ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանի ու Բաքվի միջև պայմանագիրը խրվել մնացել է զանգեզուրյան լաբիրինթոսում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երևանում ընթացող «Երևանյան երկխոսություն» ֆորումն ուշադրություն է գրավել միայն այն պատճառով, որ իրենց ելույթներում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հակասական հայտարարություններ են արել տարածաշրջանային իրավիճակի գնահատման և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարների վերաբերյալ։ Միաժամանակ, Միրզոյանը ինտրիգ է մտցրել ափսոսանք հայտնելով, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստան չի ժամանել համաժողովին մասնակցելու համար։ Ինչո՞ւ։ Հարցի մասին խոսել է Iarex.ru լրատվական գործակալության սյունակագիր Ստանիսլավ Տարասովը։

«Սկսեմ նրանից, որ ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանն ասել է, որ «Երևանյան երկխոսություն» միջազգային ֆորումի հրավերներ են ուղարկվել բոլոր գործընկերներին, այդ թվում` Մոսկվային ու Անկարային։ Բայց Հայաստանում Ռուսաստանից և Թուրքիայից հյուրեր չեն եղել, թեև, ըստ Կարապետյանի, «նախարարությունը նրանցից մերժում չի ստացել»։ Բայց փաստն այն է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այդ ժամանակ էլ-Ռիադում մասնակցում էր Ռուսաստան-Պարսից ծոցի երկրներ համագործակցության խորհրդի հանդիպմանը։ Այնուամենայնիվ, եթե Մոսկվան մեծ նշանակություն տար երևանյան ֆորումին, ապա անպայման կուղարկեր իր ներկայացուցչին։ Կարծես թե Անկարան ևս առաջնորդվել է նմանատիպ նկատառումներով։ Սա առաջին հերթին»,- նշել է Տարասովը։

Երկրորդը, շարունակել է քաղաքագետը, արդյո՞ք տեղին կլիներ, որ Մոսկվան մասնակցեր այն սկսված երևանյան քաղաքական ներկայացմանը, որտեղ Միրզոյանը խաղում է «անառակ որդու վերադարձի» դերը` մատնանշելով «Ռուսաստանի կառուցողական դերը հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացում», որը Հայաստանին և Ադրբեջանին բերեց բանակցությունների սեղանի շուրջ։ Միայն թե նա չի նշել, որ ժամանակին Երևանն է տորպեդահարել Մոսկվայի միջնորդական դերը Ադրբեջանի հետ բանակցությունները փոխանցելով «ԱՄՆ-ին, ԵՄ-ին, այլ այնպիսի երկրներին, ինչպիսիք են Ֆրանսիան և Գերմանիան»։ Բայց հիմա, երբ բանակցությունները փակուղի են մտել, Միրզոյանը հանկարծ հասկացել է, որ «բոլոր երկրներն ունեն իրենց շահերը, և միշտ չէ, որ այդ շահերը պետք է համընկնեն Հայաստանի կամ Ադրբեջանի շահերի հետ»։ Բայց հիմա էլ, հայտարարելով Բաքվի հետ «առանց միջնորդների» երկխոսության անհրաժեշտության մասին, Երևանը գործում է «մեկը գրում եմ, իսկ երեքը մտքումս է» սխեմայով, մերժելով Մոսկվայում բանակցություններ վարելու Ռուսաստանի առաջարկները, սակայն ընդունելով Միացյալ Նահանգների և ԵՄ երկրների բանակցություններին անուղղակի մասնակցությունը: 

Տարասովը նշել է, որ աչքի է ընկել նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հայտարարել է, որ Ադրբեջանի հետ ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը մեծ մասամբ համաձայնեցված է, և «Հայաստանը պատրաստ է այն ստորագրել կարճեցված տարբերակով՝ համաձայնեցված տեքստով»։ Բաքուն դեմ է նման «արագ սցենարին» և պահանջում է փոփոխություններ Հայաստանի Սահմանադրության մեջ, որտեղ, ըստ ադրբեջանցի դիվանագետների, «Բաքվի նկատմամբ տարածքային պահանջներ են ամրագրված»։

«Միևնույն ժամանակ, թվում է, թե այդ պատնեշը կարող է հաղթահարվել, եթե 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն տարածաշրջանում հաղորդակցությունների բացում տեղի ունենա»,- ասել է Տարասովը։ Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ այդ համաձայնագրի 9-րդ կետը, որը ենթադրում է մայրցամաքային Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային կապերի ապաշրջափակում, դեռևս չի իրականացվել տարբեր պատրվակներով, և Երևանն այդ հարցը փաթեթավորում է իր «Աշխարհի խաչմերուկ» նախագծում։ Փաշինյանը փորձում է ներկայանալ որպես տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանն իբր աջակցող կողմ, բայց հայտարարում է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» սպառնում է Հայաստանի ինքնիշխանությանը։ Ելույթ ունենալով համաժողովում, Փաշինյանը նշել է, որ «անտրամաբանական կլինի, որ այլ պետություն ապահովի անվտանգությունը ինքնիշխան պետության տարածքում», նկատի ունենալով պայմանագրում ներառված դրույթը, ըստ որի` «տրանսպորտային հաղորդակցությունների վերահսկողությունն իրականացնում է Ռուսաստանի ԱԴԾ-ն»: Այդ դեպքում ի՞նչ է անում Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան, և ո՞վ է ապահովում Հայաստանի սահմանների անվտանգությունը Իրանի և Թուրքիայի հետ սահմանին, հարց է հնչեցրել քաղաքագետը։  «Հայաստանի ղեկավարների հայտարարություններում կան բազմաթիվ նման դիրքային անհամապատասխանություններ։ Նրանց հիմնական խնդիրն այն է, որ այնքան խեղաթյուրված է քաղաքական ու աշխարհաքաղաքական իրականությունը տարածաշրջանում, որ այն շարունակում է մնալ վտանգի աղբյուր։ Կարծես թե Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտության պայմանագրի հարցը կրկին փակվում է»,- ամփոփել է Տարասովը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular