ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իրական Հայաստանի» գաղափարապետն ու իրական... իրականությունը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ երկիրը աղետային վիճակի մեջ ընկղմած Նիկոլ Փաշինյանն ու իր քարոզչամեքենան ամենօրյա ռեժիմով «իրական Հայաստանի» ինչ-որ ֆանտասմագորիկ պատկեր է նկարում ու դրանով «կերակրում» անուղղելի դյուրահավատներին (եթե դեռ այդպիսիք կան), դեռ հարցի մի կողմն է: Մյուս կողմն այն է, որ անվտանգային ու արդեն գոյաբանական սպառնալիքների տակ մտած, իսկ ավելի ճիշտ՝ Փաշինյանի ու նրա գլխավորած իշխանության ջանքերով՝ մտցված Հայաստանի իրականությունն անհաղթահարելի անդունդով բաժանված է «Երկրի հակառակ կողմի» հեղինակի «իրական Հայաստանից»:

Իսկ Փաշինյանի «մարգարտափայլ» ելույթները չեն դադարում: Նա առանձնապես «ոգևորվում» է կառավարության նիստերի, հատուկ իր ելույթների նպատակով կազմակերպված զանազան համաժողովների ու նմանօրինակ «կազյոննի» միջոցառումների ժամանակ: Նախօրեին, ահավասիկ, «փայլեց»՝ խոսելով արտագաղթի մասին: Մասնավորապես. «...Հետո պարզվում ա, որ մեկը արտագաղթել ա իրա սանրվածքի պատճառով, մեկը արտագաղթել ա իրա ականջին օղ կախելու պատճառով, մեկը արտագաղթել ա էն պատճառով, որ խաշ չի սիրում, մյուսը քյաբաբ չի սիրում և այլն»: Այն, որ Փաշինյանի համար ամեն ինչի չափման միավորը ստամոքսն ու որկորն են, փողն ու անհատական «քյարը», ոչ միայն նորություն չի, այլև շարունակաբար հաստատվում է նրա խոսույթով:

Բայց դա իրավիճակի ողբերգականության դեռ մի մասն է: Էլ ավելի ահավոր է գիտակցել, որ պետությունը ղեկավարում է մեկը, որի մտածելակերպն է, թե՝ արտագաղթածները և ավանդական Սփյուռքի ներկայացուցիչները ինչո՞ւ թողնեն-գան Հայաստան, իրենց «տաքուկ տեղերը» թողնեն ու գան, որ ի՞նչ անեն, կրակոցների տակ ու սահմանի վրա ապրե՞ն... Եվ, միաժամանակ, բացարձակապես նույն անձնավորությունը, գրեթե նույն օրը մի երկարաշունչ ելույթ է ունենում մեկ այլ վայրում ու հեքիաթներ պատմում, թե՝ Հայաստանն առաջիկա տարիներին մի այլ կարգի ծաղկելու է, դառնալու է երանելի երկիր, այս, այն: Հա, մի բան էլ. Փաշինյանը, որ ստուգապես արդեն ապահովել է իր, իր մերձավոր շրջապատի անձնական բարեկեցությունը, հայտարարում է, թե «բարեկեցություն ասելով՝ պետք է հասկանանք արդարություն, ազատություն, անվտանգություն և այս երեք հիմնական հասկացություններից բխող այլ հասկացություններ»:

Նախ՝ զարմանալի է, որ Փաշինյանն իր հասկացած «բարեկեցության» մեջ չի ճխտել նաև ժողովրդավարությունը, խաղաղությունը, խաչմերուկը, խաշը, քյաբաբը, տապակած լոբին ու անվտանգ բրնձի շիլան: Առհասարակ, բարեկեցություն ասվածը նշանակում է հասարակության, հասարակական խմբի կամ անհատի ապահովվածություն՝ նյութական, ֆինանսական, սոցիալական, հոգևոր-մշակութային պահանջմունքների բավարարման առումներով: Վերջ: Ու ավելորդ է «ծակփիլիսոփայական» կամ «երկրիհակառակկողմային» «դատողություններով» ծանրացնել այդ պարզ հասկացությունը: Վերադառնանք արտագաղթին ու մի հատ էլ ծանրութեթև անենք Փաշինյանի ասածները: Նախ՝ հիշեցնենք, որ երբ 6 տարի առաջ նա գալիս էր կամ եկավ իշխանության, մեծմեծ փրթում էր, թե հայրենադարձության ալիք են անելու, արտագաղթածների զանգվածային ներհոսք ու վերադարձ է լինելու, այս, այն: Իրականության մեջ Փաշինյանն ու նրա իշխանությունը վարեցին ու վարում են այնպիսի քաղաքականություն, որ արտագաղթը ոչ միայն շարունակվում է, այլև ահագնացել է: Ի դեպ, այդ փաշինյանական արտագաղթի պարագայում ամենից մեծ անարդարությունն այն է, որ գնացողների մեջ քիչ չեն 20182021թթ. «նիկոլականները»: Այսինքն՝ նրանք, որ Փաշինյանին բերեցին ու պահեցին իշխանության:

Բայց դա էլ մի կողմ: Արձանագրենք, որ Փաշինյանն ու նրա ՔՊ-ն հասել են այն բանին, որ լիովին հայաթափել են հազարամյակներով հայկական ու հայաշունչ Արցախը: Ավելի քան 150 հազար հայ տնազուրկ ու երկրազուրկ են դարձրել, ու հիմա Նիկոլ Փաշինյանը խոսում է արտագաղթի՞ց: Հա, ամեն մարդ չէ, որ կցանկանա ապրել սահմանամերձ բնակավայրում, մանավանդ, երբ ոչ ոք չի կարող համոզված լինել, որ վաղը, մյուս օրը կամ հենց կեսգիշերին Փաշինյանն ու նրա իշխանությունը չեն որոշի, որ այդ բնակավայրը «կադաստրի թղթով» թուրքերինն է կամ ադրբեջանական թուրքերինը, ու կարմրասև բերետներով իրենց չեն տնազրկի: Եվ, վերջապես, ո՞վ է մեղավոր, որ Հայաստանը հիմա գրեթե ծայրեծար դարձել է սահմանամերձ: Ո՞վ է այս խայտառակ ու կատաստրոֆիկ վիճակն ստեղծել: Ո՞վ է այնպես արել, որ մարդիկ չցանկանան վերադառնալ, որ նույնիսկ Նիկոլ Փաշինյանն ասի՝ գան, ի՞նչ անեն:

Այո, Նիկո՛լ Փաշինյանն ու ի՛ր ՔՊ-ն են մեղավոր: Թե՞ այլ կարծիքներ էլ կան: Ու Փաշինյանը առանց աչքը թարթելու հայտարարում է, թե մի 10 հոգու անուն տվեք, որ եկել են «կրակոցների տակ ապրելու»: Ախր, հենց միայն Նիկոլ Փաշինյանի կողմից եռապատիկ ընդարձակած «Եռաբլուրում» հարյուրավոր նման անուններ կան... Կարող են նշել Մոնթեին, որի կերպարը, իր օտարերկրյա հրահանգիչների քարոզչական մշակումներին համաձայն, «կրկնօրինակում» էր Փաշինյանը՝ «թավշյայի» օրերին: Ազատամարտի մեկ այլ հերոս Կարո Քեհքեջյանին կարող ենք հիշել: Ցանկացողները կարող են այլ արժանավոր հայերի հիշել իրենց ճանաչածներից: Մենք կնշենք նաև 2016-ի ապրիլ յան պատերազմի անմահ հերոս կապիտան Արմենակ Ուրֆանյանին: Մենք կնշենք Փաշինյանի ուրացած Արցախում ու Փաշինյանի ուրացման հետևանքով «վերջին ու անհավասար մարտի» բռնված Արցախում՝ Հաթերքի դիրքերում զոհված լուսավոր Անդրանիկ Հովսեփյանին, որ նահատակվեց 2023-ի սեպտեմբերի 19-20-ին...

Մեր հայրենակիցներն էլի շատերին կնշեն, որ եկել են Ռուսաստանից, Սիրիայից, ԱՄՆ-ից, Լիբանանից, Իրանից: Փաշինյանի հանձնած Աղավնո գյուղում քանի՞ նման մարդ կար, որ եկել ու ապրում էր, և որ քպական իշխանությունների մեղքով տնազրկվեցին... Առանցքային հարցն այն է, որ այդ տեսակի հայերն է, որ ունեին «հայկական երազանք», այլ ոչ թե Փաշինյանի ու փաշինյանականների նման՝ «թուրքացման ապագա» տեսնողները, որոնց համար կարևոր է միայն, որ փորները կուշտ լինի: Անհայրենիքներին ի՞նչ երազանք, առավել ևս՝ ի՞նչ գաղափար: Ու, հա, միանգամայն օրինաչափ է, որ Փաշինյանի նման մեկը ոչ մի կերպ չի կարող համակերպվել, որ, օրինակ՝ Ռուբեն Վարդանյանի նման մարդիկ էլ կարող են լինել, որոնք, սովորական սպառողի ընկալմամբ, ունենալով ամեն ինչ, այդ թվում՝ հարստություն, ունեցվածք, անձնական բարեկեցություն և այլն, կարող են գալ ու վտանգի տակ դնել իրենց կյանքն ու ամեն ինչը: Եվ, այո, օրինաչափ է, որ Փաշինյանը պիտի թիկունքից հարվածեր Բաքվի բանտում հայտնված Ռուբեն Վարդանյանին ու ոչ միայն նրան՝ անհեթեթություններ «շաղ տալով» նրա(նց) հասցեին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular