ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մամա, հույսդ չկտրես, գալու եմ»․ տիկին Նունեն հույսը չի կորցնում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Էսօր առավոտից ձեռքս չէր գնում ինչ որ բան անելու, տղայիս զանգելու օրն է Բաքվի բանտից։ Մի քանի րոպե խոսեցինք։ Դե, իր հարցնելու թեման իմ առողջական վիճակն է, իմ խոսակցության թեման՝ գալու մասին տեղեկություններ, որն այս անգամ էլ չուներ»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց գերության մեջ գտնվող Վասիլի Բեգլարյանի մայրը՝ տիկին Նունեն։

Վասիլին գերեվարվել է նախորդ տարվա սեպտեմբերին՝ Արցախի Մարտակերտի շրջանից։ Մինչ նրա անունը հայտնվել էր անհետ կորածների ցուցակում, և հարազատները փնտրում էին նաև ամենաանցանկալի վայրերում, մեկ տարի առաջ այս օրերին Վասիլին Բաքվից զանգել ու մորն ասել է, որ գերության մեջ է։ Յուրաքանչյուր չորեքշաբթի Բաքվում պահվող հայերին հարազատների հետ խոսելու հնարավորություն է տրվում։ Խոսակցության բովանդակությունը նույնն է, փոխարենն ամեն զանգ լավատեսություն է ներշնչում։

«Ձայնը լսում, ուրախանում եմ, դա ինչ որ տեղ մեզ հույս է տալիս։ Ամեն անգամ ասում ա՝ «մամա, հույսդ չկտրես, գալու եմ, կտեսնես, ամեն ինչ լավա լինելու», ես էլ հույսս չեմ կտրում, աղոթում եմ, որ բոլորը գան։ Սպասում ենք COP29 միջոցառմանը, հույսով, որ Բաքուն մարդասիրական քայլ կկատարի ու հայ գերիներին կփոխանցի Հայաստանին»,- ասաց տիկին Նունեն։

Հեռախոսազանգերից բացի Կարմիր խաչի միջոցով հարազատները Բաքվից նաև տեսաուղերձներ են ստանում։ 

«Սկզբնական շրջանում տեսքը լավ չի եղել, նույնիսկ նման չէր իրեն, բայց հիմա բավականին առողջ տեսք ունի, միայն թե շատ է կարոտում»,- ասում է մայրը։

Նրա խոսքով՝ Բաքվի նույն բանտախցում Վասիլիի հետ նաև Դավիթ Բաբայանն ու Էրիկ Ղազարյանն են։ 

«Երբ զանգը ուշանում է մի քիչ, անհանգստանում եմ ու զանգում մյուս գերիների հարազատներին։ Իրար հույս տալով ապրում ենք, մինչև տեղի ունենա հրաշքը»։

Մենք կապ հաստատեցինք նաև Մելիքսեթ Փաշայանի ընտանիքի հետ։ Նրա դուստրը նշեց, որ գերիներին հայկական կողմին փոխանցելու որևէ քայլ առայժմ չկա։

«Հակառակը, արդեն որոշված է՝ հոկտեմբերի 15-ից հետո պետք է տեղի ունենա այնտեղ պահվող հայերի դատը»,- հավելեց Զարինե Փաշայանը։

Հունան Թադևոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular