ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Խաղաղության խաչմերուկ»-ի նիկոլյան խառնաշփոթը ոչ մի կենտրոնի չի հետաքրքրում. Արտակ Զաքարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այս օրերին Կազանում աշխարհն ականատես է լինում զգալի գլոբալ տեղաշարժերի։ Ուկրաինայի հակամարտության սկզբից ի վեր Արևմուտքը փորձում է մեկուսացնել Ռուսաստանին՝ պատժամիջոցների և դիվանագիտական ճնշման համակցությամբ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը:

«Այնուամենայնիվ, այսօր ռուսական Կազանը ողջունում է 32 երկրի, այդ թվում՝ ԲՐԻԿՍ-ի նոր անդամների՝ Եգիպտոսի, Եթովպիայի, Իրանի և Արաբական Միացյալ Էմիրությունների ղեկավարներին և բարձրաստիճան պաշտոնյաներին, ինչպես նաև մի շարք տերությունների, որոնք հետաքրքրված են անդամակցությամբ: Նրանց թվում է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան։ Ներկա է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։

Կարելի է ասել, որ ԲՐԻԿՍ-ի կազանյան գագաթաժողովն ընդգծում է Գլոբալ Հարավի կամ «համաշխարհային մեծամասնության» աճող ազդեցությունը: Նշվում է, որ շուրջ 40 երկիր, որոնք այլընտրանք են փնտրում Արևմուտքի տնտեսական և ֆինանսական կառույցներին՝ հետաքրքրություն են ցուցաբերել ԲՐԻԿՍ-ի նկատմամբ: Կառույցի ընդլայնումն ընդգծում է նաև աշխարհաքաղաքական ուժի անցումն Արևմուտքից դեպի «մնացած աշխարհ»:

Ըստ հրապարակումների, ԲՐԻԿՍ-ի համակցված ՀՆԱ-ն կազմում է համաշխարհային տնտեսության շուրջ 35,6%-ը, ինչն ավելին է, քան “Մեծ յոթնյակի” երկրների մասնաբաժինն է (շուրջ 30%)։ Այս կազմակերպության անդամ երկրներում բնակվում է աշխարհի բնակչության 45%-ը, մինչդեռ «Մեծ յոթնյակի» երկրներում՝ 10%-ից պակաս:

Դատելով քաղաքական արձագանքներից, արևմտյան երկրներն առայժմ լուրջ չեն վերաբերվում ԲՐԻԿՍ-ի համակարգային նշանակությունը՝ կառույցը համարելով տնտեսական և աշխարհաքաղաքական տարբեր շահեր ունեցող երկրների «երերուն ասոցիացիա»: Արևմուտքում համարում են, որ դաշինքը կանգնած է այն փաստի առաջ, որ դեռևս չի առաջարկել գոյություն ունեցող արևմտյան համակարգերին կոնկրետ այլընտրանքներ։

Վերջին ժամանակներում Ռուսաստանը ԲՐԻԿՍ-ի առջև նոր ռազմավարական նպատակ է դրել՝ ապադոլարացումը։ Այս պահին ԲՐԻԿՍ-ի երկրների արձագանքը եղել է այն, որ գնալով ավելի ու ավելի շատ միջազգային գործարքներ կատարվում են ազգային արժույթներով, և անդամ երկրների արժույթներով առևտրի ծավալն արդեն գերազանցել են դոլարով գործարքների ծավալը։ Հարկ է նշել, որ ունենալով զգալի տնտեսական և ժողովրդագրական կշիռ՝ այս կառույցի ձեռքում կարող է կենտրոնանալ համաշխարհային կառավարման համակարգի վերակառուցման ներուժը, հատկապես, եթե ԲՐԻԿՍ-ին հաջողվի ստեղծել այլընտրանքային գլոբալ ֆինանսական ճարտարապետություն։

Թեև ԲՐԻԿՍ-ի պարագայում ներքին և արտաքին մարտահրավերներն ու հավանական անդամների միջև տարաձայնություններն առկա են, այնուամենայնիվ կա տեսակետ, որ Կազանի գագաթնաժողովը կարող է հիմք դնել համաշխարհային տնտեսական, արժեքային և կոմունիկացիոն հարաբերություններում նոր դարաշրջան բացելու համար:

Անշուշտ, հավաքական Արևմուտքը չի կարող հաշտ լինել ԲՐԻԿՍ-ի առաջադրած նոր աշխարհաքաղաքական մոդելի և բազմաբևեռության հեռանկարի հետ: Ապագայում ինչ և ինչպես կարող է Արևմուտքը հակադրել ԲՐԻԿՍ-ին՝ դժվար է ասել, հատկապես, որ ներկայիս աշխարհաքաղաքական առճակատումը միայն տնտեսական խնդիրների շուրջ չէ։ Արևմուտքի համար այն կարող է նշանակել աշխարհի նկատմամբ իր հինգդարյա տիրապետության ավարտ, իսկ գերիշխող ուժերը հազվադեպ են հանդուրժում այլ ուժերի վերելքը: Ուստի զարմանալի չէ, որ ներկայիս գլոբալ բախումները՝ գնալով ավելի շատ են ներկայացվում որպես առճակատումներ քաղաքակրթական մասշտաբով։

Կարծում եմ՝ սպասելի է, որ Ռուսաստանը, Իրանը, Հնդկաստանը և Չինաստանը Կազանում ազդարարելու են նոր աշխարհակարգի սկիզբը, որով հիմք է դրվելու համաշխարհային գլոբալ և ռեգիոնալ մակարդակի նոր զարգացումներ:

Նիկոլը ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին է գնում, ինչպես ինքն այսօր ասաց ԱԺ-ում՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում աշխարհի այդ «Գլոբալ Հարավ» հատվածում: Նիկոլը ՄԱԿ-ի գագաթաժողովին գնում է, Ֆրանկաֆոնիա գնում է, ԵՄ գնում է, թուրքական տուն գնում է, ուր ասեք՝ գնում է, բայց միևնույն է, դրանից Հայաստանի համար ոչ մի օգուտ՝ բացի վնասից, դուրս չի գալիս: Որովհետև ՀՀ գործող կառավարիչները վաղուց սպառել են արտաքին աշխարհում գործոն լինելու, վստահելի գործընկեր լինելու, սեփական երկրի շահերով առաջնորդվելու բոլոր ռեսուրսները:

«Խաղաղության խաչմերուկ»-ի նիկոլյան խառնաշփոթը ոչ մի կենտրոնի չի հետաքրքրել ու չի հետաքրքրում, որովհետև այն ոչ մի կերպ չի համընկնում ոչ ռեգիոնալ, ոչ էլ աշխարհաքաղաքական ընթացիկ պրոցեսների հետ:

Միակ օգուտը, որ Հայաստանն այսօր քաղում է տնտեսապես, դա կրկին նախագահ Սերժ Սարգսյանի՝ ԵԱՏՄ մտնելու 2013թ. որոշումն էր, որի դեմ պայքարում էր նաև պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլն այսօր խոստովանեց նաև, որ աշխարհն առաջնորդվում է տնտեսական ահռելի շահերով ու առաջնահրթություններով: Ու եթե դա հասկանար մինչև 2020թ., և առաջնորդվեր նախկին իշխանությունների բազմաթիվ զգուշացումներով՝ Արցախը կորցրած չէինք լինի, պատերազմում պարտված չէինք լինի, հակամարտությունը լուծված կլիներ նաև հայ ժողովրդի շահերով և այսօր Հայաստանը, գոնե Հարավային Կովկասում, գործոն կլիներ, ոչ թե ուրիշների ձեռքի գործիք»,- գրել է նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular