Եռակողմ հայտարարությունը սպառնում է նոր փորձաքար դառնալ հայ-ռուսական հարաբերություններում
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը սպառնում է նոր փորձաքար դառնալ հայ-ռուսական հարաբերություններում, Հայաստանի իշխանություններն էլ ոչ միայն կտրուկ հրաժարվում են կատարել դրա պահանջները, այլև մանիպուլյացիաներ են անում։ Իհարկե, Փաշինյանը կարող էր գնալ ավելի ընդունելի ճանապարհով և հետ կանչել ստորագրությունը, մանավանդ, որ Ռուսաստանին և Ադրբեջանին մեղադրում է հայտարարության մյուս կետերը խախտելու մեջ, բայց փորձում է հերքել անհերքելին։
Երեկ խորհրդարանում նա հայտարարել է, թե մի շարք երկրների ներկայացուցիչներ հրապարակային հայտարարություններ են անում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մասին և այդ հայտարարություններից ակնհայտ է, որ այդ հայտարարությունը չեն կարդացել:
«Այդքան քննարկվում է նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը: Եկեք կարդանք՝ ինչ է գրված. «Ապաշրջափակվում են տարածաշրջանային բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը»: Սա նշանակում է, որ 9-րդ կետը միայն Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապ հաստատելու մասին չէ: Առաջին հերթին դրա մասին չէ, դա ընդամենը թեմայի մանրամասներից մեկն է: Դա բոլոր տրանսպորտային կապերի բացման մասին է, օրինակ Հայաստան-Իրան, Հայաստան-ՌԴ երկաթուղիներ: Ընդ որում Մեղրիով և Իջևան-Ղազախով: Ավտոճանապարհի բացում, ասենք, Հայաստանից Իրան Նախիջևանով, Հայաստանով, Ադրբեջանով դեպի Ռուսաստան, Ղազախստան և այլն: Հայաստանից Իրան գնացող երկաթուղին Հայաստա՞նն է փակել, չի թողնում աշխատի: Եթե բաց է, ասեք, մենք այնտեղ բեռներ ունենք տանելու»,- ասաց նա:
Փաշինյանը շարունակեց կարդալ 9-րդ կետի հաջորդ նախադասությունը. «Հայաստանը երաշխավորում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը, քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով»:
Ուշադիր լսեցի՞ք, երաշխավորը ՀՀ-ն է, և բոլոր նրանք, ովքեր ասում են, որ որևէ երրորդ երկրի անվտանգություն ապահովելու երաշխիք է վերապահված, պետք է ցույց տան, թե որտեղ է դա գրված: Ավելին, այդ երթևեկության կազմակերպողը ՀՀ-ն է: Եվ երաշխավորողը, և կազմակերպողը ՀՀ-ն է: Չկա այստեղ որևէ բան գրված, որ ինչ-որ մեկը ինչ-որ տեղից պետք է գա, երաշխավորի, անվտանգություն ապահովի և կազմակերպի: Ամեն ինչ անում է ՀՀ-ն, և դրանից են բխում իրավազորության և սուվերենության մասին մեր պատկերացումները:
Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին արձագանքել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, նշել, թե Հայաստանը ոչ դիվանագիտական խողովակներով, ոչ էլ հրապարակային չի հայտնել եռակողմ հայտարարությունից հրաժարվելու մտադրության մասին։
«Խոսքը միջազգային իրավունքի մասին է, այն փաստաթղթերի մասին, որոնք ստորագրել են կողմերը, որոնց կողմերը պարբերաբար հղում են անում։ Եվ ավելին, խոսվում է փաստաթղթերի մասին և մեջբերումներ են արվում փաստաթղթերից, որոնք իրականացվում են։ Փաստաթղթերի մեջբերումներին նման անլուրջ, եթե չասենք՝ անպատասխանատու կերպով վերաբերվել, ըստ իս, չի կարելի»,- ասել է Զախարովան։
Ըստ էության, Ռուսաստանն առաջարկում է կամ հրաժարվել հայտարարությունից՝ դրանից բխող հետևանքներով, կամ կատարել այն։
Մարի Եսայան