ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը ADEX-2024 ցուցահանդեսում ցուցադրել է տարածաշրջանում իր մրցակցային ռազմական առավելությունները 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Բաքվում անցկացված ADEX-2024 հոբելյանական հինգերորդ միջազգային պաշտպանական ցուցահանդեսում Ադրբեջանը ներկայացրել է իր ռազմական արտադրության մի շարք նոր արտադրանքներ, այդ թվում ազգային Deftech ընկերության նոր սերնդի DT-101 VTOL անօդաչու թռչող սարքը և մի շարք այլ նոր զինտեխնիկա, գրում է overclockers.ru-ն։ 

Ըստ Defense News Army-ի ամերիկացի ռազմական փորձագետների, Umud Technologies-ի արդիականացված 9K33MB Osa-MB կարճ հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգի շնորհանդեսն է մեծ ուշադրություն գրավել: Այդ մարտական մեքենան նախատեսված է չեզոքացնելու մի շարք օդային սպառնալիքներ, այդ թվում ինքնաթիռներ, ուղղաթիռներ, թևավոր հրթիռներ, անօդաչու թռչող սարքեր և այլ աերոդինամիկ թիրախներ: 9A33MB-ն ունի թիրախի հայտնաբերման 60 կիլոմետր առավելագույն հեռահարություն՝ նախորդ մոդելի 45 կիլոմետրի համեմատ: Ինչպես նշել է ադրբեջանական Umud Technologies արտադրողը, 9A33MB հակաօդային պաշտպանության համակարգի հիմնական առանձնահատկություններից է 0,3 մ2 ռադարային կտրվածք ունեցող թիրախների նույնականացումը, օրինակ անօդաչու թռչող սարքերը, որոնց հայտնաբերման հեռահարությունն առնվազն 18 կիլոմետր է։ Համակարգը կարող է միաժամանակ հետևել մինչև 150 թիրախի և ունի 1500-ից 12000 մետր խոցման միջակայք, իսկ խոցման բարձրությունը 25-ից 6000 մետր է: Թիրախների առավելագույն արագությունը, որը հնարավոր է չեզոքացնել 650 մետր է վայրկյանում։ Համակարգի արձագանքման ժամանակը 8-ից 14 վայրկյան է, իսկ թիրախի ընտրությունն իրականացվում է 40 դԲ արդյունավետությամբ։ Համակարգը հագեցած է ջերմային օպտիկական պատկերման սարքով (TOS), որը թույլ է տալիս ավտոմատ կերպով հետևել թիրախներին ինչպես ցերեկը, այնպես էլ գիշերը։ Այդ մարտական մեքենան շահագործում է չորս հոգանոց անձնակազմը։ 

Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության կողմից ներկայացվել է նաև ZSU-23-4 Shilka ինքնագնաց զենիթային համակարգի արդիականացված տարբերակը, որի հանդեպ հետաքրքրություն են ցուցաբերել նաև օտարերկրյա ռազմական փորձագետները։ Այդ նախագիծն իրականացվել է Elbit Systems-ի, CSG Defense-ի և Sumgayit Technology Park-ի (STP) հետ համագործակցությամբ։ ZSU-23-4 Shilka-ի արդիականացումը զգալիորեն ընդլայնել է այդ մարտական մեքենայի հնարավորությունները, հատկապես անօդաչու թռչող սարքերի և այլ օդային սպառնալիքների դեմ պայքարում: Ամենաուշագրավ ձեռքբերումներից է պտտվող ռադարի տեղադրումը, որն ունակ է 1 մ2 ռադարային կտրվածքով թիրախներ հայտնաբերել 20 կմ հեռավորության վրա։ Այդ ռադարը կարող է միաժամանակ հետևել մինչև 100 թիրախի, ինչը մեծացնում է Shilka-ի հնարավորությունները: Shilka-ն, որի հիմնական զենքը չորս 23 մմ-ոց AZP-23 ավտոմատ թնդանոթներն են, և որոնք կարող են րոպեում արձակել 3400-ից 4000 արկ, շահագործում է չորս հոգուց բաղկացած անձնակազմը: Արդիականացումը ներառում է նաև կրակի կառավարման նոր թվային համակարգը, որը ճշգրիտ հաշվարկում է թիրախներին խոցելու համար անհրաժեշտ շեղումները՝ բարելավելով մեքենայի ընդհանուր մարտական արդյունավետությունը: 

Անօդաչու թռչող սարքերին (ԱԹՍ) հակազդելու ունակությունը բարելավվել է նաև ուղղորդված և բազմակողմ ռադիոհաճախականության խցանման համակարգերի տեղադրմամբ: Շիլկա աշտարակի ձախ կողմում տեղադրված են երեք ուղղորդված խցանման ալեհավաքներ, իսկ հետևի մասում տեղադրված է միակողմանի խցանման ալեհավաք, որն ապահովում է համապարփակ պաշտպանություն անօդաչու թռչող սարքերի սպառնալիքներից: 

 T-72 տանկերի արդիականացումն Ադրբեջանում ևս գրավել է ռազմական փորձագետների ուշադրությունը։ Արդիականացման այս ծրագիրը հաշվի է առնում Ուկրաինայի պատերազմից քաղված դասերը և արտացոլում է կրակային հզորության և զրահատեխնիկայի պաշտպանության ուժեղացման անհրաժեշտությունը: T-72-ի արդիականացումն իսրայելական պաշտպանական Elbit Systems-ի հետ համատեղ է, որը մասնագիտացած է առաջադեմ պաշտպանական տեխնոլոգիաների մեջ: Արդիականացված տանկերը համալրվել են հակակումուլյատիվ պաշտպանական էկրաններով և պաշտպանիչ վանդակավոր կառուցվածքով, որը նախատեսված է տանկի վերին մասը անօդաչու թռչող սարքերի հարվածներից  պաշտպանելու համար: Տեղադրվել է նաև Elbit Systems-ի կողմից մշակված ժամանակակից նշանառության համակարգ, որը մեծացնում է կրակոցների ճշգրտությունն ու արդյունավետությունը:

Ինչպես նշում են արևմտյան ռազմական փորձագետները, արդիականացումներ իրականացնելու կարողությունը՝ միաժամանակ օգտագործելով առկա ռեսուրսները, թույլ է տալիս Ադրբեջանին պահպանել մրցակցային ռազմական առավելությունը տարածաշրջանում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular