Հայաստանը, Հնդկաստանը և Իրանը առևտրային ճանապարհ են բացում Վրաստանի տարածքով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻնչպես հայտնում են հայկական լրատվամիջոցները, վկայակոչելով իրազեկ աղբյուրները, մոտ ապագայում տեղի կունենա Հայաստանի, Իրանի և Հնդկաստանի ներկայացուցիչների կարևոր եռակողմ հանդիպում։ Հանդիպման նպատակը նոր առևտրային ուղու գործարկումն է, որը խոստանում է իսկական բեկում լինել միջազգային լոգիստիկայի ոլորտում, գրում է Bizzone.info-ն։
Ինչպես հայտնի է դարձել, հանդիպումը տեղի կունենա Իրանում, որտեղ երեք երկրների լոգիստիկ ոլորտի ներկայացուցիչները կծանոթանան ռազմավարական նշանակություն ունեցող Չաբահար նավահանգստի ենթակառուցվածքներին։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու այդ նավահանգստում Հայաստանի օպերատիվ գործունեության քննարկմանը։ Աղբյուրներն ընդգծում են, որ նոր երթուղին զգալիորեն կբարձրացնի Հայաստանի առևտրային ներուժը` ապահովելով նրան հուսալի մուտք դեպի Հնդկաստանի և Հարավարևելյան Ասիայի շուկաներ։
Ենթադրվում է, որ երթուղին կանցնի հնդկական Մումբայ նավահանգստից իրանական Չաբահարով և Հայաստանի տարածքով հետագա ելքով դեպի Վրաստան կամ Ռուսաստան։ Դա թույլ կտա Պարսից ծոցի երկրներից և Հնդկաստանից ապրանքներ տեղափոխել ԵՄ և ԵԱՏՄ օպտիմալ ճանապարհով։ Իրանի և Հնդկաստանի համար այդ երթուղին առանձնահատուկ նշանակություն ունի որպես մատակարարումների դիվերսիֆիկացման այնպիսի միջոց, որով շրջանցվում են բարդ ծովային ուղիները։
Փորձագետները նշում են, որ նոր առևտրային միջանցքը կարող է կրճատել լոգիստիկ ծախսերը մեկ քառորդով և կրճատել փոխադրման ժամանակը գրեթե կիսով չափ՝ 40-ից դարձնել մինչև 18 օր: Այդ սխեմայով Հայաստանը դառնում է Վրաստանի սևծովյան նավահանգիստների միջոցով Ասիան Եվրոպայի հետ կապող առանցքային տարանցիկ հանգույց:
Ըստ վերլուծաբանների` նախագծի հաջող իրականացումը զգալիորեն կամրապնդի Հայաստանի աշխարհաքաղաքական և տնտեսական դիրքը տարածաշրջանում։ Նոր երթուղին դիտվում է որպես գոյություն ունեցող ծովային ուղիների հեռանկարային այլընտրանք, ներառյալ Սուեզի ջրանցքով անցնող երթուղուն:
Նշենք, որ վերջերս Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանքարն ասել էր, որ Հայաստանը կարող է դառնալ տարանցիկ երկիր Հնդկաստանի ու Եվրոպայի և Հնդկաստանի ու Ռուսաստանի միջև։
Ավելի վաղ BMG-ն գրել էր, որ Հնդկաստանը Իրանի հետ 10-ամյա պայմանագիր է կնքել իրանական Չաբահար նավահանգստի զարգացման և շահագործման համար, որում Հայաստանը նախատեսում է օպերատորական կետ բացել։
Օրերս էլ Երևանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին էր հայտարարել Չաբահար նավահանգստում ներկայացուցչություն բացելու Հայաստանի շահագրգռվածության մասին, ինչը, ըստ նրա, կնպաստի Հնդկաստանի, Իրանի և Հարավային Ասիայի երկրների հետ առևտրի զարգացմանը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը