ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Պետք է ծառայեմ, Գարիկի տղեն եմ, պետք է դեռ քայլեմ իմ գյուղում». Մխիթար Մխիթարյանն անմահացել է հոկտեմբերի 6-ին «Թոզարանի խաչմերուկ» կոչվող տեղամասում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հանգիստ, շատ խելոք ու խելացի երեխա էր Մխիթարս: Երբ սկսեց քայլել, այդ ժամանակ զգացվեց, թե որքան մտածված է իր մոտ ամեն ինչ: Հետ ու առաջ էր նայում, ոտքը ամուր դնում հատակին ու շարժվում առաջ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Ռուզաննան՝ Մխիթարի մայրիկը:
 
Դպրոցական տարիների մասին խոսելիս նշում է՝ որդին շատ լավ է սովորել: «Մինչև հինգերորդ դասարանը գերազանցիկ է եղել: Երրորդ դասարանից սկսեց երգել, ութ տարի երգել է: 15 տարեկանում երգը թողեց և ընդունվեց Նոր Գեղիի Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ: Բիզնեսի կառավարում էր ուսումնասիրում: Ստեղծագործող էր, կազմակերպչական ջիղ ուներ: Դպրոցում միշտ աչքի է ընկել իր կազմակերպչական ունակությամբ, միջոցառումների ընթացքը ղեկավարում էր, ընթացքում երգում»: Քոլեջում ուսումը կիսատ թողնելով՝ 2020 թ. օգոստոսի 30-ին Մխիթարը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության: «Պետք է զորացրվեր, ավարտեր քոլեջը, որոշել էր ընդունվել Հայաստանի ազգային ագրարային համալսարան»:
 
Մխիթարի բոլոր երազանքները կապված էին բիզնես ոլորտի հետ: «Նախագծերի վրա էր աշխատել, որոնք մեզ ցույց չէր տվել: Հետագայում մեզ քոլեջից փոխանցեցին դրանք: Շենքերի հատակագծեր էր կազմել, որ վերջացնելուց հետո ցույց տա հայրիկին: Ամեն ոլորտում ուզում էր իրեն դրսևորել, այնքան երազանքներ ուներ, բոլորը կիսատ մնացին»: Մխիթարն իր տարիքի համար բավականին բարձր ճնշմամբ է բանակ զորակոչվել: Մայրիկն ասում է՝ որդու մոտ նաև առիթմիա է նկատվել, բայց նա հիվանդանոցից գնացել է զինկոմիսարիատ և անձամբ վերցրել ծանուցագիրը: «Ինքն այսպես էր մտածում. «Պետք է ծառայեմ, իմ կյանքի վրա խաչ մի քաշեք, Գարիկի տղեն եմ, պետք է դեռ քայլեմ իմ գյուղում»: Գուցե չգնար ծառայության, գուցե հետաձգեին, բայց ինքն իր ձեռքով վերցրեց ծանուցագիրը»: Մխիթարը ծառայել է Ջրականում: «Ամեն օր այնքան ուրախ էր ինձ հետ խոսելիս՝ մա՛մ, ամեն ինչ ընտիր է, մա՛մ, ինձ այնքան շատ են հարգում: Այդ մի քանի օրվա ընթացքում իրեն հասցրել են անսահման սիրել, հարգել, ճանաչել՝ որպես առաջ ընկնող, բոլորին հասնող, տարբերվող զինվոր: Մի վայրկյան անգամ չի դժգոհել իր ծառայությունից: Սեպտեմբերի 25-ին զրույց ունեցանք:
 
Մի տուն ունեինք, որն իր համար էինք գնել: Զրույցի ժամանակ ինձ առանձին խնդրեց՝ մա՛մ, տունս ծախեք, Արմանին ազատեք բանակից: Չհասկացանք, թե ինչ նկատի ունի, երբ ասում է, որ փոքր եղբորն ազատենք ծառայությունից: Սեպտեմբերի 25-ին արդեն գիտեին պատերազմի վտանգի մասին, համար մեկ տագնապ էին հայտարարել»: Սեպտեմբերի 27-ին սկսվեց 44 օր տևած պատերազմը: «Այդ օրը ժամը ինն անց 45 զանգեց, ասաց, որ ամեն ինչ նորմալ է, իրենց տանում են ապահով վայր, պատերազմ չեն գնալու, կրակոցներ կան, բայց հանգիստ լինենք: Հետո ժամը մեկին զանգահարում է ընկերոջը, ասում՝ ախպորդ տանում են պատերազմ»: Մխիթարը պատերազմի օրերին եղել է Ջրականում՝ հենց առաջնագծում: «Իր դասընկերոջ՝ Հակոբի հետ էր ծառայում: Հոկտեմբերի 2-ին Հակոբին 7 հոգու հետ միասին ԱԹՍ-ն հարվածում է հենց խրամատի մոտ: Մխիթարս այդ պահին այդ հատվածում չի լինում, բայց հետո գնում է, որ տեսնի, թե ինչ կարող է անել: Գնում է, բայց դատարկ վերադառնում»:
 
Հոկտեմբերի 4-ին վերջին անգամ է ընտանիքը Մխիթարի հետ կապ հաստատել: Տիկին Ռուզաննան ասում է՝ ոչ ոք չի կարողանում ասել՝ հոկտեմբերի 5-ի երեկոյան, թե՞ հոկտեմբերի 6-ի առավոտյան են տղաները զոհվել: «Շատերը նշում են հոկտեմբերի 6-ը, երբ տեղի է ունեցել դեպքը»: Մի հատված Մխիթարի մարտական ուղուց. «Շարքային Մխիթարյանը անմիջական մասնակցություն է ունեցել 200 ՀԴԿ-ի շրջանում իրականացվող հակագրոհին, աչքի ընկել կազմակերպչական հատկանիշներով, քաջաբար մարտնչել հակառակորդի կենդանի ուժի դեմ, ոչնչացրել հակառակորդին և մեծ վնաս հասցրել հակառակորդի ուժերին, ինչպես նաև իր դիպուկ կրակներով կանգնեցրել հակառակորդի մխրճվող տեխնիկաները, հանել իր վիրավոր և զոհված ընկերներին խրամատից:
 
Հոկտեմբերի 3-4-ը անցել են պաշտպանության «Չռիկներ» կոչվող տեղամասից դեպի «Թոզարան» տանող թմբին, որտեղ հակառակորդի կողմից ձեռնարկվել է մասշտաբային հարձակում, որի ժամանակ գումարտակը ամբողջ ուժով մարտի մեջ է բռնվել՝ հակառակորդին պատճառելով մեծաքանակ կորուստներ։ Հոկտեմբերի 5-6-ը իրականացրել են պաշտպանություն «Թոզարանի խաչմերուկ» տեղամասում, որտեղ իր համածառայակից ընկերների հետ գտնվել է շրջափակման մեջ, որի ժամանակ ամբողջ ուժով մարտի մեջ է մտել՝ հակառակորդին պատճառելով բազմաթիվ կորուստներ, որտեղ էլ ստացել է հրազենային վիրավորում ձեռքի շրջանում»: Այս ժամանակ վիրավորվում է նաև նրա հրամանատարը՝ մայոր Անդրանիկ Աղաջանյանը: Մխիթարը չէր կարող հրամանատարին թողնել մարտի դաշտում, նետվում է օգնության:
 
Թշնամին նրանց խոցում է հեռակառավարվող հրթիռով։ «Իրենց հետևից այլևս որևէ մեկը չի գնում: 12 հոգանոց խմբից չորսն են ողջ մնում, լքում են այդ տարածքը: Տղաներից շատերը ողջ են եղել, վիրավոր, օգնություն չի հասել, արնաքամ են եղել»: Տղաներն անմահանում են «Թոզարանի խաչմերուկ» կոչվող տեղամասում՝ Հադրութում: Ուղիղ երկու ամիս անց՝ դեկտեմբերի 6-ին, ընտանիքը «գտնում» է Մխիթարին: «Այդ ընթացքում որևէ տեղեկություն չունեինք իր մասին: Այդ տարածքում որոնողական աշխատանքներ սկսվեցին, այն էլ շատ մեծ դժվարությամբ, ամուսինս ու տագրս մեծ ջանքեր գործադրեցին, որ զինվորների 90 տոկոսին կարողացան դուրս բերել: Այդ տարածքից դուրս են բերում ութ մարմին, ամուսինս վստահ էր, որ մեկը Մխիթարն է, քանի որ երկու հեռախոսն էլ գրպանում են եղել: Դրանով ենք համոզվել, որ նա է: Բայց երեք ամիս հետո էլ ԴՆԹ հետազոտությունը հաստատեց»: Մայրիկն ասում է՝ ամեն կերպ հաստատվեց, որ որդին անմահացել է, բայց, միևնույնն է, իրենք սպասում են:
 
«Ցանկացած մարդ գիտակցում է, որ սպասումն ամենադաժան բանն է այս կյանքում, բայց հավատացեք, որ այսօր այդ սպասումը դարձել է մեր ապրելու պատճառներից մեկը: Ուզում ենք սպասել»: Մխիթարը ընտանիքի չորս տղաներից ավագն է՝ Մխիթար, Արման, Մհեր, Մոնթե: «Պարտադրում էր մեզ յոթ տղա ունենալ, որ յոթ եղբայրով սեղանի շուրջ նստեին: Տղաներիցս յուրաքանչյուրն իր տեղն ունի: Եղել է մի պահ, երբ անգամ իրենց ներկայությունն ինձ չէր զգոնացնում, իրենց նայում էի ու հասկանում, որ չեմ կարողանալու ապրել: Բայց որոշ ժամանակ հետո հասկացա՝ իրենց ճակատագրերն իմ ձեռքում են, այդ պարագայում այլ ճանապարհ չկար ընտրելու, քան ապրեցնելը: Իմ չլինելը, իմ թուլանալը մեծ վնաս կտար իմ ընտանիքին, ու պայքարեցի, որ մեր ընտանիքը, թեկուզ կիսատված, շարունակի ապրել»:
 
Հ. Գ. - Հրաձիգ Մխիթար Մխիթարյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ նախագահի հրամանագրով՝ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի և Արցախի նախագահի հրամանագրով՝ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշաններով: Պարգևատրվել է նաև «Իմ Հադրութ» ՀԲՀԿ-ի կողմից՝ «Թևան Ստեփանյան» մեդալով: Հուղարկավորված է Կոտայքի մարզի հայրենի Նոր Գեղիի գերեզմանատանը՝ պապիկի կողքին:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular