ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ս. Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է այսօր

ՄՇԱԿՈՒՅԹ

Ս. Գևորգը Կապադովկացի բարեպաշտ քրիստոնյա ընտանիքի զավակ է: Զինվորագրվելով հռոմեական բանակին` իր ցուցաբերած քաջության և հավատարմության շնորհիվ կարճ ժամանակամիջոցում արժանացել է հազարապետության պատվին: Կայսեր հրավիրած խորհրդակցության ժամանակ ընդդիմացել է քրիստոնյաներին հալածելու նրա ծրագրին` բացահայտելով իր քրիստոնյա լինելը: Կայսրը, զարմացած ու ապշած տեղի ունեցածից, բանտարկել է սրբին` ենթարկելով անլուր չարչարանքների: Ս. Գևորգի քարոզների շնորհիվ շատերը դարձի են եկել, որոնց թվում էր նաև Ալեքսանդրիա թագուհին: Մի կախարդի պատվիրում են, որ երկու բաժակ դեղ պատրաստի սրբին դարձի բերելու համար: Առաջին բաժակը խմելուց հետո սուրբը պիտի մտքափոխվեր, իսկ երկրորդից հետո` մեռներ: Բայց Գևորգն առ Աստված ունեցած հավատի շնորհիվ խմում է երկու բաժակն էլ և ի զարմանս բոլորի` կենդանի մնում: Նա նաև հարություն է տալիս մի մեռյալի: Կայսեր բազում թախանձանքներից հետո, Գևորգը վերջապես համաձայնվում է կուռքերին զոհ մատուցել: Սակայն հասնելով կռատուն մեկառմեկ ջարդում է բոլոր կուռքերը` ցույց տալով դրանց սուտ և սին լինելը: Այս հանդուգն արարքի համար Դիոկղետիանոս կայսրը 303 թվականին գլխատել է տալիս Ս. Գևորգին:

Ադոկտոսը նահատակվել է 320 թվականին, հայկական Մելիտենեում, Մաքսիմիանոսի ժամանակ: Պետական պաշտոնյա է եղել Եփեսոսում: Չցանկանալով իր աղջկան` Կալիսթենեին կնության տալ հեթանոս կայսեր, նրան փախցնում է արևելք: Քիստոնյա լինելու պատճառով, կայսեր հրահանգով զրկվում է կոչումից և ունեցվածքից և վտարվում Մելիտենե: Տեղի կուսակալին չի հաջողվում Ադոկտոսին հեթանոս դարձնել: Անսասան մնալով իր հավատին` գլխատվում է: Սրբի կինն ու մյուս աղջիկը` Պելոպիան թաղում են նրան: Կոստանդիանոս կայսեր քույրը` Կոստանցան, պաշտպանում է Կալիսթենեին, որը հոր մասունքները տեղափոխում է Եփեսոս, ուր հետագայում սրբի գերեզմանի վրա մատուռ է կառուցվում:

Ռոմանոս Երգեցողը համարվում է շարականների կանոնների ստեղծողը: Եղել է սարկավագ Կ. Պոլսի Ս. Սոփիա եկեղեցում: Լավ երգել և կարդալ չկարողանալու պատճառով անարգվել է շատերի կողմից: Ս. Աստվածածինը հայտնվել է նրան երազում և տվել է մի թղթագլան` հրամայելով ուտել, որից հետո Ռոմանոսն ստացել է շարականներ գրելու և կատարելու բացառիկ շնորհ: Վախճանվել է 556 թվականին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular