Մենք պատրաստ ենք Էրդողան-Ասադ հանդիպմանը. Ֆիդան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիան արդեն որոշակի ժամանակ է, ինչ անուղղակի շփումներ է պահպանում Սիրիայի հետ տարբեր ձևաչափերով և ցանկանում է, որ Դամասկոսը վերջնականապես լուծի իր ներքին խնդիրները:
Այս մասին «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
«Մենք արդեն բավական տևական ժամանակ է, ինչ տարբեր ձևաչափերով շփումների մեջ ենք Ասադի վարչակազմի հետ։ Մենք պատրաստ ենք հանդիպել նրա հետ։ Այդ մասին խոսել է նաև մեր նախագահը», - պնդել է թուրքական դիվանագիտության ղեկավարը՝ հավելելով, որ Անկարայի և Դամասկոսի շփումները ծավալվում են «հետախուզական, ռազմական ձևաչափերում, ինչպես նաև բազմակողմ ֆորմատում, որտեղ ներկայացված են Ռուսաստանն ու Իրանը»։
Նա հավելել է, որ նախքան Անկարայի և Դամասկոսի հարաբերությունների լիարժեք կարգավորման ուղղությամբ քայլերի իրականացումը, անհրաժեշտ է ամբողջությամբ կարգավորել Սիրիայի ներսում մի շարք կոնֆլիկտային հարցեր: Դա թույլ կտա երկու երկրներին ավելի արդյունավետ գնալ մերձեցման։