ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվրամիությունը հրաժարվում է հանդիպել Վրաստանի իշխանության ներկայացուցիչների հետ․ նաև նախապայման են հնչեցրել՝ որ դեպքում Վրաստանը չի դառնա ԵՄ անդամ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«ԵՄ կառույցները որոշել են դադարեցնել բարձր մակարդակի հանդիպումները Վրաստանի իշխանության ներկայացուցիչների հետ»,- հայտարարել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին։

Մենք՝ որպես Եվրամիություն, որոշել ենք բարձր մակարդակի շփումներ չունենալ Վրաստանի ներկայիս կառավարության հետ, այդ պատճառով էլ վերջին ամիսներին ո՛չ բարձր մակարդակի այցեր են կատարվել Վրաստան, ոչ էլ բարձր մակարդակի հանդիպումներ են տեղի ունեցել Վրաստանի իշխանության ներկայացուցիչների հետ»,- ասել է նա։

ԵՄ դեսպանը նշել է նաև, որ Եվրամիությունը պատրաստ է համագործակցել ցանկացած իշխանության հետ, որին կընտրի վրաց ժողովուրդը՝ հոկտեմբերին կայանալիք ընտրություններում, սակայն այն դեպքում, եթե այդ իշխանությունը եվրաինտեգրման քաղաքական կուրս վարի։

«Եթե ​​Վրաստանը դառնա միակուսակցական պետություն, այն կվերածվի երկրի, որտեղ քաղաքական ընդդիմությունն արգելված կլինի, և քաղաքացիական հասարակությունը ստիպված կլքի Վրաստանը, որպեսզի կարողանա շարունակել գործել։

Եթե ​​մարդու հիմնարար իրավունքները, ներառյալ փոքրամասնությունների իրավունքները, չպաշտպանվեն, Վրաստանը ո՛չ այսօր, ո՛չ վաղը չի կարողանա դառնալ Եվրամիության անդամ»,- ասել է ԵՄ դեսպանը։

Նշենք, որ երեկ Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենքը։

Իսկ Վրաստան  և ԱՄՆ, Վրաստան և ԵՄ հարաբերությունները վատացել են «Օտարերկրյա գործակալների մասին օրենքի» ընդունումից հետո։ ԱՄՆ-ն այդ կապակցությամբ հայտարարել էր, որ կվերանայի հարաբերությունները Վրաստանի հետ, դադարեցրել էր Վրաստանին տրամադրվող ֆինանսական օգնությունը, ԵՄ-ից էլ գործընթացը «եվրաինտեգրմանը դեմ» էին համարել։ Սեպտեմբերի 16-ին էլ ԱՄՆ պետքարտուղարությունը պատժամիջոցների իր ցուցակում ներառել է  Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաների։  Բացի այդ, ԱՄՆ-ն  հայտարարել է, որ վիզային սահմանափակումներ է մտցնում Վրաստանի որոշ քաղաքացիների նկատմամբ, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաների, ձեռնարկատերերի, իրավապահների և օրենսդիրների։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular