ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մարմաշեն վանական համալիրի տարածքում տեղի կունենա «Ախուրյան շուրջպար» տոնակատարությունը

ՄՇԱԿՈՒՅԹ

Հոկտեմբերի 13-ին Մարմաշեն վանական համալիրի տարածքում տեղի կունենա «Ախուրյան շուրջպար» մեծամասշտաբ տոնակատարությունը: Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից:

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանի, աշխատակազմի պատասխանատուների հետ նախօրեին հյուրընկալել է Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանին և Հայաստանի ազգային պարարվեստի միության անդամ, պարուսույց, «Մարինա» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Լիպարիտ Մարկոսյանին:

Հանդիպման ժամանակ քննարկվել են «Ախուրյան շուրջպար» տոնակատարության կազմակերպչական աշխատանքներին առնչվող հարցեր։

Շիրակի մարզպետը կարևորել է այդօրինակ միջոցառման անցկացման գաղափարը` նշելով, որ մեծամասշտաբ միջոցառումը կվկայի միասնականության, համախմբվածության ու հայրենասիրության մասին` համայնքում ավանդական պար ունենալը համարելով կարևոր իրադարձություն:

Մուշեղ Մուրադյանը հավաստել է, որ մարզպետի աշխատակազմը կանի հնարավորը լիազորությունների շրջանակում, միջոցառումը պատշաճ կազմակերպելու և անցկացնելու նպատակով` առանձնահատուկ կարևորելով բոլոր ծառայությունների համագործակցված աշխատանքը` դեպքերից ու խնդիրներից զերծ մնալու համար։

Զավեն Մանուկյանը նշել է, որ «Ախուրյան շուրջպար» տոնակատարությունը համայնքի համար տարվա ամենամեծ միջոցառումն է լինելու և իրենք ևս ամեն ինչ անում են միջոցառումը բարձր որակով իրականացնելու համար:

Լիպարիտ Մարկոսյանը տեղեկացրել է, որ նախաձեռնող խումբը արդեն շրջել է Ախուրյան համայնքի բնակավայրերում և 700-ից ավելի ախուրյանցիների անվճար ուսուցանել են պարը:

«Ախուրյան շուրջպար» տոնակատարությունը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13:00-ին, Մարմաշեն վանական համալիրի տարածքում:

Շուրջպարին միանալու է 12 տարեկանից բարձր շուրջ 2000 մասնակից՝ պարելով նոր մշակված «Ախուրյան» ավանդական պարը։

Պար ունենալու մտահղացումը Ախուրյանի բնակիչ Մելիք Խաչատրյանինն է եղել, ով գաղափարն իրականացնելու համար դիմել է Լիպարիտ Մարկոսյանին, վերջինս էլ նախաձեռնել է պարի բեմադրության բոլոր հարցերը: Պարը վերամշակել է Հայաստանի ազգային պարարվեստի միության նախագահ, «Բերդ» պարային անսամբլի գեղարվեստական ղեկավար Կարեն Գևորգյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular