ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ղարաբաղից հետո Փաշինյանի թիմը «իջեցնում է նշաձողը» Սյունիքի համար. «Շրիշակից ցած» 

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի իշխանությունները սկսել են իջեցնել Սյունիքի կարգավիճակի մակարդակն այնպես, ինչպես արեցին Արցախի հետ։ Բոլորն են հիշում նման անկման հետևանքները, ասել է Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը մեկնաբանելով Ադրբեջանի հետ տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը մասնավոր ընկերությանը պատվիրակելու հնարավորությունը, գրում է eadaily.com-ը։

«Նման քայլերը կապ չունեն երկրի ինքնիշխանության ապահովման հետ։ Սա ինքնին նշանակում է, որ մենք ինքնիշխան երկիր չենք։ Այն որ Պուտինը գնում է Ալիևի հետ հանդիպման, նրա հետ քննարկում է Հայաստանի ապագան և հայտարարում, որ այդ մասին կտեղեկացնի Հայաստանի ղեկավարությանը, արդեն իսկ ցույց է տալիս, որ մենք այլևս որևէ նշանակություն չունենք։ Մեր անմիջական շահերին առնչվող հարցերը որոշվում են մեր թիկունքում»,- ասել է փորձագետը Review հաղորդման ժամանակ։

Խաչիկյանն ընդգծել է, որ այդ գործառույթները մասնավոր ընկերությանը պատվիրակելու հարցը քննարկելու փաստն արդեն իսկ նշանակում է ինքնիշխանությունից հրաժարում:

«Այդ մտադրությունները նշանակում են, որ մենք սկսում ենք Սյունիքի կարգավիճակի նշաձողն իջեցնել։ Այստեղ կարևոր է նաև հաշվի առնել մի քանի գործոն: Նախ ո՞ր երկիրը կներկայացնի այս ընկերությունը, ու նաև ո՞վ է պայմանագիր կնքելու այդ ընկերության հետ։ Եթե այդ պայմանագիրը կնքվում է Հայաստանի և Ադրբեջանի հետ, ապա դա նշանակում է, որ Ադրբեջանն արդեն իսկ կիսում է մեզ հետ ինքնիշխանությունն այդ տարածքում։ Այսինքն, եթե հետագայում այդ ընկերության հետ տարաձայնություններ առաջանան, ադրբեջանական կողմը ձայնի հավասար իրավունք կունենա»,- ասել է Խաչիկյանը։

Մեկնաբանելով իշխանությունների հավաստիացումները, որ եթե պայմանավորվածություններ ձեռք բերվեն, ապա մասնավոր ընկերությունը կպահպանի նաև հաղորդակցությունների այն հատվածը, որը կանցնի Ադրբեջանի տարածքով, Խաչիկյանն ընդգծել է, որ Բաքվից երբևէ հայտարարություններ չի լսել, որ նրանք ցանկանում են նման մեխանիզմ օգտագործել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը հայտնել էր, որ Հայաստանը դիտարկում է Ադրբեջանի հետ ապագա տրանսպորտային հաղորդակցությունների անվտանգությունը մասնավոր անվտանգության գործակալություններին պատվիրակելու հնարավորությունը։

«Այո, հնարավոր է, բայց այս պահին լրացուցիչ տեղեկություն չկա»,- ասել էր դիվանագետը։ Նրա խոսքով, այդ դեպքում մասնավոր անվտանգության ընկերությունը պետք է պաշտպանի նաև հաղորդակցությունների այն հատվածը, որն անցնելու է Ադրբեջանի տարածքով։ Միաժամանակ Սաֆարյանը պարզաբանել էր, որ սահմանին ներկա են լինելու հայ սահմանապահներն ու մաքսավորները։

Մինչդեռ Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին, ելույթ ունենալով Երևանի պետական համալսարանի Ֆերդուսի սրահի բացման արարողության ժամանակ, հայտարարել է, որ «ոմանց երազանքերն ու ցանկությունները Հայաստանի մասին տարբեր անուններով, այդ թվում այսպես կոչված «միջանցք» անվանմամբ, իրականություն չի դառնա»:

«Մեր հարևանների տարածքային ամբողջականությունը մեր կարմիր գիծն է։ Մենք նպաստում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությանը, ազգային ինքնիշխանությանը և անկախությանը։ Հայաստանը մեր անկեղծ հարևանն է, և մենք վճռականորեն պատրաստ ենք համագործակցել և խորացնել համագործակցությունը բոլոր ոլորտներում»,- հայտարարել է նա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular