ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Լացի պատ

ՖՈՏՈ

Լացի պատն ամրոցային կառույցների մնացորդներն են, որոնք կառուցվել են Հերովդես Մեծի կողմից Երուսաղեմի Տաճարի լեռան մոտ: Այդտեղ մ.թ. 70 թվականին գտնվում էր Երուսաղեմի երկրորդ տաճարը, որն ավերվել էր հռոմեացիների կողմից։ Լացի պատը դրա մասը չի եղել, բայց բավական մոտ է եղել ու դարձել է հրեա ժողովրդի համար սրբավայր: Դարեր շարունակ այդտեղ մեծ թվով հավատացյալներ են հավաքվել, պատը ծառայել է վայր ուխտագնացության և աղոթքի համար։ 

Ամենավաղ աղբյուրը, որը հրեաներին կապում է Լացի պատի հետ, թվագրվում է 4-րդ դարով։ 20-րդ դարում Սիոնիստական շարժման հետ մեկտեղ այդ պատը դարձել է հրեական համայնքի և իսլամադավան արաբների կրոնական առաջնորդների միջև առաջացած վեճերի պատճառներից մեկը։ Հրեական վաղ աղբյուրներում հիշատակվում է «Տաճարի արևմտյան պատի մասին», սակայն պարզ չէ, այդ տեքստերում խոսվում է տաճարի բուն պատի, թե՞ այն շրջապատող պատի հատվածի մասին։ «Արևմտյան պատ» եզրույթի մասին վկայող հրեական ամենավաղ հիշատակումն ակնհայտորեն վերաբերվում է այն պատին, որը կա այսօր և որը  թվագրվում է 11-րդ դարով։ Իրականում պատը չի համարվում հուդայականության սրբավայր, որպես այդպիսին։ Հրեաների սրբավայրը դա Տաճարն է, որը կառուցվել էր Լեռան վրա։ Այն հրեաների համար, որոնք ապրում էին Տաճարի կործանումից հետո, այդ պատի նշանակությունը կայանում էր նրանում, որ այն միակն էր, ինչը մնացել էր Տաճարից։ Եբրայերենով այն անգամ չի անվանվում «Լացի պատ»։ Դրա անվանումը Կոտել Մաարավի է, որ թարգմանաբար նշանակում է «Արևմտյան պատ»։ Այդպես նաև հաճախ անգլերենում այն անվանում են The Western Wall: Այն այդպես են անվանում, քանի որ արևմտյան պատի այդ հատվածը շրջապատում է Տաճարի Լեռը։ Արաբներն են տեսնելով, որ հրեաները գալիս են պատի մոտ աղոթելու Բարձրյալին և սգալու Տաճարի կործանումը, այն անվանել «Լացի պատ»։

Իսկ ընդհանրապես Երուսաղեմի առաջին տաճարը՝ Սողոմոնի տաճարը կառուցվել է մ.թ.ա 10-րդ դարում և կործանվել բաբելոնացիների կողմից մ.թ.ա 586 թվականին, իսկ Երկրորդ տաճարի շինարարությունն ավարտվել և այն օծվել է մ.թ.ա. 516 թվականին։ Մոտավորապես մ.թ.ա 19 թվականին Հերովդես Մեծը սկսել է Տաճարի լեռան ընդարձակման լայնամասշտաբ ծրագիրը։ Բայց նա չի կառուցել ամբողջ պատը, նրա մահվան ժամանակ շինարարությունը նույնիսկ ավարտին չէր հասցվել։ Պատը վերաշինվել է միջին դարերում (500-1500 թվականներ): 16-րդ դարի երկրորդ կեսին օսմանյան Սուլեյման Փառահեղն է հրեաներին իրավունք տվել Արևմտյան պատի մոտ աղոթել։ 1625 թվականին, գիտնականը, որի անունը չի պահպանվել, առաջին անգամ հիշատակել է Պատի մոտ կազմակերպված աղոթքները։ 
Այժմ պատը բաժանված է երկու մասի՝ ձախը տղամարդկանց համար է, իսկ աջը կանանց։ Կա պատի քարերի արանքում նվիրական ցանկություններով գրառումներ թողնելու ավանդույթ։ Այդպես մարդիկ հնարավորություն ունեն դիմելու Ամենակարողին։

Արևմտյան պատի դիմացի հրապարակում անցկացվում են ծիսական միջոցառումներ Իսրայելի պետական տոների ժամանակ: Այստեղ ընդունված է նշել հավատացյալների կյանքում նշանակալի իրադարձություններ, օրինակ կրոնական չափահասության տարիքի հասնելը։ Հրապարակը նաև երկրի պաշտպանության բանակի զինծառայողների երդման վայրն է։ Պահքի օրերին հրեաները պատի մոտ նստում են գետնին, աղոթում և տխուր մեղեդիներ երգում։
 
Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular