ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ 3 հոգի հոսպիտալացվել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերի 4-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում «Kia» մակնիշի ավտոմեքենան Առնո Բաբաջանյան փողոցից դեպի Արգավանդի խաչմերուկ տանող հատվածում՝ հետիոտնային անցման վրա, վրաերթի է ենթարկել 4 հետիոտնի։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածներին առաջինը օգնության են հասել հարևանությամբ գործող գազալցակայանի աշխատակիցներն ու քաղաքացիները։

Օպերատիվ են գործել նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի և վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։

Մինչ դեպքի վայրում պարեկները սահմանազատել են տարածքը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Մալաթիայի բաժին, որ վրաերթի ենթարկվածներից 1-ը, գիտակցության չգալով, մահացել է։

Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Ալոյանի, բաժնի պետի տեղակալ Արթուր Ադամյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գեղամ Գալստյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ (խմած) և իր մոտ այդ պահին վարորդական իրավունքի վկայական չի ունեցել։

Դեպքի հարևանությամբ բնակվող քաղաքացիներին էլ իրենց զայրույթն էին հայտնում, ասելով ու մատնանշելով, որ նշված հատվածում հետիոտնային անցումը ոչ ճիշտ ձևով է նշված, արտաքին լուսավորությունն էլ բացակայում է։ Լույսերից միայն մեկն է աշխատում, այն էլ սովետական տարիներից է տեղադրված, հետիոտնի համար նախատեսված ցուցանակն էլ տևական ժամանակ պոկված և ընկած է ու նշված վայրում մահվան ելքով 9-րդ վրաերթն է տեղի ունեցել, իսկ պատկան մարմինները գոնե այս ողբերգական վրաերթից հետո հետևություններ անեն։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular