ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի դեմարշը. Հայաստանը հասել է անվերադարձելիության կետին, Ռուսաստանի պատասխանը կլինի ոչ ստանդարտ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրականացնելով դեմարշ հայտարարել է ՀԱՊԿ-ին հանրապետության մասնակցության սառեցման մասին և զգուշացրել, որ երկիրը մոտենում է այսպես կոչված անվերադարձելիության կետին։ Պետության ղեկավարը չի հստակեցրել, թե կոնկրետ ի՞նչ ի նկատի ունի, սակայն, հավանաբար, նա ակնարկել է կազմակերպությունից հնարավոր դուրս գալու մասին, գրում է tsargrad.tv-ն։

Քաղաքագետ և արևելագետ Կարինե Գևորգյանը կարծիք է հայտնել առ այն, թե դա ի՞նչ կարող է նշանակել Ռուսաստանի և հենց բուն  Հայաստանի համար։

Ներկայումս ՀԱՊԿ-ը ներառում է Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։ Փաշինյանը Հայաստանի մասնակցության սառեցումը կապել է այն բանի հետ, որ կառույցն իբր «վտանգ է ստեղծել հանրապետության ինքնիշխանության համար»։ Այդ ձևակերպումը, ըստ երևույթին, ենթադրում է Երևանի դժգոհությունը Ղարաբաղի հարցով Ադրբեջանի հետ զինված առճակատման մեջ մտնելուց հրաժարվելու համար։ Սակայն հարկ է հիշել, որ Հայաստանն այդպես էլ պաշտոնապես Ղարաբաղը չէր համարել իր տարածքը։ Դա ինքնավար մարզ էր, ուստի պաշտպանության մասին խոսք չկար։ Արդյունքում նման պնդումները կարելի է համարել անհիմն։ «Ինչ վերաբերում է ինքնիշխանությանը, ապա, իմ տեսանկյունից, Հայաստանի  ինքնիշխանության վրա, ինչպես ասում են, կատուն է լաց եղել: Դա ավելի շատ դե յուրե, քան դե ֆակտո ինքնիշխանություն է։ Հետևաբար, ի՞նչ ինքնիշխանության մասին է խոսքը՝ դե յուրե՞ ինքնիշխանության, թե՞ դե ֆակտո ինքնիշխանության»,- հարց է հնչեցրել Կարինե Գևորգյանը tsargrad.tv-ի հետ զրույցում։

Այսպես թե այնպես, Հայաստանի հեռացումը ՀԱՊԿ-ի գործերից դժվար թե բացասական ազդեցություն ունենա Ռուսաստանի և կազմակերպության մյուս անդամների վրա։ Փորձագետը կարծում է, որ սկզբունքորեն ոչինչ չի փոխվի: «Այս պարագայում Փաշինյանի չմասնակցելը ՀԱՊԿ-ի աշխատանքներին դրամատիկ չեմ համարում, օրինակ, Ռուսաստանի և Բելառուսի համար։ Եվ, իհարկե, դա ամենևին էլ դրամատիկ չէ Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի համար։ Դա, կարելի է ասել, նրանց ընդհանրապես, մեծ հաշվով, չի էլ վերաբերում»,- ասել է զրուցակիցը։

Այնուամենայնիվ Նիկոլ Փաշինյանը դեռևս ակնհայտորեն վախենում է Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելուց և սահմանափակվում է կիսաքայլերով, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ վարչապետն առայժմ ձգտում է երկու աթոռի վրա նստել։ «Փաշինյանն ասել է, որ մասնակցելու է հոկտեմբերին Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին, բայց Հայաստանն այդ կազմակերպության հետ ինտեգրվելու օրակարգ չունի։ Նա ինքն է սահմանում իր գինը և հույս ունի, որ իրեն կառաջարկեն ինտեգրացիոն պարադիգմը։ Միգուցե՞։ Դա իմ ենթադրությունն է»,- ասել է արևելագետը։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ՀԱՊԿ-ից դուրս գալը նրա համար մեծ սխալ կլինի։ Մեծ է հավանականությունը, որ դրանից հետո Ադրբեջանը կսկսի էքսպանսիա, քանի որ նրան այլևս ոչինչ չի զսպի։ Թերևս Փաշինյանը, հրաժարվելով ՀԱՊԿ-ից, հույսը դնում է ՆԱՏՕ-ի օգնության վրա: Այնուամենայնիվ, այստեղ նույնպես ամեն ինչ այնքան էլ պարզ չէ։ Փաստն այն է, որ Բրիտանիան ցանկանում է պահպանել անկայունությունը Հարավային Կովկասում։ Դա է վկայում բրիտանական հետախուզության MI6 ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրի վերջերս Ադրբեջան կատարած այցը: «Մուրի օրերս կատարած այցը Բաքու, իմ տեսանկյունից, կարող է ցույց տալ, որ Թուրքիան և Ադրբեջանը դեռևս ստիպված կլինեն որոշ վճռական քայլեր՝ սադրանքներ փակագծերում, ձեռնարկել Հարավային Կովկասում»,- կարծում է արևելագետը։

Այսպիսով, Հայաստանում տեղի ունեցող գործընթացները կարող են դառնալ համաշխարհային տուրբուլենտության մաս: «Ինձ անհանգստացնում է այն, որ տուրբուլենտության համաշխարհային դինամիկան անխուսափելիորեն աճում է և կշարունակի աճել։ Ուզում ենք մենք դա, թե ոչ, կամ մեր թշնամին ուզում է դա, թե ոչ, դա հիմա նշանակություն չունի: Այն դեռ կաճի, և այդ ամենը կտեսնենք առաջիկա ամիսներին։ Անգամ ընդհուպ մինչև կոնֆլիկտ, օրինակ, Վաշինգտոնի և Լոնդոնի ազդեցության կենտրոնների կամ ուժային կենտրոնների միջև։ Դա արդեն տեսել ենք Բանգլադեշում, որտեղ ամերիկացիները դուրս վռնդեցին բրիտանացիներին։ Այսպիսով, աշխարհում գործընթացներ են ընթանում»,- ասել է հրատարակության զրուցակիցը։

Կարինե Գևորգյանը կարծում է, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը պարզապես պետք է ընդունել։ Այդ առումով անվերադարձելիության կետը դեռ չի անցել։ Որոշ սառեցում դեռ հնարավոր է հաղթահարել: «Չպետք է խուճապի մատնվել, պետք է ընդունել, որ հայ հասարակության տրամադրությունները հակառուսական են։ Կարծում եմ, որ մեր կապերը դեռ չեն մեռել, դեռ վաղ է թաղելու համար։ Դրանք ամենաուժեղն ու ամենալուրջն են։ Մեր թշնամին, ով մեծ ներդրում է ունեցել դրանք խաթարելու գործում, անխուսափելիորեն նույնպես կթուլանա, թեկուզ և դանդաղորեն։ Մենք պետք է մտածենք, թե ինչպես վերականգնել Ռուսաստանի դիրքերն ու ժողովրդականությունը տարածաշրջանում: Անձամբ ես կարծում եմ, որ հարցը կարելի է շտկել։ Հարցն այն է, որ ավելի վաղ, գուցե, առանց այս իրադարձությունների մեծ ջանքերի կարիք չլիներ, բայց հիմա պետք է ինչ որ բան ձեռնարկել, նախապատրաստվել»,- կարծում է Գևորգյանը։

Մեր իշխանությունները, ըստ ամենայնի, հավատարիմ են նույն դիրքորոշմանը։ Այսպիսով, Մոսկվան երբեք չի հերքում Հայաստանին օգնությունը։ Դա է վկայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը, որը տեղի է ունեցել գրեթե մեկ ամիս առաջ։ Ինչպես հայտնի է, Ռուսաստանը հաստատել է իր պատրաստակամությունը շարունակելու աջակցել և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին խաղաղության համաձայնագրի մշակման, ինչպես նաև սահմանների սահմանազատման խթանման գործում։

tsargrad.tv-ի զրուցակիցը հավելել է, որ այս պահին դժվար է դատել, թե արդյո՞ք Հայաստանը կարող է դասվել Ռուսաստանի դաշնակիցների շարքին։ Բայց նույնը կարելի է ասել նաև որոշ այլ երկրների մասին: «Հարց, նա մեր դաշնակիցն է, թե՞ արդեն թշնամի է։ Մենք ունենք բազմաթիվ դաշնակիցներ, ունենք Ադրբեջան, որը ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և Ղրիմը որպես Ուկրաինայի մաս, նա նույնպես մեր դաշնակիցն է, միայն թե մի փոքր այլ ձևաչափով։ Ուստի ես կհրաժարվեի այդ տերմիններից՝ «դաշնակից», «թշնամի», «ընկեր»։ Միակ երկիրը, որը պատրաստ է համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիր ստորագրել Ռուսաստանի հետ, Իրանն է։ Հետևաբար, իմ տեսանկյունից, այսօր այդ տարածաշրջանի անվտանգությունը, հաշվի առնելով Ռուսաստանի զբաղվածությունը սահմանի այլ հատվածներում՝ Ուկրաինայում, Բալթյան տարածաշրջան, Խաղաղ օվկիանոս, Հյուսիսային սառուցյալ օվկիանոս և այլն, կարող է լիովին ապահովել միայն Իրանը»,- եզրափակել է Գևորգյանը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular