ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի «հեծանվային դիվանագիտությունը». Հայաստանն արդյո՞ք ամերիկյան սահադաշտով սլանում է դեպի BRICS

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի երկու հայտարարություններին չմիանալու Հայաստանի որոշումը դեմարշ պետք չէ դիտարկել, վստահ է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, գրում է eadaily.com-ը։ «Ես դա դեմարշ չեմ համարում: Դեմարշ անելու համար առաջին հերթին պետք է ինչ-որ բան ներկայացնես քեզնից։ Այդ քայլը վկայում է ուղղվածության և արտաքին քաղաքականության ուղենիշների բացակայության մասին։ Դա երկու աթոռի վրա նստելու փորձ է, ավելի շուտ ոչ թե նստելու, այլ ոտքի վրա կանգնելու փորձ»,- «Օրագիր» հաղորդաշարի եթերում ասել է փորձագետը։

Պարզաբանելով, որ երկու հայտարարություններն էլ վերաբերվել են անվտանգության խնդիրներին, Դանիելյանը նշել է, որ Հայաստանը հայտնվել է անվտանգության առումով ծանր վիճակում, երկիրը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, անհասկանալի վարժանքներ է անցկացնում ՆԱՏՕ-ի հետ, սակայն ԱՄՆ-ն և ԵՄ-ն միաձայն հայտարարում են, որ իրենք չեն կարող ապահովել Երևանի անվտանգությունը: «Հայաստանն այս պահին, ըստ էության, ոչ մի դաշինքի մեջ չէ և վերածվել է անվտանգության համակարգ չունեցող երկրի։ Իսկ ներկայիս իշխանությունը մեծ ձեռքբերում է համարում հենց այդ համակարգի բացակայությունը։ Թելից կախված լինելը, նրանց կարծիքով, ինքնիշխանության բարձրագույն դրսևորում է»,- ընդգծել է Դանիելյանը։ Հիշեցնենք, որ վերջերս Հայաստանը չմիացավ ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի երկու հայտարարություններին։ Մասնավորապես, Հայաստանը չմիացավ «Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքների» և «Միջազգային հարաբերություններում միակողմանի միջոցների անթույլատրելիության մասին» հայտարարություններին։

Իսկ քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը կարծում է, որ ԱՄՆ-ը դեմ է, որ Երևանը ստանա առնվազն որոշ հստակ անվտանգության երաշխիքներ ամերիկացիների աշխարհաքաղաքական թշնամիներից՝ Մոսկվայից և Թեհրանից։ Փորձագետը հիշեցրել է, որ օրերս ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ջեյմս Օ'Բրայենն ասել էր, որ «Ռուսաստանի և Իրանի առանցքներով տարածաշրջանում անվտանգության ապահովման ապագան անկայուն է և անցանկալի, այդ թվում Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների համար»։

«Ամերիկացի պաշտոնյայի այդ հայտարարությունը նշանակում է հետևյալը: Ռուսաստանը և Իրանը Հայաստանին անվտանգության երաշխիքներ են առաջարկել, Վաշինգտոնը ծանուցվել է այդ մասին, սակայն ԱՄՆ դիրքորոշումն այն է, որ ինքը դեմ է, որ Երևանը ստանա առնվազն որոշ հստակ անվտանգության երաշխիքներ ամերիկացիների աշխարհաքաղաքական թշնամիներից՝ Մոսկվայից և Թեհրանից։ Սա առաջին հերթին»,- ասել է քաղաքագետը։ Երկրորդ, ըստ Մաթևոսյանի, Հայաստանի վարչապետի այցը «Թուրքական տուն» և Ռեջեփ Թայիփ Էրդողանին Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում միջնորդ դառնալու խնդրանքը վկայում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանն ընտրել է երկիրը Թյուրքական աշխարհն ինտեգրելու ուղին, ընդ որում առանց Հայաստանի անվտանգության երաշխիքների, բայց անձնական երաշխիքների հեռանկարով: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի օպերատոր է Անդրկովկասում, ակնհայտ է, որ Փաշինյանի այդ մոտեցումը հավանության է արժանանում ամերիկացիների կողմից»,- կարծում է փորձագետը։ Նա նաև նշել է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Ջեյմս Օ՛Բրայենը,  նրանից առաջ Ֆրանսիայի ԱԳՆ նախկին ղեկավարը, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը և այլ «սպիտակ պարոններ» հայտարարություններ են անում «Հայաստանի ռազմավարական ընտրության» մասին, այն մասին, թե ի՞նչ և ինչպե՞ս պետք է անի Հայաստանը, անի այն, ինչը «բխում է իրենց շահերից», և քանի՞ ձմեռ է ստիպված լինելու հայությունը սառել հանուն այդ շահերի։

Միևնույն ժամանակ, Երևանի դաշնակիցները՝ Ռուսաստանը և Իրանը, մեղադրվում են «Հայաստանի, Արցախի դեմ կատարված տարբեր հանցագործությունների մեջ», բայց Հայաստանի ԱԳՆ-ն, կառավարական ապարատը և Երևանի մյուս պաշտոնական կառույցները լռում են։ «Հայաստանի իշխանությունները հետևողականորեն և նպատակաուղղված երկրի ինքնիշխանությունը դնում են անգլո-սաքսոնական և թուրքական շահերի զոհասեղանին»,- ամփոփել է Մաթևոսյանը։

Ի դեպ, հոկտեմբերի 7-ին Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Մոսկվա, բացի այդ նա առաջիններից մեկն էր, ով շնորհավորել էր Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա առթիվ։ Իսկ հետո առավոտյան Նիկոլ Վովաևիչը մի խումբ սև ջիպերի ուղեկցությամբ հեծանիվ էր քշել Ռուսաստանի մայրաքաղաքում ու տեսագրել դա։ ՌԴ ղեկավարը շատ բարեհամբույր էր դիմավորել ինչ-ինչ պատճառներով ՀԱՊԿ-ը չսիրող հայ հյուրին, ու նշել բարեկամ երկրների միջև ապրանքաշրջանառության զգալի աճի մասին։ Նշվել էր, որ անցյալ տարի ապրանքաշրջանառության ցուցանիշը հասել է 7,4 միլիարդ դոլարի, իսկ 2024 թվականի առաջին կիսամյակում այն աճել է 2,5 անգամ՝ գերազանցելով 8,3 միլիարդ դոլարը։ «Եթե մենք շարժվենք այդ տեմպերով, ապա դա նշանակում է, որ այս տարվա ապրանքաշրջանառությունը կարող է հասնել 14-16 միլիարդ դոլարի, դա ռեկորդային ցուցանիշ է», - ասել էր Վլադիմիր Պուտինը Նիկոլ Վովաևիչին հրավիրելով Կազան՝ BRICS-ի համաժողովին: Ըստ նրա  դա կլինի և օգտակար, և հետաքրքիր, շատ շփումներ կլինեն, հնարավորություն կլինի զրուցելու մի քանի տասնյակ երկրների բազմաթիվ գործընկերների հետ։ Հիշեցնենք, որ վերջերս Թուրքիան և Ադրբեջանը պաշտոնապես ցանկություն են հայտնել միանալու BRICS-ին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular