ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ղարաբաղյան գերիներ. ի՞նչ է կատարվում Ռուբեն Վարդանյանի և մյուս հայերի հետ ադրբեջանական բանտերում 

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Անցած սեպտեմբերին, տասնամսյա շրջափակումից հետո, Լեռնային Ղարաբաղն անցավ Ադրբեջանի լիիրավ իրավասության տակ։ Այդ օրերին ադրբեջանցի սահմանապահները ձերբակալեցին ութ հայերի՝ չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին ռազմական և քաղաքական առաջնորդներին, գրում է bbc.com-ը։ Նրանց թվում են երեք նախկին նախագահներ՝ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը։ Բայց այս խմբից ամենահայտնին ռուսաստանաբնակ հայ միլիարդատեր Ռուբեն Վարդանյանն է, ով ԼՂՀ կառավարությունում մի քանի ամիս զբաղեցրել է վարչապետի պաշտոնը։

Սեպտեմբերի սկզբին Ադրբեջանի գլխավոր դատախազը հայտարարեց, որ հետաքննությունն ավարտվել է, և որ Ղարաբաղի նախկին ղեկավարների գործերը շուտով կներկայացվեն դատարան։ Դա, թերևս, ձերբակալությունից հետո առաջին հայտարարությունն էր նրանց ճակատագրի մասին։

Մեկ տարի առաջ ադրբեջանական լրատվամիջոցներում ակտիվորեն լուսաբանվում էր նախկին պաշտոնյաների ձերբակալությունը, բայց դրանից հետո նրանց մասին նոր կադրեր չեն հրապարակվել։ 2023 թվականի մարտին ադրբեջանական պետական AzTV հեռուստաալիքը հայտարարեց ԼՂՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի և ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանի հետ հարցազրույցի մասին, սակայն հաղորդումը եթերից հանվեց։ «Հարցազրույցների հեռարձակումը կախված է ոչ միայն մեզանից։ Մենք կանգնած ենք հարցի առաջ, թե որքանո՞վ է նպատակահարմար այն հրապարակել հիմա», - չեղարկման պատճառներն է բացատրել հեռուստաալիքի ներկայացուցիչը: Այդ ժամանակից ի վեր բանտարկյալները չեն հայտնվել լրատվամիջոցներում։

Bbc.com-ը կապ է հաստատել երկու ձերբակալված նախկին պաշտոնյաների ընտանիքների անդամների հետ, ովքեր խոսել են անանունության պայմանով։ Երկուսի հարազատներն էլ հայտնել են, որ հեռախոսային կապի մեջ են բանտարկյալների հետ, սակայն չեն կարող իրենք զանգեր կատարել։ «Մենք շատ քիչ բան գիտենք նրա վիճակի մասին: Շփվում ենք, բայց նա չի խոսում իր վիճակի մասին, միայն ասում է, որ ամեն ինչ լավ է։ Սովորաբար ինքս եմ նրան ընտանեկան նորություններ պատմում»,- ասել է զրուցակիցներից մեկը։ Մյուս բանտարկյալի որդին ևս նույն իրավիճակն է նկարագրել. «Ժամանակ առ ժամանակ զանգում է մեզ ասելով, որ իր առողջությունը լավ է։ Չի եղել, որ նա երկար խոսի»։

Բանտարկյալների ընտանիքները հասկանում են, որ մոտ ապագայում կարող են չտեսնել իրենց հարազատներին։ «Մենք հույս ունենք, որ կազատվի, բայց դրա համար դեռ իրական նախադրյալներ չենք տեսնում»,- bbc.com-ին տված հարցազրույցում ասել է հարազատներից մեկն ավելացնելով, որ  իրենց ընտանիքը Հայաստանի կառավարությունից գրեթե ոչ մի օգնություն չի ստացել:

Ղարաբաղի հայերի նախկին ղեկավարների հարազատները փորձում են մանրամասներ չբացահայտել նրանց պահման պայմանների մասին, որպեսզի չվատացնեն նրանց առանց այն էլ խոցելի վիճակը։ Սակայն Ռուբեն Վարդանյանի իրավաբանների միջազգային թիմն այլ մարտավարություն է ընտրել: Այս տարվա հունիսին կոչ է ուղարկվել ՄԱԿ-ի Խոշտանգումների հարցերով հատուկ զեկուցողին դատապարտելու Վարդանյանի նկատմամբ կիրառվող վատ վերաբերմունքն ու խոշտանգումները։ Նամակում ասվում է, որ Վարդանյանի կողմից 2024 թվականի ապրիլին հացադուլ հայտարարելուց հետո նրան պատժել են պատժախցում՝ զրկելով սննդից ու խմելու ջրից։

Փաստաբաններն ասում են, որ մեկուսացման պայմաններում խցի լույսերը շուրջօրյա չեն անջատել, Վարդանյանին ստիպել են երկար ժամանակ կանգնել, զրկել են զուգարանի թղթից, լվացվելու և ներքնազգեստ և հագուստ փոխելու հնարավորությունից։ Աշխարհի մի շարք հայտնի գործիչներ՝ Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնից մինչև Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բեռնար Կուշները, կոչ են արել Ադրբեջանին ազատ արձակել Վարդանյանին։ 2024 թվականի օգոստոսին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Բաքու կատարելիք այցից առաջ Ռուսաստանի հայերի միությունը խնդրել է նրան բարձրացնել Ղարաբաղի հայ առաջնորդների հարցը Բաքվում բանակցությունների ժամանակ։

Վարդանյանը կալանավորվել է Ղարաբաղում «ահաբեկչություն ֆինանսավորելու», ապօրինի զինված խմբավորումներ ստեղծելու և Ադրբեջանում ապօրինի գտնվելու մեղադրանքով։ Չճանաչված ԼՂՀ մյուս ղեկավարները մեղադրվում են խոշտանգումների, ահաբեկչական գործողությունների կամ ազգային ատելություն սերմանելու մեջ։ Օրինակ Արայիկ Հարությունյանը մեղադրվում է 2020 թվականի ղարաբաղյան պատերազմի ժամանակ երկրի տարածքը ականապատելու, ապօրինի ռազմական կազմավորումներ ստեղծելու, ապօրինի զենք ներմուծելու և ադրբեջանական քաղաքները գնդակոծելու մեջ։

Վերջին տարում Բաքուն և Երևանը սկսել են ուղիղ բանակցել՝ առանց Ռուսաստանի կամ Արևմուտքի միջնորդության։ Երկու կողմերն էլ ասում են, որ ձգտում են խաղաղության պայմանագիր կնքել որքան հնարավոր է շուտ, բայց ինչ-որ բան շարունակում է խանգարել դրան: Այնուամենայնիվ, կան նաև հաջողություններ: Դրանցից մեկը կարելի է համարել երկու երկրների սահմանի սահմանազատման գործընթացը։ Մյուսը նախորդ տարվա դեկտեմբերին ռազմագերիների փոխանակումն էր, երբ Ադրբեջանն ազատ արձակեց գերեվարված 32 հայերի, իսկ Հայաստանը վերադարձրեց երկու ադրբեջանցի զինվորների և սատարեց Բաքվի խնդրանքն ընդունելու COP29-ի անցկացման հարցով: Բայց գերիների փոխանակման մեջ ընդգրկված չեն եղել Ղարաբաղի հայերի նախկին առաջնորդները։

Հայաստանը ԱԳՆ մակարդակով դատապարտել է Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ձերբակալությունը և դիմել Արդարադատության միջազգային դատարան։ Սակայն Հայաստանի վարչապետը որպես առաջնահերթություն չի նշում նրանց ազատ արձակումը։

Այդուհանդերձ, հույս կա այդ խնդրի նկատմամբ միջազգային ուշադրության նորացման համար։ Bbc.com-ի հետ զրույցում իրավապաշտպան, հայ բանտարկյալների շահերը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում պաշտպանող Սիրանուշ Սահակյանը և Ռուբեն Վարդանյանի շահերը ներկայացնող փաստաբան Ջարեդ Գենսերը վստահություն են հայտնել, որ նոյեմբերին COP29-ի մոտեցումը կարող է ևս մեկ անգամ համաշխարհային հանրության ուշադրությունը հրավիրել ռազմագերիների խնդրի վրա։ Գենսերը մարդու իրավունքների հայտնի ամերիկացի փորձագետ է, ով մասնագիտացած է քաղբանտարկյալների հարցում: Նա ընդգծել է, որ միջազգային հանրությունը կարևոր դեր է խաղում այդ հարցում. «Միջազգային դատարաններում կան բազմաթիվ դերակատարներ, ովքեր խորապես մտահոգված են այն ամենով, ինչ կատարվում է Ադրբեջանում։ Ալիևը կարող է փորձել փախչել կամ թաքնվել այդ ճշմարտությունից, բայց դա կհանգեցնի նրա համար հսկայական հեղինակության հետևանքների, որոնք միայն կավելանան COP29-ի մոտենալուն զուգահեռ»:

Բանտարկյալների ազատ արձակման հույսերը կապված են նաև արևմտյան քաղաքական գործիչների հայտարարությունների հետ։ Այսպես, սեպտեմբերի սկզբին ԱՄՆ Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Բեն Քարդինը կոչ արեց նախագահ Ալիևին ազատ արձակել հայ բանտարկյալներին և ադրբեջանցի ակտիվիստներին ու լրագրողներին, ովքեր կալանավորվել են երկրում կոռուպցիայի կամ մարդու իրավունքների խախտումները լուսաբանելու համար: Միջազգային կարևոր իրադարձություն հյուրընկալելը, ինչպիսին է COP29-ը, պետք է ընդունող երկրին պարտավորեցնի հարգել խոսքի և հավաքների ազատությունը, ասել է սենատորը։
ԱՄՆ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները նույնպես պարբերաբար բարձրաձայնում են հայ բանտարկյալների ճակատագրի մասին և Ադրբեջանին կոչ են անում վերաբերվել նրանց մարդկայնորեն և միջազգային իրավունքին համապատասխան։

Ադրբեջանում ակտիվիստների համաներումներ նախկինում եղել են, նշել է Չաթեմ Հաուսի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի գիտաշխատող Լոուրենս Բրոերսը, հետևաբար, COP29-ին ընդառաջ չի կարելի բացառել բանտարկյալների ազատ արձակումը, սակայն առայժմ ոչինչ չի մատնանշում նման հեռանկարը: «Ես միայն խոսակցություններ եմ լսել, որ դա կարող է տեղի ունենալ»,- ասել է փորձագետը։
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շրջանակներում պետք է քննարկվեն բոլոր ձերբակալված հայերի ազատ արձակման հարցը, բայց այդ հարցում Հայաստանի իշխանությունների ջանքերն անբավարար են թվում։ «Ճնշումը պետք է լինի միջազգային հանրության կողմից։ Հայաստանն ինքնուրույն ի վիճակի չէ անհրաժեշտ ճնշում գործադրել: Եթե նա մնա պասիվ դիրքերում և չդիմի միջազգային հանրությանն աջակցության համար, ապա անհրաժեշտ ճնշումը պարզապես չի լինի»,- ասել է Սահակյանը։

Վարդանյանի շահերի ներկայացուցիչ Ջարեդ Գենսերը պաշտոնական Երևանի ջանքերը գնահատել է որպես «լիակատար ձախողում»։ Նա պնդել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունների շրջանակներում գերիների ազատ արձակման հարցն անգամ չի բարձրացվում։

Հայաստանի ԱԳՆ-ն, ի պատասխան bbc.com-ի հարցման, հայտարարել է, որ հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց և ԼՂՀ նախկին ղեկավարների վերադարձը «առաջնահերթություն է համարվում և այդ հարցը մշտապես է գտնվում ՀՀ արտաքին գործերի նախարարության ուշադրության կենտրոնում»: Սակայն Հայաստանի վարչապետի վերջին հայտարարությունները վկայում են այն մասին, որ գոնե Վարդանյանը չպետք է հույսը դնի Երևանի վրա։ Սեպտեմբերի սկզբին կայացած մամուլի ասուլիսում Փաշինյանը Վարդանյանի ճակատագրի պատասխանատվությունը փաստացի գցել է Ռուսաստանի վրա։ «Ինչպե՞ս եղավ, որ Ռուբեն Վարդանյանը հրաժարվեց ՌԴ քաղաքացիությունից, ո՞վ է նրան խորհուրդ տվել գնալ այս քայլին, ո՞վ է ուղարկել կամ գործուղել Հայաստանի Հանրապետություն, Լեռնային Ղարաբաղ, ի՞նչ նպատակով, ի՞նչ պայմաններով, ի՞նչ խոստումներ են տվել», - հարցեր է հնչեցրել ՀՀ վարչապետն ի պատասխան նրա ճակատագրի մասին լրագրողների հարցին։

Այդ ակնարկները նման են Ադրբեջանի պետական լրատվամիջոցների հռետորաբանությանը, որտեղ Վարդանյանին անվանում են Ղարաբաղ ուղարկված Կրեմլի գործակալ։ Երկու երկրների ղեկավարների դիրքորոշումներն այդ հարցում այնքան նման է, որ անկախ լրագրողներն ուղղակիորեն հավասարեցնում են նրանց։

«Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնական քարոզչությունը մի քանի տարի շարունակ պնդում է, որ Ռուբեն Վարդանյանին Պուտինն է ուղարկել Հայաստան, այնուհետև Լեռնային Ղարաբաղ»,- իր սյունակում գրում է «Առավոտ» թերթի խմբագիր Արամ Աբրահամյանը։
Ի՞նչ է լինելու հաջորդիվ:

Ղարաբաղի հայերի առաջնորդների դատավարությունների ելքը դեռ պարզ չէ, ձգձգումները կարող են խաղալ ինչպես ի շահ բանտարկյալների, այնպես էլ ի վնաս: COP29 կլիմայական համաժողովը, հավանաբար, կլինի Ադրբեջանի համար առավելագույն միջազգային ուշադրության պահը։ Չճանաչված ԼՂՀ-ի ղեկավարության կալանավորումն Ադրբեջանի համար կարևոր խորհրդանշական հաղթանակ է, ասել է Լոուրենս Բրոերսը։ Կարելի է ակնկալել, որ նրանց դատավարությունները կդառնան լրատվական տեսարաններ, որը կհաստատի Ադրբեջանի տեսակետը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ։

Բաքուն վերջերս հերթական անգամ մերժել է ԼՂՀ նախկին ղեկավարների նկատմամբ մեղմ վերաբերմունքի հնարավորությունը։ «Ինչ վերաբերում է ռազմագերիների վերադարձին, ապա Ադրբեջանը պարտավոր չէ ազատ արձակել ռազմական հանցագործներին և անջատողական խունտայի ռեժիմի ներկայացուցիչներին», - ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։ Սակայն բանտարկյալների հարազատները փորձում են հույսը չկորցնել։ «Եթե դատավճիռ դեռ չի կայացվել, նշանակում է, որ ամենայն հավանականությամբ ինչ-որ գործողություններ են կատարվում։ Երևի իսկապես ինչ-որ բան փոխվի»,- bbc.com-ի հետ զրույցում հույս է հայտնել ընտանիքի անդամներից մեկը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular