ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարվածներ կրթական համակարգի թիկունքին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կրթական համակարգը մեծապես փոխկապակցված է պետության զարգացման հեռանկարի հետ։ Մանավանդ Հայաստանի պարագայում կրթության դերը շատ կարևոր է, երբ մեր երկրի հիմնական ռեսուրսը մարդկային ինտելեկտուալ ներուժն է։ Մեր երկիրը չունի նավթ, գազ ու այլ ռեսուրսներ, որոնց վաճառքը թույլ կտա ֆինանսների մեծ ներհոսք ունենալ ու հզորացնել պետությունը։ Մյուս կողմից էլ՝ ժամանակի հետ մարդկային կապիտալի ներուժն ու տեխնոլոգիաներն ավելի են կարևորվում։ Ու պատահական չէ, որ նույնիսկ արաբական այն երկրները, որոնք նավթի վաճառքից ահռելի գումարներ են գեներացնում, այդ միջոցների մի զգալի հատվածը փորձում են ներդնել մարդկային ներուժի, կրթության և տեխնոլոգիաների զարգացման վրա։

Եթե անհրաժեշտ է, նաև մեծ գումարներ են ծախսում, արտերկրից հմուտ մասնագետների են հրավիրում, որպեսզի նրանք իրենց փորձն ու գիտելիքները փոխանցեն։ Այդ երկրներում քաջ գիտակցում են, որ նավթը հավերժ չէ։ Նույնիսկ ԱՄՆ-ը, որը մարդկային ներուժի ու բնական ռեսուրսների պակաս չունի, պայմաններ է ստեղծում, որ տարբեր երկրներից լավագույն մասնագետները՝ լինեն գիտնականներ, արվեստագետներ, թե բժիշկներ, տեղափոխվեն իրենց մոտ և զարգացնեն պետությունը։ Խորհրդային ժամանակներից սկսած Հայաստանը կրթական ու գիտական առումով էական ներուժ է ունեցել, որն անկախությունից հետո տարիներ շարունակ փոշիացվում է, իսկ ուղեղներն արտահոսում են երկրից։ Իսկ Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք կրթության նշանակությունն իջեցվել է երբևէ ամենացածր մակարդակի։

Կարևորագույն պաշտոնների նշանակման դեպքում հաշվի չի առնվում ո՛չ կրթական ցենզը, ո՛չ էլ անցած ուղին։ Իսկ երկրի կառավարումը հասցվել է սոցցանցային մակարդակի։ Բայց ամենացավալին այն է, որ կրթական ոլորտը տարբեր կողմերից հարվածներ է ստանում։ Այդ հարվածներից մեկն այն է, որ վերջին վեց տարվա ընթացքում կրթությանը վերաբերող բազմաթիվ խնդրահարույց նախագծեր են առաջ քաշվում, որոնց մի մասն էլ ընդունվում է։ Այնպիսի տպավորություն է, թե կառավարությունում և ԿԳՄՍՆ-ում ուղղակի ինքնանպատակ նախաձեռնություններով են հանդես գալիս, որոնք իրենց դրական նպաստը չեն բերում ու չեն կարող բերել կրթության որակի բարձրացման ուղղությամբ, քանի որ ընթացքում պարզվում է, որ այդ նախագծերը կազմվում են առանց կրթական ու մասնագիտական ոլորտի ներկայացուցիչների կարծիքն ու մտահոգությունները հաշվի առնելու։ Դրա համար էլ բազմիցս ենք ականատես եղել, որ կրթությանը և գիտությանը վերաբերող նախագծերը, որոնք կազմվել են փնթի ու ոչ պրոֆեսիոնալ կերպով, մեծ աղմուկ են բարձրացրել ու քննադատությունների արժանացել։ Թերևս իշխանությունները տուրք են տալիս նաև արտաքին ուժերի պահանջներին ու կասկածելի դրամաշնորհներին։

Պարզից էլ պարզ է, որ արտաքին ուժերը ոչ մի կերպ շահագրգռված չեն լինի, որ Հայաստանում կրթության որակը բարձր լինի, ու պետությունն էլ հզոր լինի։ Այս համատեքստում էլ պատահական չէ, որ հարվածների տակ է հայտնվել հատկապես հայագիտական բլոկը՝ մասնավորապես «Հայոց պատմություն» և «Հայոց եկեղեցու պատմություն» առարկաները։ Դժվար է պատկերացնել, որ հումանիտար ոլորտի կրթության հետ կապված ամենահրատապ թեմաները «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դպրոցից հանելն ու «Հայոց պատմություն» առարկայի անունը փոխելն են։ Միևնույն ժամանակ, խեղաթյուրվում է Հայոց պատմության դասագրքերի բովանդակությունը։ Թերություններով լի ու խնդրահարույց դասագրքերն արագ հաստատվում են ու դրվում են աշակերտների ու ուսուցիչների սեղանին։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված հանրակրթական դպրոցի 7-րդ և 8-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի դասագրքերը դրա վառ օրինակն են։ Ավելին, ինչպես անցած տարի, այնպես էլ այս տարի մի շարք դասարաններ ուղղակի դասագրքեր չեն ունենա։ Այսինքն, էլ ի՞նչ պետք է անեն, որ հասկանալի լինի՝ այս մարդիկ գնում են հանրակրթական ոլորտը կազմաքանդելու ուղղությամբ: Եվ ոչ միայն հանրակրթության, ընդհանրապես՝ կրթության ոլորտը: Մեկ այլ խնդիր է նաև բուհերի քաղաքականացման հարցը։ 2018 թվականին Փաշինյանը մեծ խոստումներ էր տալիս, որոցից մեկն էլ այն էր, որ իշխանության գալու դեպքում ինքն ապաքաղաքականացնելու է բուհերը և մեծացնելու է բուհերի ինքնավարությունը։ Բայց, ինչպես մյուս դեպքերում, այս հարցում ևս Փաշինյանի խոսքն ու գործը միմյանց հակասում են։ Իշխանության ներկայացուցիչներից որոշները դարձան բուհերի հոգաբարձուների խորհուրդների անդամներ, իսկ մյուսներն էլ ռեկտորի պաշտոն ստացան կամ կարևոր տեղեր զբաղեցրին բուհերի կառավարման ոլորտում։

Իսկ այն դասախոսները, որոնք ընդդիմադիր հայացքներ ունեն, սկսեցին բուհական ղեկավարության կողմից ճնշումների ենթարկվել, ընդհուպ ազատվել աշխատանքից։ Եվ այս ալիքը նոր ուսումնական տարվա մեկնարկին զուգահեռ նոր թափ է ստացել։ Բազմաթիվ դասախոսներ, որոնք չեն կիսում իշխանությունների տեսակետը, հանկարծ պարզում են, որ իրենք հեռացված են կամ զրկվել են դասաժամերից։ Նման գործընթացը ավելի շատ կադրային ջարդ է հիշեցնում, քանի որ հաշվի չի առնվում այդ մարդկանց մասնագիտական որակները։ Վերոնշյալի արդյունքում նվազել է նաև բուհերի նկատմամբ հետաքրքրությունը։ Այս տարվա բուհական ընդունելության արդյունքներով ի սկզբանե հայտարարված շուրջ 16000 տեղից թափուր է մնացել ավելի քան 5000-ը: Այն կազմում է նախատեսված տեղերի շուրջ 30 տոկոսը։

Իսկ որոշ մասնագիտացումների մասով դիմորդներ ընդհանրապես չեն եղել: Ու եթե այսպես շարունակվի, ապա բուհերի մի զգալի մասն առաջիկայում փակվելու է, ինչն իշխանությունների սրտով է, որոնք ցանկանում են թողնել ընդամենը մի քանի բուհ ու տեղափոխել ակադեմիական քաղաք։ Իսկ ակադեմիական քաղաքը ոչ թե կրթական, այլ բիզնես նախագիծ է, քանի որ մեծ թվով բուհերի շենքերը կվաճառվեն, փոխարենը ակադեմիական քաղաքում շատ քիչ թվով բուհերի շենքեր կկառուցվեն։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular