ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետդումայում կտրուկ են արձագանքել ՀԱՊԿ-ի մասին Փաշինյանի հայտարարությանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանը պետք է վերանայի Հայաստանի հետ հարաբերությունները երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատճառով, կարծում է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի առաջին տեղակալ Վիկտոր Վոդոլացկին։ News.ru-ի հետ զրույցում խորհրդարանականն ընդգծել է, որ այդ հայ քաղաքական գործիչը «քայլում է դեպի Արևմուտք» և պատրաստ է գնալ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ճանապարհով։ Նրա կարծիքով ՀԱՊԿ-ից սպառնալիքի մասին Փաշինյանի հայտարարությունը «նույն շղթայի օղակն է»:

«Այսօր Փաշինյանն արդեն ամբողջությամբ լողում է դեպի Արևմուտք և ցանկանում է Հայաստանի քաղաքացիների հետ կրկնել նույնը, ինչ Զելենսկին արեց Ուկրաինայի քաղաքացիների հետ։ Նա սկսել է հստակ հետևել այն բոլոր հրահանգներին, որոնց նախկինում հետևել էր Զելենսկին», - ասել է պատգամավորը։

Ըստ նրա Փաշինյանը վտանգում է Հայաստանը ներքաշել նույն քաոսի ու անօրինականության մեջ, որն այժմ առկա է Ուկրաինայում։ Վոդոլացկին կարծում է, որ արևմտյան երկրների կողմից անցկացվող զորավարժություններն արդեն իսկ խոսում են Հայաստանի համար ձևավորված ծրագրի մասին։ Խորհրդարանականը նշել է, որ ամեն ինչ կախված է երկրի քաղաքացիներից. արդյո՞ք նրանք ցանկանում են պահպանել խաղաղությունը և հսկայական նախապատվությունները, թե՞ գնալ Կիևի ճանապարհով։

Նա նաև նշել է, որ Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի հետ տնտեսական կապերը չխզելու պլանների մասին Փաշինյանի խոսքերը «տխրահռչակ մոդել» են, իբր դրա շնորհիվ երկիրը կկարողանա շարունակել էժան էներգառեսուրսներ ստանալ։ Պատգամավորը հավելել է, որ ԵԱՏՄ-ի շնորհիվ է հաջողվել Հայաստանի ՀՆԱ-ն ավելացնել 11 տոկոսով, սակայն, եթե Ռուսաստանի և Հայաստանի միջև բոլոր որոշումներն ու ծրագրերը որոշվում են ԿՀՎ-ի և MI6-ի «սեղանին», ապա անհրաժեշտ է ամբողջությամբ վերանայել տնտեսական հարաբերությունները։ «Փաշինյանը սայթաքուն ճանապարհին է և կարող է խզել բոլոր նորմալ, մարդկային, ընտանեկան հարաբերությունները: Առաջին հերթին պետք է մտածել, թե ինչ հետևանքներ կարող են լինել այն քաղաքացիների համար, ովքեր չեն կարողանա հանդիպել միմյանց, շփվել միմյանց հետ դրանից բխող հետագա հետևանքներով»,- եզրափակել է Վոդոլացկին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին, քանի որ այդ կառույցը սպառնալիքներ է ստեղծում հանրապետության ինքնիշխանության համար։ Նրա խոսքով, Երևանն այս պահին կազմակերպության հետ հարաբերություններում մոտ է անվերադարձելիության կետին։ Միաժամանակ, Հայաստանի վարչապետը նշել էր, որ հանրապետությունը մտադիր չէ խզել տնտեսական կապերը ո՛չ Ռուսաստանի, ո՛չ ԵԱՏՄ-ի հետ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular