ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանի նախագահի առաջին տեղակալը վերահաստատել է իր երկրի դիրքորոշումը՝ Իրանը անընդունելի է համարում տարածաշրջանում ցանկացած սահմանային փոփոխություն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կառավարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում նշված է․

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Մոհամմադ Ռեզա Արեֆին:

Վարչապետը շնորհավորել է պարոն Արեֆին պատասխանատու պաշտոնում նշանակվելու առիթով՝ մաղթելով ամենայն բարիք հետագա գործունեության ընթացքում: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Իրանի հետ Հայաստանի հարաբերությունների շարունակական զարգացումը ՀՀ Կառավարության առաջնահերթություններից է: Վարչապետը բարձր է գնահատել Իրանի սկզբունքային և հրապարակային դիրքորոշումը ՀՀ տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված պետական սահմանների անքակտելիության վերաբերյալ:

Մոհամմադ Ռեազ Արեֆին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և շնորհավորել ՀՀ Անկախության տարեդարձի առիթով: ԻԻՀ նախագահի առաջին տեղակալը վերահաստատելով Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիի խոսքերը՝ ևս մեկ անգամ ընդգծել է, որ Իրանը լիովին պաշտպանում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և անընդունելի համարում տարածաշրջանում ցանկացած սահմանային փոփոխություն: Միաժամանակ, նա ընդգծել է Հայաստանի հետ բազմաոլորտ համագործակցության Իրանի նպատակադրումն ու պատրաստակամությունը:

Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջանի խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների վերջին զարգացումներին, տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակմանն ուղղված ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ու դրա սկզբունքներին` շեշտելով, որ Հայաստանը պատրաստ է ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա ապաշրջափակմամբ նպաստել շահագրգիռ պետությունների առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը:

Իր հերթին ԻԻՀ նախագահի առաջին տեղակալն ընդգծել է, որ իր երկիրն աջակցում է ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին և դրանց զարգացմանը, էներգետիկայի, ենթակառուցվածքների, ճանապարհաշինության, զբոսաշրջության և այլ ուղղություններով համագործակցությանը վերաբերող հարցեր:

Մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular