ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միշուստինը գնում է առանցքային ռեգիոն, որպեսզի վերադարձնի դաշնակցին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 ՌԴ Վարչապետ Միխայիլ Միշուստինը Երևանում մասնակցելու է Եվրասիական միջկառավարական խորհրդի (ԵՄԽԽ) աշխատանքներին։ Ինչպես պարզաբանել են փորձագետները ura.news-ի հետ զրույցում, վարչապետի այցը տեղի կունենա այն բարդ իրավիճակի ֆոնին, որում հայտնվել է Հայաստանը։ 

Միշուստինի այցը Երևան մեծապես կապված է այն բարդ իրավիճակի հետ, որում հայտնվել է Հայաստանը, ասել է Ռուսաստանի ազգային տնտեսության և պետական կառավարման ակադեմիայի Պետական հետազոտությունների ինստիտուտի արտաքին տարածաշրջանային հետազոտությունների և միջազգային համագործակցության ամբիոնի պրոֆեսոր Վադիմ Եվսեևը։

Նրա խոսքով, Հայաստանը հայտնվել է շատ բարդ իրավիճակում, քանի որ հույսը դնում է Արևմուտքի վրա, իսկ Ռուսաստանին օգտագործում է իր շահերից ելնելով։ Միշուստինը գնում է Անդրկովկաս Հայաստանի իշխանությունների տոնայնությունն իջեցնելու և կոնսենսուսի հասնելու համար, հավելել է ura.news-ի զրուցակիցը։ «Հայաստանը «խրված» է ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև և երկար չի դիմանա այդ վիճակում, նրբորեն ակնարկելն այդ մասին օգտակար կլինի», - նշել է պրոֆեսորը։

Որպես փաստարկ Եվսեևը բերել է իր հետազոտությունը, որտեղ նա վերլուծել է ԵԱՏՄ անդամների միջև տնտեսական կապերի աստիճանը։ «Հիմնվելով նմանության տեսության վրա ես տեսա, որ այժմ Ռուսաստանն ամենաուժեղ հարաբերություններն ունի Բելառուսի հետ։ Քիչ թե շատ ուժեղ կապ է նկատվում Ղազախստանի և Ղրղզստանի հետ։ Հայաստանը հետ է մնում, նա այլ գաղափարախոսություն ունի, սկսել են այլ քաղաքականությունից ու տնտեսությունից կառչել։ Այդ ամենը ոչ միայն իմ կարծիքն է, այլ նաև արտացոլվում է այլ միջազգային ցուցանիշների համակարգում։ Հայաստանն ավելի ու ավելի վատ է փոխկապակցվում այն գաղափարախոսության հետ, որն առկա է ԵԱՏՄ-ում»,- կիսվել է փորձագետը։


Միշուստինը կփորձի կայունացնել տնտեսական հարաբերությունները ԵԱՏՄ-ում, ասել է Կառավարության ֆինանսական համալսարանի Գլոբալ հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Դմիտրի Ժուրավլևը։ «Վերջին շրջանում մենք շատ հաճախ փորձում ենք օգնել ուրիշներին առանց փոխադարձ օգնություն ստանալու: Բայց մեր հարաբերություններում անհրաժեշտ է հավասարակշռության հասնել։ Կարևոր է հասկանալ, որ մենք չենք խոսում գերիշխանության կամ նոր գաղութային համակարգի մասին, ոչ ոք դա չի ուզում, բայց մեր գործընկերները սովոր են Ռուսաստանին տեսնել որպես «կթու կով»: Այդ իրավիճակը չի կարող հավերժ շարունակվել, հատկապես ներկա պայմաններում»,- նշել է ura.news-ի զրուցակիցը։ Վարչապետի առջև ծառացել է ԵԱՏՄ գործընկերներին ավելի ակտիվ փոխշահավետ տնտեսական գործունեության մեջ ներգրավելու դժվարին խնդիրը, կարծիք է հայտնել փորձագետը։ Նպատակն այն է, որ ֆինանսները շարժվեն երկու ուղղությամբ, և ոչ թե միայն Մոսկվայից, հավելել է նա։ Նրա կարծիքով, հարաբերությունների նման մոդելը միության երկրներին թույլ կտա ստեղծել նոր խոշոր ընդհանուր նախագծեր տարբեր ոլորտներում, օրինակ ավիաշինության ոլորտում։ «Մենք միասին պետք է անենք այն, ինչ Ռուսաստանը միայնակ չի կարող անել»,- նշել է Ժուրավլևը։

Միշուստինի համար Երևանում այլ կարևոր թեմաներ կլինեն, օրինակ լոգիստիկան և պատժամիջոցներին հարմարվելը, իր կարծիքն է հայտնել ՄԳԻՄՕ-ի Գիտական դիվանագիտության և հեռանկարային ակադեմիական նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Վյաչեսլավ Սուտիրինը։ «Այստեղ պետք է նշել Հյուսիս-Հարավ միջանցքը։ Անդրկովկասը հարմար վայր է տրանսպորտային ինտեգրման հարցերը քննարկելու համար։ Այստեղ հիմնական թեմաները կլինեն այլընտրանքային լոգիստիկայի զարգացումը, ֆիզիկական ենթակառուցվածքների, ճանապարհների և երկաթգծերի կառուցումը, մուլտիմոդալ փոխադրումների իրականացումը, ինչն ապահովում է արագ բեռնափոխադրումներ»,- ասել է նա։

Ըստ Սուտիրինի Արևմուտքի գործողություններն են ստիպում հետխորհրդային երկրներին ուժեղացնել առևտուրը Ռուսաստանի հետ, հետևաբար, ԵԱՏՄ անդամները Երևանում կքննարկեն միության ընդհանուր շուկայի ամրապնդումը, այդ թվում ֆինանսական հաշվարկների հարցը։ «Այլընտրանքային լոգիստիկան նույնպես շատ կարևոր է պատժամիջոցների համատեքստում։ Միջազգային նշանակության այլընտրանքային տրանսպորտային միջանցքների զարգացումն այլևս ոչ թե ապագան է, այլ ներկան։ Հենց դա էլ կապահովի ԵԱՏՄ ռազմավարական զարգացումը»,- եզրափակել է փորձագետը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular