաստատ նրանք կապրեին իրենց տներում։ Ստեղծված իրավիճակն այն է, ինչին ձգտում էր ներկայիս իշխանությունը, և ստացավ այն»,- ասել է Մանուկյանը Review հաղորդաշարի եթերում։

Ներկայիս իշխող թիմը հավատարիմ է որոշակի շրջանակներում վաղուց գոյություն ունեցող «մի բացարձակ ապուշ գաղափարի», որ եթե Հայաստանը չունենա ազգային նկրտումներ և նպատակներ, ապա պետությունը կկարողանա ապրել Շվեյցարիայի կամ Լիխտեյնշտեյնի նման: «Դա բացարձակապես հիմար և անիրատեսական գաղափար է։ Բայց նրանք (իշխող վերնախավը) դա հիմք ընդունեց։ Նրանք կարծում են, որ եթե Արցախի խնդիր չլինի, եթե մի կողմ դնեն պատմությունն ու հայ ժողովրդի դարավոր նկրտումները, եթե ասեն, որ Արարատը մեր լեռը չէ, Հայաստանը կսկսի բարգավաճել։ Դա տեղի չի ունենա: Թույլ երկիրը, որին բոլորը կարող են թելադրել իրենց պայմանները, չի կարող բարգավաճել այս տարածաշրջանում։ Այդ հիմար գաղափարը ոչ միայն արմատացած է Նիկոլի ուղեղում, այլ նաև նա ամեն ինչ անում է այն քարոզելու և տարածելու համար։ Բնականաբար, հասարակ մարդկանց շատ է գրավում խաղաղ ապրելու հեռանկարը, ուստի նրան հաջողվում է առաջ մղել այդ գաղափարը խաբելով մեր երկրի հարյուր հազարավոր այն քաղաքացիներին, ովքեր պարզապես ցանկանում են ապրել խաղաղ ու երջանիկ։ Ցավոք սրտի, դրան անհնար է հասնել, երբ քաղաքականությունն առաջնորդվում է սպառնալիքներով և ուժի կիրառմամբ»,- ավելացրել է նա:

Քաղաքական գործչի խոսքով, եթե մինչև 2018 թվականի իշխանափոխությունը Հայաստանում որևէ մեկին ասեին, որ նման  գաղափարախոսությամբ մարդիկ կարող են գալ իշխանության, ապա շատերը չէին հավատա: «Ընդունելով Թուրքիայի, Ադրբեջանի և Ռուսաստանի թելադրանքը մենք ոչնչի չենք հասնի։ Ոչ խաղաղություն կլինի, ոչ էլ տնտեսական զարգացում: Մարդիկ լիովին ապարդյուն երջանիկ կյանքի հույս ունեն, սակայն դրան չի կարելի հասնել պարզապես մոռանալով խնդիրների մասին: Առանց առկա խնդիրների իրական լուծման ոչ մի պետություն հաջողության չի հասել։ Մեզ համար Արցախը սոսկ ազգային խնդիր չէ, պարզապես կղզի չէ, որտեղ հայ բնակչությունը գոյատևել է ցեղասպանություններից հետո, դա մեծ խնդիր էր, և խնդիր է։ Իսկ խնդիր ունենալով ու լուծելով այն ազգը հզորանում է», - եզրափակել է Մանուկյանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular