«Այս գործողությունները կարող են նաև շանտաժային տրամաբանություն ունենալ Արևմուտքի հետ հարաբերություններում». «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Վերջին ամիսներին Հայաստանի իշխանություններն ինտենսիվորեն հայտարարում են, որ դիվերսիֆիկացնում են մեր երկրի արտաքին քաղաքականությունը: Հատկապես 44-օրյա պատերազմից հետո սկսեցին առանձնակի ուժգնությամբ շահարկել այն միտքը, որ մեկ կենտրոնից կախվածությունը, նկատի ունենալով Ռուսաստանը, ճիշտ չէ: Ավելի հաճախ բավականին կտրուկ էին Ռուսաստանի դեմ արված հայտարարությունները, ընդհուպ նրան ուղղված մեղադրանքները տարբեր հարցերում: Սակայն օրերս ականատես եղանք իշխանությունների տրամադրությունների փոփոխության: Մասնավորաբար՝ հայտարարեցին, որ վարչապետի մակարդակով Հայաստանը մասնակցելու է ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին: Հաջորդիվ հայտնի դարձավ, որ Հայաստանը հրաժարվել է ԵԽ նախարարների կոմիտեի հայտարարության ստորագրումից, որը վերաբերում է ՌԴ նախագահի և այլ պաշտոնյաների ձերբակալությանը: Ինչո՞վ են պայմանավորված Հայաստանի իշխանությունների տրամադրության նման տատանումները:
«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Աննա Կարապետյանը նշում է՝ այնպես չէ, որ վեկտորի այս տատանումները նորություն են գործող իշխանության համար: «Պարբերաբար առնչվում ենք այդ երևույթին, երբ ռադիկալ հակառուսականությունից հետո նկատվում են ընդգծված ժեստեր դեպի Ռուսաստան: Բացի դա, նույն հակառուսականության գծի մեջ հաճախ ավելի շատ բախվում ենք ագրեսիվ հռետորաբանության, բայց ոչ այդ հռետորաբանությունից բխող ինչ-որ հստակ գործողությունների և այլն: Իրականում սա այս իշխանության կողմից սովորական դարձած պրակտիկա է, երբ նույն հարցերի վերաբերյալ տրվում են խոստումներ թե՛ Արևմուտքում, թե՛ Ռուսաստանում՝ ունենալով ընդամենը մեկ հիմնական նպատակ, այն է՝ սեփական իշխանության պահպանումը: Ելնելով արտաքին ազդակներից՝ իշխանությունը շատ հեշտությամբ, առանց որևէ բարդույթներ ունենալու իր հռետորաբանությունն է փոխում, գործողություններ կամ ռևերանսներ է անում այս կամ այն ուղղությամբ՝ ընդամենը տրվելով այդ պահի միտումներին: Եթե փորձենք հասկանալ, թե ինչու են հենց այսօր նկատվում այդ դրական ռևերանսները դեպի Ռուսաստանի Դաշնություն, կարելի է մի քանի հիմնական գործոն առանձնացնել:
Առաջին՝ կարծես կարող է տպավորություն լինել, որ Արևմուտքն այնքան էլ մեծ պատրաստակամություն չունի այս ուղղությամբ ինչ-որ իրական ջանքեր գործադրելու և, օրինակ՝ Թուրքիայի հետ ինչ-որ խնդիրներ ունենալու, հակասությունների մեջ մտնելու և այլն: Եվ հետևաբար՝ Արևմուտքից չեն ստանում այնքան աջակցություն, ինչքան որ ակնկալում են ստանալ: Երկրորդ՝ բոլորը շատ լավ հասկանում են, որ ինչքան մոտենա Միացյալ Նահանգներում նախընտրական շրջանը, այնքան ավելի օրակարգում հետ է մղվելու տարածաշրջանը, Հայաստանը և այս իշխանությունն՝ առավել ևս: Բավական է ընդամենը հիշել, թե 2020 թ. պատերազմի ժամանակ, երբ ԱՄՆում ընտրություններ էին, Թրամփը որքանո՞վ էր տեղյակ, թե ընդհանրապես ինչ է տեղի ունենում մեր տարածաշրջանում: Ակնհայտ է, որ այս անգամ ևս բացառություն չի լինելու, և Արևմուտքի ներգրավումը, աջակցությունը պակասելու է: Փոխարենն ակնհայտ է Ռուսաստանի ցանկությունը և նպատակն ակտիվացնել իր ջանքերը և առնվազն չզիջել սեփական դիրքերը:
Հետևաբար, այս փուլում այս իշխանությունն իրավիճակը գնահատել է այնպես, որ իշխանությունը պահպանելու համար պետք է որոշակի քայլեր ձեռնարկել, ինչը ցույց է տալիս, որ իրականում այդ քայլերն էլ միայն հռետորաբանության մեջ չեն, այլ գործողությունների, որոնցից մեկը ԵԽ նախարարների կոմիտեի այդ հայտարարությանը չմիանալն էր այն պարագայում, երբ ակնհայտ է, որ Արևմուտքը հստակ ուներ ակնկալիք, որ Հայաստանը պետք է այդ հայտարարությանը միանա»,նշում է մեր զրուցակիցը: Իսկ ի՞նչ հետևանքներ են ունենում իշխանության այս քայլերը մեր երկրի համար: «Առաջ են գալիս հեղինակային շատ լուրջ խնդիրներ, որովհետև եթե պահի իրավիճակից ելնելով անընդհատ փոփոխում ես քո քաղաքականությունը, բոլորի համար դառնում ես անհասկանալի, անկանխատեսելի: Պատահական չէ, որ արդեն երկար ժամանակ է, ինչ փորձագիտական շրջանակները պնդում են, որ այս քաղաքականությունը հանգեցնում է նրան, որ Հայաստանը կորցնում է իր սուբյեկտայնությունը գործընթացներում, և պարզապես ամեն կողմը փորձում է օգտագործել Հայաստանի իշխանություններին իր շահերից ելնելով»,-հավելում է նա: ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին մասնակցելը կամ ԵԽ նախարարների հայտարարությանը չմիանալը կարո՞ղ է այնպիսի հետևանքների հանգեցնել, ինչպես, օրինակ՝ ֆինանսական միջոցների չտրամադրումը և այլն:
«Չեմ կարծում, որ սրանք Հայաստանի կողմից արված այնպիսի ռադիկալ, կոշտ քայլեր են, որպեսզի Արևմուտքը շատ սուր արձագանքի: Կարող են լինել դիվանագիտական աղբյուրներով որոշակի արձագանքներ, որոնք տեսանելի լինեն կամ չլինեն հանրության համար: Գուցե իշխանությունն ունի Արևմուտքի արձագանքի որոշակի ակնկալիք, այսինքն՝ այս գործողությունները կարող են նաև շանտաժային տրամաբանություն ունենալ Արևմուտքի հետ հարաբերություններում: Սա ևս բացառված չէ: Բայց, ամեն դեպքում, այնպիսի դրսևորումներ, ինչպիսիք Վրաստանի պարագայում ենք այժմ տեսնում, Հայաստանի պարագայում չենք տեսնի»,-եզրափակում է Աննա Կարապետյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում