ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում նոր գյուղ կստեղծվի. Սանահինը կբաժանեն Ալավերդի քաղաքից

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ալավերդի քաղաքի թաղամասի կարգավիճակ ունեցող Սանահինը գյուղի կարգավիճակ կստանա: 

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը: 

«Ալավերդի համայնքի ավագանին խնդրել է կառավարությանը հանդես գալ նախաձեռնությամբ և Սանահին թաղամասը, որը 1996 թվականից Ալավերդի համայնքի թաղամաս է, առանձնացնել և որպես առանձին գյուղ ընդգրկել Ալավերդի խոշորացված համայնքի կազմում»,-ասաց Տերտերյանը:

Փոխնախարարը նշեց, որ վերջին տարիներին Լոռու մարզը դարձել է զբոսաշրջային ամենահետաքրքիր ուղղություններից մեկը, իսկ Սանահինն այդ ուղղության անկյունաքարային բնակավայրերից մեկն է: 

Սանահինն առաջին հերթին հայտնի է Սանահինի վանական համալիրով, որը Հաղպատի վանքի հետ միասին ՅՈԻՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս է: Սանահինի պատմությունը սկսվում է վանական համալիրի հիմնադրմամբ՝ 10-րդ դարից:

«Համոզված ենք, որ Սանահին գյուղն առանձնացնելով որպես պատմամշակութային ինքնուրույն և կոլորիտ ունեցող բնակավայր՝ հնարավոր կլինի ավելի արագ ու ավելի արդյունավետ զարգացնել այն: Բացի այդ՝ այն 273 տնտեսություն  և 200 մշտական բնակվող տնտեսություն ունեցող բնակավայր է: Աշխարհագրորեն այն Ալավերդի համայնքից որոշակի առանձնացվածություն ունի»,–ասաց Տերտերյանը՝ նկատելով, որ Սանահինը զբոսաշրջային բուկլետներում նշվում է որպես առանձին գյուղ, ոչ թե Ալավերդու թաղամաս: 

Այս պահին Սանահինը չունի վարչական ղեկավար ու օպերատոր, բնակիչները, օրինակ, մի տեղեկանքի համար ստիպված են հասնել Ալավերդու համայնքապետարան: Գյուղի կարգավիճակ ստանալուց հետո Սանահինը կունենա վարչական շենք, վարչական ղեկավար ու օպերատոր: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular