Դադարեցվե՞լ են ռազմական հանցագործություններ կատարած ադրբեջանցիների նկատմամբ քրեական հետապնդումները. Ինչու է ՔԿ-ն լռում և ում շահերն է պաշտպանում․ «Փաստինֆո»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրգիշտի Քյարամյանի ղեկավարած կառույցը պաշտպանության տակ է վերցրել մարդկության դեմ ուղղված հանցագործություններ կատարած Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը։
Անցած 4 տարիների ընթացքում իրավապաշտպանները բազմիցս բարձրաձայնել են ադրբեջանցիների կողմից մարդկության դեմ կատարված հանցագործությունների, ռազմական հանցագործությունների մասին։ Այդ թվում՝ հայտնի են բազմաթիվ դեպքեր գերիների խոշտանգման, բռնի անհետացման, նաև դիակապտության մասին։
«Փաստինֆոն»-ն գրավոր հարցում է ուղարկել ՀՀ ՔԿ՝ խնդրելով տեղեկություններ տրամադրել, թե քանի քրեական վարույթ է նախաձեռնվել գերության մեջ հայտնված քաղաքացիական անձանց, զինվորականների խոշտանգման, սպանության դեպքերի հատկանիշներով, քանի անձ է տուժող ճանաչվել, արդյոք նույնականացվե՞լ են գերության մեջ հայտնված անձանց նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած ադրբեջանցի զինծառայողները, եթե այո, ապա քանի՞ անձի նկատմամբ է քրեական հետապնդում իրականացվում և ի՞նչ հատկանիշներով, արդյոք հետախուզում հայտարարվա՞ծ է նրանց նկատմամբ, ադրբեջանական ԶՈՒ քանի՞ հրամանատարի նկատմամբ է հետապնդում իրականացվում և ի՞նչ հատկանիշներով, եթե իրականացվում է։
«Փաստինֆո»-ն հարցումն ուղարկելուց 20 օր անց ՔԿ-ից գրություն է ստացել տեղեկության տրամադրումը մերժելու մասին՝ նախաքննության գաղտնիությամբ։
«ՀՀ ՔԿ ԶՔԳՎ-ում իրականացվող քրեական վարույթների շրջանակներում քննության առկա են դարձվել 2020թ․ Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված 44-օրյա ագրեսիվ պատերազմի և դրան հաջորդած ագրեսիաների ակտերի ընթացքում ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց նկատմամբ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող արարքները, այդ թվում՝ սպանությունները, խոշտանգումները, անմարդկային վերաբերմունքը և այլն»,- նշել են ՔԿ-ից, ապա ավելացրել, որ մյուս հարցադրումների մասով տեղեկության տրամադրումը հնարավոր չէ, քանի որ պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ։
Եվ սա այն դեպքում, երբ հարցմամբ հայցվել էին բացառապես թվային տվյալներ, ինչը ուղղակի չի կարող համարվել նախաքննական գաղտնիք։ Ավելին, հետախուզվողի անձի մասին տեղեկությունն ինքնին չի կարող լինել նախաքննական գաղտնիք, քանզի նրա անունն ու նկարը պետք է տարածվի՝ հայտնաբերվելու համար։
Հատկանշական է, որ մի քանի ամիս առաջ «Փաստինֆո»-ն կրկին հարցում էր ուղարկել ՔԿ, որին պատասխանելով՝ նույն ԶՔԳՎ-ն հայտնել էր, որ Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմի վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության և զինված ուժերի շուրջ 20 ներկայացուցչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։ Թե ինչ է փոխվել այս ընթացքում, արդյոք արդեն դադարեցրե՞լ են քրեական հետապնդումները՝ ադրբեջանցիների նկատմամբ, ինչով պայմանավորված էլ այժմ գաղտնիք է համարվում տեղեկությունը, թե՞ պարզապես իրավապահները որոշել են կրկին այս իշխանությունների հետ մեկ ալիքի վրա լինել՝ պարզ չէ։
Ի դեպ, ՔԿ նախագահը նույնպիսի ջանասիրությամբ չի մտածում նախաքննական գաղտնիության մասին, ու պարբերաբար հայտարարություններ են արվում պատերազմի ընթացքում հայ զինվորականներին վերագրվող ինչ-որ արարքների մասին՝ մտայնություն ձևավորելով, թե մեր զինվորականները «ռազմական հանցագործներ» են, հրապարակվում են նաև մեղադրյալի կարգավիճակում գտնվող զինվորականների վերաբերյալ վիճակագրական տվյալներ, մինչդեռ ադրբեջանցիների պարագայում դա ոչ հրապարակման ենթակա տեղեկատվություն է։