«Չենք բացառում Լիբանան և Գոլանի բարձունքներ զորք ուղարկելու տարբերակը»․ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան հրամանատար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Թեհրանը Մերձավոր Արևելքում իրավիճակի զարգացման մի քանի տարբերակներ է դիտարկում, որոնցից մեկը դիմադրության ուժերին Իսրայելի դեմ պայքարում օգնելու նպատակով Լիբանան և Գոլանի բարձունքներ զորք ուղարկելն է», -հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան հրամանատարներից Մոհսեն Ռաֆիգդուստը։
«Բոլոր տարբերակները, նույնիսկ Իսրայելի դեմ պայքարելու համար Իրանից զորք ուղարկելը, դիտարկվում են մեր երկրի զինված ուժերի կողմից։ Մենք հնարավորություն ունենք զորք ուղարկել Լիբանան և Գոլան»,- ասել է ԻՀՊԿ հրամանատարը Didban-e Iran հարթակին։
Մոհսեն Ռաֆիգդուստը հավելել է, որ Իրանը հասել է պաշտպանության ոլորտում լիակատար ինքնաբավության մակարդակի՝ արտադրելով սեփական ռազմական տեխնիկա՝ օդում, ցամաքում և ծովում գործողությունների համար։
«Թշնամին պետք է հիշի, որ Իրանին հնարավոր չէ հաղթել»,- ասել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան հրամանատարը։