ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարկտի առավել ակտիվ գոտիներում գործունեություն իրականացնող տնտեսվարողներին աջակցություն կտրվի

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց նախագիծը, որով աջակցություն է տրվում կարկտի առավել ակտիվ գոտիներում գյուղատնտեսական գործունեություն ծավալող գյուղացիներին։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշեց, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է կարկտի առավել ակտիվ գոտիներում գտնվող բնակավայրերում գործունեություն իրականացնող տնտեսվարողների համար վնասների նվազեցման, տնտեսվարողների եկամուտների կայունացման ու բնակլիմայական ռիսկերի մեղմման ծրագրով սահմանված որոշ դրույթների հստակեցմամբ, ինչպես նաև աջակցող դրույթների ավելացմամբ։

«ՀՀ վարչապետի մարզային այցերի ընթացքում բազմիցս բարձրաձայնվել է սա, խնդիրը ձևակերպվել է նախարարության առաջ այդ այցելությունների արդյունքում, որպես արձագանք այս նախագիծն ենք ներկայացնում։ Աշխատել ենք Հիդրոմետի հետ, 270 բնակավայր է առանձնացվել առավել ակտիվ գոտիների, բոլոր այդ բնակավայրերում ոչ ինտենսիվ այգեգործությամբ են զբաղվում․ այնտեղ, որտեղ կարող էր աճել դեղձ, սալոր, կարող էին ստանալ մեծ եկամուտ, ցորեն են մշակում։ Այս բնակավայրերում տարվա ընթացքում մի քանի անգամ աղետաբեր կարկուտ է լինում, միակ լուծումն այդ ցանցերն են․ հուսով ենք՝ քաղաքացիները, ոչ շատ մեծ ներդրումներ իրականացնելով, կորնգանի կամ ցորենի, գարու արտերը կվերածեն սալորի կամ խաղողի այգու, որտեղ հարյուրապատիկ մեծ եկամուտ կա։ Մեր հաշվարկով` 12,1 միլիոն դրամ է կազմում կարկտապաշտպան ցանցը մեկ հեկտարի հաշվով կառուցելը, այս բնակավայրերում մենք փոխհատուցում ենք 75 տոկոսը․ ընդամենը 3 միլիոն դրամի ներդրում պիտի անի գյուղացին»,- ասաց նա։

Նախարարը նշեց, որ իրենք շատ են կարևորում այս նախագիծը․ դա հնարավորություն կտա նաև այն բնակավայրերում, որտեղ զբաղվածության մակարդակը ցածր է լինում, աղքատության մակարդակը՝ բարձր, բնակչության կենսամակարդակի էական աճ արձանագրել։

Նա ներկայացրեց նաև ծրագրի իրականացման ընթացակարգը, այն է՝ փոխհատուցման գործընթացը նախաձեռնում են շահառուները մինչև կապալառուի հետ պայմանագիր կնքելը և կարկտապաշտպան ցանցի ներդրման աշխատանքները սկսելը, դիմում են նախարարություն, նշում հողատարածքի տեղը, չափը, կցում փաստաթղթեր, 15 օրում իրականացվում է տեղազննություն, կազմվում արձանագրություն, դրական եզրակացության դեպքում շահառուի հետ կնքվում է պայմանագիր։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular