ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Բլինկենը կախված է մնացել Բայրամովի և Միրզոյանի միջև»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նյու Յորքում ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենի նախաձեռնությամբ և մասնակցությամբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի ձևաչափում կայացել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և նրա հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հանդիպումը։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները վերջին անգամ հանդիպել են 2024 թվականի հուլիսին Վաշինգտոնում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում։ Մեկնաբանելով ընթացիկ հանդիպման արդյունքները ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն ասել է, որ Բլինկենը «նշել է երկու կողմերի առաջընթացը կայուն խաղաղության ուղղությամբ» և ընդգծել խաղաղության համաձայնագրի ստորագրման հետագա առաջընթացի կարևորությունը, որը, նրա խոսքերով, «երկարաժամկետ կայունություն և բարգավաճում կապահովի տարածաշրջանին»: Այդ կապակցությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է, որ «կողմերը պայմանավորվել են հավելյալ ջանքեր գործադրել որքան հնարավոր է շուտ խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի կնքման համար»։ Արդյո՞ք դա նշանակում է, որ Բլինկենը առաջ է մղում իր միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների անձնական հանդիպում կազմակերպելու սցենար։ Այս մասին իր կարծիքն է հայտնել iarex.ru-ի սյունակագիր Ստանիսլավ Տարասովը։

 «Եթե Երևանն ու Բաքուն պայմանավորվեին նման հանդիպման հարցում, ապա ԱՄՆ-Ադրբեջան-Հայաստան եռյակի կողմից Նյու Յորքի բանակցությունների արդյունքների վերաբերյալ մեկնաբանությունները կլինեին այլ քաղաքական ձևակերպմամբ և տոնայնությամբ։ Բայց դրանք եղել են սովորական և զուսպ։ Բացի այդ, Բլինկենը, խոսելով «կայուն խաղաղության ուղղությամբ երկու կողմերի ձեռք բերած առաջընթացի մասին», փորձել է նախանշել ԱՄՆ-ի դերն այդ գործընթացում։ Բանն այն է, որ խաղաղության պայմանագրի նախագծում կողմերի միջև համաձայնություն է ձեռք բերվել «19 կետերից 16-ի վերաբերյալ», բայց Բաքուն «առանցքային» է համարում մնացած երեք կետերը, որոնց վերաբերյալ դիրքորոշումների տարբերությունները մնում են։ Փաշինյանը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանում, ևս մեկ անգամ հաստատել է Ադրբեջանի հետ «կտրված տարբերակով» խաղաղություն կնքելու իր պատրաստակամությունը։ Ավելին, նա հավելել էր, որ եթե պարզվի, որ խաղաղության պայմանագիրը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը, ապա Երևանը պետք է փոխի Սահմանադրությունը հանուն խաղաղության»,- նշել է քաղաքագետը։

Բայց Բաքվին, ըստ նրա, չի բավարարում Երևանի գործողությունների այդ սցենարն աշխարհաքաղաքական և ներհայկական քաղաքական պատճառներով։ Այդ առնչությամբ Փաշինյանը որոշել է միջնորդական «խաղի» մեջ մտցնել անգամ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով ասել է, որ «Երևանը դիմել է Անկարային Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու հարցում օգնության խնդրանքով»։ «Որոշ տեղեկությունների համաձայն Փաշինյանը «որոշ զիջումներ» է առաջարկել Զանգեզուրի միջանցքի նախագծի իրականացման հարցում ցույց տալով, որ Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում թուլացել են, և որ Թուրքիան է այժմ դառնում առանցքային խաղացող։ Սակայն Էրդողանը պատասխանել է, որ Թուրքիայի «ակնկալիքներն այն են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրներն աստիճանաբար կլուծվեն, քանի որ երկու կողմերը ձգտում են խաղաղության»: Հետևաբար, Բլինկենի բոլոր անձնական ջանքերը հայ-ադրբեջանական խնդիրները լուծելու համար առայժմ զրոյացված են»,- պարզաբանել է Տարասովը։

Նա նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ, մյուս կողմից, հայտնի չէ, թե ե՞րբ կսկսի գործել մոսկովյան միջնորդական բանակցային հարթակը, և արդյո՞ք Բաքվի և Երևանի միջև բանակցությունների հաջորդ փուլն ընդհանրապես կաշխատի այն իրավիճակում, երբ ամբողջ Անդրկովկասում է փոխվում աշխարհաքաղաքական կոնֆիգուրացիան:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular