Իրանը հայտարարել է, որ Իսրայելի վրա հարձակումն ավարտված է, Նեթանյահուն խոստացել է պատասխանել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանը հայտարարել է, որ Իսրայելի վրա իր հարձակումն ավարտված է։ Միևնույն ժամանակ Իսրայելը և ԱՄՆ-ն խոստացել են պատասխանել Թեհրանի հարձակմանը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Իրանն Իսրայելի վրա հարձակումը բնութագրել է որպես պաշտպանական՝ նշելով, որ այն ուղղված է եղել բացառապես ռազմական օբյեկտներին։ Ըստ իսրայելական կողմի՝ հարձակման ընթացքում Իրանն Իսրայելի վրա է արձակել ավելի քան 180 բալիստիկ հրթիռ։
Ըստ իրանական Tasnim գործակալության՝ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-մայոր Մոհամադ Հոսեյն Բաղերին հայտնել է, որ Թեհրանը թիրախավորել է Իսրայելի հիմնական ռազմական և հետախուզական բազաները՝ ի պատասխան Իսրայելի «բազմաթիվ հանցագործությունների»։ Նրանց թվում Բաղերին նշել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի, «Հեզբոլլահ»-ի ղեկավար Հասան Նասրալլահի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գեներալ Աբաս Նիլֆորուշանի սպանությունն Իսրայելի կողմից։
Բաղերին հայտնել է, որ հարվածներ են հասցվել Իսրայելի «Մոսադ» հետախուզական ծառայության շտաբին, «Նևաթիմ» ավիաբազային, որտեղ գտնվում են F-15 ինքնաթիռներ, ինչպես նաև «Հաթզերիմ» ռազմակայանին, որն օգտագործվել է Նասրալլահի սպանությունն իրագործելու համար։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել է պատասխանել Թեհրանի հոկտեմբերի 1-ի հարվածին։
«Այսօր Իրանը մեծ սխալ է գործել և կվճարի դրա համար», - ասել է նա հոկտեմբերի 1-ի ուշ երեկոյան անվտանգության կաբինետի արտակարգ հանդիպման ժամանակ։
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը խոսել է Իսրայելի իր պաշտոնակից Յոավ Գալանտի հետ և ասել, որ Վաշինգտոնը պատրաստ է պաշտպանել իր շահերը Մերձավոր Արևելքում։
Ըստ Պենտագոնի՝ Իրանի կողմից Իսրայելի վրա հոկտեմբերի 1-ի հարձակման մասշտաբը երկու անգամ մեծ է եղել ապրիլին իրականացված հարձակումից։
Իսրայելը հայտնել է, որ Իրանի կողմից արձակված հրթիռների մեծ մասը խոցվել է «Իսրայելի և Միացյալ Նահանգների ղեկավարած պաշտպանական կոալիցիայի կողմից»։ Պենտագոնն իր հերթին հայտնել է, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերը դեպի Իսրայել արձակված իրանական հրթիռների դեմ օգտագործել են շուրջ 10 կալանիչ։ Բրիտանիան իր հերթին հայտնել է, որ իր ուժերը դերակատարում են ունեցել «Մերձավոր Արևելքում հետագա էսկալացումը կանխելու ջանքերում»՝ առանց մանրամասներ հաղորդելու։
ԻՀՊԿ-ն հայտնել է, որ Իրանի ուժերն առաջին անգամ օգտագործել են «Ֆաթթահ» հրթիռներ, և որ իրենց արձակած հրթիռների 90 %-ը հասել են իրենց թիրախներին։
Իր հերթին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ԱՄՆ-ի լիակատար աջակցությունն է հայտնել Իսրայելին, իսկ Իրանի հարձակումը բնութագրել է որպես «անարդյունավետ»։ Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը խոստացել է «լուրջ հետևանքներ» Իրանի համար՝ առանց հստակեցնելու, թե ինչպիսին կլինեն այդ հետևանքները։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր հերթին դատապարտել է Իրանի հարձակումն Իսրայելի վրա՝ հավելելով, որ որպես Իսրայելի անվտանգությանը Ֆրանսիայի հանձնառության նշան՝ Ֆրանսիան մոբիլիզացրել է Մերձավոր Արևելքում իր ռազմական ռեսուրսները։
ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը հոկտեմբերի 2-ին նիստ կանցկացնի Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի շուրջ։
Իսրայելը սեպտեմբերի 23-ից ավիահարվածներ է հասցնում Լիբանանին, իսկ հոկտեմբերի 1-ին հայտարարել է այնտեղ ցամաքային գործողություն սկսելու մասին։ Ըստ Լիբանանի կառավարության՝ իսրայելական հարվածներից վերջին մեկ տարվա ընթացքում Լիբանանում գրեթե 1900 մարդ է զոհվել, ավելի քան 9000-ը՝ վիրավորվել, նրանց մեծ մասը՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում։