«Փորձագետը մեկնաբանել է ԵՄ-ին Հայաստանի անդամակցության ստորագրահավաքը»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՍեպտեմբերի 11-ին Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ է տվել ստորագրահավաք իրականացնել երկրի ԵՄ-ին անդամակցելու հարցի շուրջ համաձայնելով նախաձեռնող խմբի ստեղծմանը, որը կսկսի այդ գործընթացը, որն ուղղված է միավորել արևմտամետ քաղաքական և հասարակական գործիչներին։ Ստորագրահավաքը տեղի կունենա 2024 թվականի սեպտեմբերի 16-ից նոյեմբերի 14-ը։ Օրենքի նախագիծն Ազգային ժողովում քննարկման ներկայացնելու համար անհրաժեշտ է 50 հազար քաղաքացու ստորագրություն։
«Չնայած նրան, որ ԵՄ-ին անդամակցելու հանրաքվե կազմակերպելու համար ստորագրահավաքի գործընթացի նախաձեռնողները ֆորմալ առումով իրենց դիրքավորում են որպես ընդդիմադիր, նրանք ընդդիմադիր ուժեր չեն (վարչապետին): Ավելին «Հանրապետություն» կուսակցությունը , որի ղեկավար Արամ Սարգսյանն է այդ նախաձեռնության հեղինակներից մեկը, իշխող կոալիցիայի մաս է կազմում Երևանի ավագանիում», - ria.ru-ի հետ զրույցում ասել է հայ քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։
Նրա կարծիքով, դա ոչ թե առանձին ընդդիմադիր ուժերի նախաձեռնություն է, այլ իշխանությունների վարած կուրսի դրսևորում։ «Այլ հարց է այն, որ ելնելով որոշակի, այդ թվում ներքին և արտաքին քաղաքական նկատառումներից, իշխանությունները դեռ ռիսկ չեն անում դա անել իրենց անունից»,- կարծում է փորձագետը։
Գնահատելով Հայաստանի Եվրամիություն մտնելու շանսերը Մաթևոսյանը նշել է, որ եթե դեպի ԵՄ ճանապարհը ստորագրահավաքով ու հանրաքվեով լիներ, ապա հարևան Թուրքիան տարիներ առաջ դա արած կլիներ։ «Այսինքն այս դեպքում մենք պարզապես ականատես ենք որոշակի քաղաքական շահարկման, որը նպատակ ունի մոլորեցնել մարդկանց ու հասարակական կարծիքը, փորձել համոզել, որ Հայաստանն ունի հստակ եվրոպական հեռանկարներ»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Մաթևոսյանը նաև հավելել է, որ ԵՄ-ն ինքն է հիմա կանգնած խնդիրների առաջ, և Երևանի նրան անդամակցելու հեռանկարները չափազանց կասկածելի են։ «Տեսեք, թե ինչ է կատարվում մեր շուրջը: Իրանը ձգտում է միանալ BRICS-ին, Թուրքիան և Ադրբեջանը ևս: Մեծ է հավանականությունը, որ ընտրություններից հետո Վրաստանը նույնպես դիմի BRICS-ին միանալու համար, դա տրամաբանական կլինի: Այս ամենի համատեքստում դժվար է պատկերացնել Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը»,- ասել է Մաթևոսյանը։
Նրա կարծիքով ուշագրավ է նաև այն, որ հետխորհրդային տարածքում գործընթացների կուլիսային համակարգողները այնքան էլ հաճախ չեն բարդացնում իրենց կյանքը փոխելով սցենարները։ «Մենք տեսնում ենք, որ Մոլդովայում նման հանրաքվե են ուզում անցկացնել հենց այն օրը, երբ տեղի կունենան նախագահական ընտրությունները: Բացարձակապես զարմանալի չի լինի, եթե Հայաստանի իշխանությունները ստորագրահավաքից հետո փորձեն հաջորդ կամ արտահերթ խորհրդարանական ընտրություններին անց կացնել ԵՄ-ին միանալու հնարավոր հանրաքվեն, եթե, իհարկե, որոշեն նման ռիսկային քայլ կատարել»,- ասել է փորձագետը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը