ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսրայելցի գիտնականները մշակել են դիմացկուն, ճկուն և ուտելի պլաստիկ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Weizmann ինստիտուտի գիտնականները նոր կոմպոզիտային նյութ են ստացել, որը բաղկացած է ցելյուլոզայի ածանցյալից և ամինաթթվից։ Նոր նյութը ոչ միայն դիմացկուն է, այլ նաև ուտելի և կենսաքայքայվող, գրում է newsru.co.il-ը:

Աշխարհում արդեն միլիարդավոր տոննաներով պլաստիկ թափոններ են կուտակվել։ Earth Action-ի ուսումնասիրության համաձայն 2024 թվականին դրանց թիվը կավելանա ևս 220 միլիոն տոննայով։ Լուծումը բնական ճանապարհով քայքայվող պլաստմասսա ստանալն է, օրինակ սննդի թափոններից: Բանն այն է, որ արդյունաբերական պլաստմասսաները ստացվում են զանգվածային մոլեկուլներից, որոնք կոչվում են պոլիմերներ, և որոնք երկար ժամանակ են պահպանվում ու դժվար քայքայվում:

ACS Nano ամսագրում հրապարակված ուսումնասիրությունը հայտնում է, որ Վայզմանի ինստիտուտի գիտնականները ստեղծել են նոր կոմպոզիտային պլաստիկ, որը շատ դիմացկուն է և, սակայն, հեշտությամբ է քայքայվում:

Ներկայումս շատ արդյունաբերություններ են օգտագործում  կոմպոզիտներ, դրանք պլաստմասսա են, որոնք պատրաստվում են երկու կամ ավելի մաքուր նյութերի համադրմամբ: Կոմպոզիտները թեթև և դիմացկուն են: Դրանք օգտագործվում են ինքնաթիռների, մեքենաների կամ հեծանիվների մասեր պատրաստելու համար։

Փորձելով ստեղծել կոմպոզիտային պլաստմասսա, որը կբավարարի արդյունաբերական կարիքները միաժամանակ լինելով էկոլոգիապես մաքուր, Վայզման ինստիտուտի հետազոտողները կենտրոնացել են տարածված, էժան նյութերի վրա:

Գիտնականները հայտնաբերել են, որ թիրոզինի մոլեկուլները՝ սովորական ամինաթթուն, որը ձևավորում է չափազանց ուժեղ նանոբյուրեղներ, կարող են օգտագործվել որպես կենսաքայքայվող կոմպոզիտ ստեղծելու բաղադրիչ:

Ուսումնասիրելով, թե ինչպես է թիրոզինը համակցվում մի քանի տեսակի պոլիմերների հետ, գիտնականներն ընտրել են հիդրօքսիէթիլցելյուլոզը՝ ցելյուլոզային ածանցյալը, որը լայնորեն օգտագործվում է դեղերի և կոսմետիկայի արտադրության մեջ: Հիդրօքսիէթիլցելյուլոզն ինքնին հեշտությամբ քայքայվում է: Թիրոզինի հետ համադրելու համար երկու նյութերն էլ խառնել են եռման ջրի մեջ։ Երբ դրանք սառչեցվել ու չորացվել են, ձևավորվել է բացառիկ ամուր կոմպոզիտ, որը բաղկացած է թելավոր թիրոզինի նանոբյուրեղներից, որոնք ներկառուցված են հիդրօքսիէթիլցելյուլոզայի մեջ:

Նոր նյութը ստացվել է շատ դիմացկուն՝ 0,04 միլիմետր հաստությամբ ժապավենը կարող է դիմակայել 6 կիլոգրամ բեռին։ Գիտնականները կարծում են, որ այդ նոր պլաստիկն արդյունաբերական մեծ ներուժ ունի։

Բայց կա ավելի հետաքրքիր բան: Քանի որ և՛ ցելյուլոզը, և՛ թիրոզինը, որի բյուրեղները կարելի է գտնել պինդ պանրի շատ տեսակների մեջ, ուտելի են, նոր կոմպոզիտը կարելի է անգամ ուտել: Գիտնականները դեռ չեն փորձել այն, քանի որ արտադրության գործընթացը բավականաչափ հիգիենիկ չէ սննդի համար, սակայն գիտնականները ծրագրում են «համտեսել» այդ նոր կոմպոզիտը։ Նոր նյութը վերամշակելու համար պետք չէ որևէ հատուկ բան հորինել: Ե՛վ թիրոզինով, և՛ ցելյուլոզով հեշտությամբ կերակրվում են, օրինակ, որոճող կենդանիները և բակտերիաների լայն տեսականին: Նման նյութի հեռացման հետ կապված խնդիրներ չպետք է ծագեն:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular