ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոլդովական ձախողումը կբարձրացնի Փաշինյանի «գինը». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Մոլդովայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կկայանա նոյեմբերի 3-ին։ Գործող նախագահ Մայա Սանդուն չի կարողացել հաղթահարել 50 տոկոսի շեմը. նա ստացել է ձայների 42 տոկոսից մի փոքր ավելին: Նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդր Ստոյանոգլոն, որը քննադատում է Սանդուին Մոսկվայի հետ առճակատման քաղաքականության համար, ստացել է 26 տոկոսից մի փոքր ավելի քվե։ Եռյակը եզրափակում է «Մեր կուսակցության» առաջնորդ Ռենատո Ուսատին՝ ձայների 13,77 տոկոսով։
 
Նախագահական ընտրություններին զուգահեռ հանրապետությունում անցկացվել է եվրաինտեգրման հանրաքվե։ Ի վերջո, ԵՄ-ին ինտեգրվելու օգտին քվեարկողների թիվը մի կերպ անցավ 50 տոկոսը. տարբերությունը դեմ քվեարկողների հետ կազմում է մոտ 12 հազար ձայն։ Ընդ որում, մինչև վերջին պահը ԵՄ կողմնակիցների թիվը զիջում էր դեմերին, բայց գիշերվա ընթացքում հիմնականում «սփյուռքի» քվեների (Մոլդովայի ընտրությունների մասնակիցների մոտ 15 %-ն ապրում է արտերկրում, հիմնականում` ԵՄ անդամ երկրներում) ու, ըստ շատ փորձագետների, ձայների կասկածելի հաշվարկի արդյունքում Մոլդովայի Սահմանադրության մեջ կամրագրվի համապատասխան դրույթը։ Ավելին, նշենք, որ Մոլդովայի շրջանների մեծ մասում դեմ են քվեարկել:
 
Շատ փորձագետներ ու քաղաքական գործիչներ նշում են, որ սա փաստացի պարտություն էր Արևմուտքի համար: Նախ՝ մոլդովացիները հստակ ցույց տվեցին, որ արևմտամետ Մայա Սանդուն կիսանախագահ է և ներկայացնում է եթե ոչ երկրի բնակչության փոքրամասնությունը, ապա հաստատ ոչ վստահ մեծամասնությունը։ Մյուս կողմից՝ եվրաքվեն ինքնին ցույց տվեց, որ մոլդովացիները ցույց են տալիս իրենց դժգոհությունը Բրյուսելին և Վաշինգտոնին։ Պարզ է, որ Սանդուն չի վերահսկում երկիրը, հեղինակություն չունի քաղաքացիների շրջանում և չի կարող հասարակական կարծիքը տանել Արևմուտքին ձեռնտու հունով։ Ավելին, նախագահական ընտրությունների երկրորդ փուլում կարող է լուրջ «կոալիցիա» ձևավորվել, ինչի հետևանքով ուշագրավ արդյունքներ գուցե գրանցվեն: Արդյունքում Մոլդովան չի միանա Ուկրաինային, ավելին՝ չի դառնա երկրորդ Ուկրաինա: Արևմուտքի այս ծրագիրն առայժմ ձախողվել է նաև Վրաստանում, և հիմա այնտեղ փորձ է արվելու ստեղծել լարվածության լուրջ օջախ, ինչի «ծաղիկներն» արդեն երևում են:
 
Ի՞նչ են Հայաստանի համար նշանակում Արևմուտքի նոր անհաջողությունները հետխորհրդային տարածքում: Իսկ դրանք նշանակում են վտանգի բարձր մակարդակ։ Առավել ևս, որ Արևմուտքի համար այս անբարենպաստ ֆոնին Հայաստանը ավելի ու ավելի է առանձնանում իր պատրաստակամությամբ՝ փոխարինելու հակառուսական ճակատում բոլոր կասկածողներին և խուսանավողներին։ Ու քանի որ ձախողումները հաջորդում են միմյանց, Արևմուտքի համար էապես մեծանում է Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության «գինը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular